Մեկնաբանություն

10.02.2015 13:50


ՀՀԿ–ն որոշում կայացրեց որոշում կայացնելու մասին

ՀՀԿ–ն որոշում կայացրեց որոշում կայացնելու մասին

Փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդաժողովից հետո իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարեցին, որ խորհրդաժողովում ԲՀԿ առաջնորդի ելույթը կքննարկեն ՀՀԿ ԳՄ նիստում, եւ հանդես կգան հայտարարությամբ:

Սակայն մինչ այդ, ինչպես հայտնի է արձանագրվեց առեւանգման եւ դաժան ծեծուջարդի փաստ: Խոսքը «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ կատարվածի մասին է։ Նա այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Հայտնի է նաեւ այս խայտառակ դեպքի կապակցությամբ ԲՀԿ քաղխորհրդի տարածած հայտարարությունը, որով քաղխորհուրդը երկրում առկա գանգստերական մթնոլորտի մեղավոր ու պատասխանատու է համարում ՀՀ քաղաքական ղեկավարությանը: Բացի այդ, ԲՀԿ քաղխորհուրդը առաջարկում է ԲՀԿ ԱԺ խմբակցությանը մինչև դեպքի լիակատար բացահայտումը, մինչեւ մեղավորներին պատժելը քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը:

Եվ միայն այս իրադարձություններից հետո, այսինքն՝ փետրվարի 5-ից չորս օր անց միայն, երեկ երեկոյան ՀՀԿ-ն անցկացրեց իր Գործադիր մարմնի նիստը:

Նիստից հետո պարզվեց՝ ՀՀԿ վերնախավը հավաքվել ու երկու ժամ քննարկել է հարցը, թե երբ են հրավիրելու հաջորդ նիստը: Այս անգամ արդեն՝ ՀՀԿ խորհրդի նիստը:

Այլապես, ինչպե՞ս հասկանալ երեկվա նիստից հետո լրագրողների հարցերին ՀՀԿ մամլո խոսնակի տված լղոզված պատասխանները:

«Անդրադարձել ենք ՀՀ ներքաղաքական կյանքի բոլոր կարևորագույն հարցերին: Մեզ համար արժանի են բոլոր այն ելույթները, որոնք հուզում են մեր հասարակությանը: Մենք քննարկել ենք ոչ միայն առանձին ելույթներ, այլ ՀՀ-ում առկա բոլոր լուծումները: Իսկ լուծումները կառաջարկենք հինգշաբթի»,- ի պատասխան հարցին՝ քննարկե՞լ են արդյոք Գագիկ Ծառուկյանի ելույթը, երեկվա նիստից հետո հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է նաև՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հստակեցումներ արվեն, Շարմազանովը դրական պատասխան է տվել: Հարցին՝ կադրային փոփոխությունների հարցեր քննարկվելո՞ւ են, Շարմազանովը պատասխանել է, որ նման հարց չի քննարկվել: Հստակեցմանը՝ օրինակ՝ ոստիկանապետի հարցը, պարոն Շարմազանովը պատասխանել է. «Եթե ՀՀ-ում մի քանի պրոֆեսիոնալ պաշտոնյա կա, ապա մեկը Վովա Գասպարյանն է»:

Դե, այս վերջին գնահատականը ամենազավեշտականն է: Երկրում մոլեգնում են բռնարարքները, արյունոտ հաշվեհարդարները, ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը պահպանվում եւ ամրապնդվում է, ու այս ամենի համապատկերին պարզվում է, որ ոստիկանապետը պրոֆեսիոնալներից մեկն է։ Բայց սրա մասին չէ խոսքը, այլ այն մասին, թե ինչպես կարող է իշխող ուժը ավելի քան երկու ժամ ներքաղաքական հարցեր քննարկել, սակայն դրանց վերաբերյալ որոշումները, լուծումներն ու «քվեարկությունները» հետաձգել եւ դրանց մասին հայտարարել հինգշաբթի նախատեսված ՀՀԿ խորհրդի նիստում:

Ի դեպ, վերջին անգամ ՀՀԿ-ն խորհրդի նիստ հրավիրել է անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին, երբ Մելիք-Ադամյանի գրասենյակում ԳՄ նիստն անելուց հետո տեղափոխվեցին Կառավարության նիստերի դահլիճ, եւ այնտեղ անցկացրին խորհրդի նիստը: Այդ օրը Սերժ Սարգսյանն իր ելույթում ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հրահանգեց չբացակայել ԱԺ նիստերից, խորհրդարանը դիտարկել որպես խրամատ, իսկ իրենց՝ զինվորներ, որոնք պետք է ճիշտ ժամանակին կրակեն:

Այդ օրը ՀՀԿ առաջնորդը չմոռացավ նաեւ սահմանադրական փոփոխությունների հակառակորդներին եւ անդրադառնալով վերջիններիս դիրքորոշմանը՝ հայտարարեց. «Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ: Եվ ընդհանրապես, լուրջ բանավեճի ժամանակ արդյոք այդպիսի ձևակերպումը կարո՞ղ է լինել փաստարկ: Դա փաստարկ չէ»:

Հետագա ամիսներին ակնհայտ դարձավ, որ խրամատից ու զինվորներից բան չի մնացել, իսկ սահմանադրական փոփոխոթյուններին դեմ հադես եկող ոչիշխանական ուժերը հազար ու մի փաստարկներով ապացուցել են, որ ՀՀԿ առաջնորդի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը բացառապես միտված է սեփական իշխանության վերարտադրությանը և «գենսեկական» համակարգին անցնելուն:

Եվ այդ հարցում նրանք իրենց դիրքորոշումը վերահաստատեցին փետրվարի 5-ի խորհրդաժողովում:

Ինչեւէ, առաջիկա հինգշաբթին ցույց կտա, թե իր դաշտում հայտնված գնդակը իշխանությունը որ ուղղությամբ կգլորի: Եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը որոշում կայացնի սահմանադրական փոփոխությունների իրականացման համար հանրաքվե անցկացնելու օգտին, դա հավասարազոր կլինի սեփական դարպասը գոլ խփելուն, քանի որ այդ օրը կդառնա նրան անվստահություն հայտնելու օր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը