Լրահոս

06.10.2009 15:56


Թուրքիայում խիստ միջոցներ են ձեռնարկվել Հայաստանի և Թուրքիայի հավաքականների խաղն ապահովելու համար

Թուրքական «Զաման»-ը գրում է, որ 2010 թվականի աշխարհի առաջնության հոկտեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները արդեն ավարտվում են։ Առավել խստացված անվտանգության միջոցները ձեռնարկվել են հանդիպման ընթացքում հնարավոր միջադեպերը կանխելու համար։ Ոչ մի լրացուցիչ իր, անգամ առաջին անհրաժեշտության փաթեթներ, մարզադաշտ մտցնել չի թույլատրվելու, բացի ազգային դրոշներից և պաստառներից։ «Զաման»-ի հաղորդմամբ՝ այս միջոցները ձեռք են առնվել այն դեպքում, երբ պաշտոնապես դեռ չի հաստատվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը խաղին։

Մասնավոր լրատվական գործակալություններին Բուրսայի քաղաքապետ Şahabettin Harput-ը ասել է, որ խաղը կարևոր է երկրի իմիջի համար։ «Մենք կլինենք մեծ քանակությամբ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, իսկ արդյունքները շրջադարձային կլինեն երկու երկրների համար»,-ասել է նա, ապա հայտարարել, որ իրենք մեծ ջանք են գործադրում հանդիպման ժամանակ հնարավոր պրովոկացիոն կարգախոսներից խուսափելու համար։ Քաղաքապետը նշել է, որ իրենք համագործակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների հետ կանխավ լարված մթնոլորտը թուլացնելու համար։

Պարբերականը գրում է, որ քաղաքը պատրաստվում է հյուրընկալության քննությանը հանձնել ամենայն պատասխանատվությամբ և ֆուտբոլային ֆան-ակումբներն անգամ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է, որ իրենք նացիոնալիստներ կամ ֆաշիստներ չեն, և հայ ֆուտբոլասերները կարող են գալ ու փորձել Բուրսայի հյուրընկալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը