Մեկնաբանություն

10.02.2015 19:50


Սերժ Սարգսյանի նահանջի ուղին

Սերժ Սարգսյանի նահանջի ուղին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին» առաջին արձագանքներից մեկը եղավ ԲՀԿ–ական Արտակ Խաչատրյանի դեմ բռնությունը: Դեպքից հետո իշխանությունները որևիցե լուրջ քայլ չեն ձեռնարկել միջադեպը բացահայտելու համար, որի պատճառով էլ ամբողջ պատասխանատվությունը մնում է իշխանությունների վրա:

Եթե խանութից ձու գողանալու դեպքում ոստիկանությունը շատ արագ կարողանում է բացահայտել գողին, իսկ օրը ցերեկով տեսախցիկներով լեցուն փողոցից մարդու առևանգումը չի բացահայտվում, ապա դա նշանակում է, որ ամենաբարձր մակարդակում իշխանությունը մասնակցություն ունի Արտակ Խաչատրյանի հանդեպ կատարված հանցագործությունում: Կամ էլ իշխանությունն ունակ չէ կատարել իր հիմնական գործառույթները և զբաղված է բացառապես մասնավոր շահի հետապնդմամբ։

Խորհրդաժողովից հետո ՀՀԿ-ի մեդիա դեմքերը հայտարարեցին, որ այնտեղ հնչեցված քաղաքական ելույթներին կպատասխանեն իրենց ԳՄ-ի նիստից հետո, սակայն երեկ՝ փետրվարի 9-ին, ԳՄ-ի նիստից հետո որևիցե պատասխան չի եղել խորհրդաժողովում հնչեցված տեքստերին:

Սա հիշեցնում է անցած տարվա ապրիլը, երբ Սերժ Սարգսյանը ոչիշխանական ուժերի ճնշման տակ հայտնվել էր փակուղային վիճակում, և Տիգրան Սարգսյանին զոհաբերելուց հետո ԳՄ-ի նիստ հրավիրեց վարչապետ նշանակելու նպատակով, սակայն հետաձգեց նշանակումը, որովհետև չէր կարողանում իր ուզածին հասնել, և որովհետև նույն պահին «եռյակի» առաջնորդները հանդիպում էին, ու նա չգիտեր, թե ինչ որոշում է կայացվելու այնտեղ։

Հետաքրքիր է, որ երեկ «եռյակը» հայտարարեց, որ առաջնորդների մակարդակով փետրվարի 15-ին հանդիպում է կազմակերպելու, որը ևս իր ազդեցությունն է ունեցել քաղաքական դաշտի վրա:

Ի դեպ, ոչիշխանական ուժերի ձևավորումից հետո Սերժ Սարգսյանը շարունակական նահանջի է դիմում իր քաղաքական քայլերում: Նրանց ճնշման ներքո Սերժ Սարգսյանն առաջին նահանջը կատարեց, երբ «հրաժարեցրեց» Տիգրան Սարգսյանին շուրջօրյա հանրահավաքներից խուսափելու համար:

Այնուհետև ոչ իշխանական ուժերը 12–կետանոց պահանջ ներկայացրեցին Կառավարությանը, որով փորձում էին պաշտպանել հանրային լայն շերտերի շահերը: Իշխանությունը մերժեց այդ պահանջները և չլուծեց այդ կետերում նշված խնդիրները: Դրան հետևեցին հոկտեմբերի 10-ի և 24-ի հանրահավաքները: Առաջին իսկ հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանն իր մամուլի խոսնակի միջոցով հայտարարեց, որ հետաձգում է սահմանադրական փոփոխությունների մեկնարկը: Այս քայլը ցույց տվեց, որ ՀՀԿ ղեկավարն իր համար ամենակարևոր հարցերում գնում է զիջումների, եթե համապատասխան ճնշում կա:

Ոչիշխանական ուժերի ճնշման արդյունքում անցած տարի՝ նոյեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջարկել է Կառավարությանը մեկ անգամ ևս քննարկել 12 կետերում նշված պահանջները: Փաստացի, Կառավարությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, մեկ անգամ մերժելուց հետո քաղաքական ճնշումների արդյունքում ստիպված հայտարարեց, որ պատրաստ են վերանայել այդ պահանջները:

Այս պահին պետք է արձանագրել, որ Սարգսյանը սպառել է իր բոլոր ռեսուրսները, ու անցել է պայքարի ուժային տարբերակին, սակայն անհրաժեշտ է նաև արձանագրել, որ դրանով Սարգսյանն ակամայից մոբիլիզացրել է հանրությանը և քաղաքական ուժերին համաժողովրդական շարժման շուրջ, որի արդյունքում ավելի թուլացան Սարգսյանի դիրքերը: Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանին մնում է պատրաստվել անցնցում իշխանափոխության. հակառակ դեպքում պետք է աչքի առաջ ունենա Մուբարաքի, Քադդաֆիի և Յանուկովիչի կյանքի ուղին:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը