Հարցազրույց

09.02.2015 12:01


«Նաիրիտի» մամուլի խոսնակ. «Խնդիրը «երբ»-ն է»

«Նաիրիտի» մամուլի խոսնակ. «Խնդիրը «երբ»-ն է»

Հարցազրույց «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ

–Փետրվարի 6-ին «Նաիրիտ» ՓԲԸ 1700 աշխատակից կրճատվեց: Ի՞նչ են պատրաստվում անել այդ մարդիկ, ինչպե՞ս են պահպանելու իրենց և իրենց ընտանիքի գոյությունը։

–Փետրվարի 25-ին, ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, բոլոր նաիրիտցիներին՝ աշխատանքից ազատված և աշխատանքը շարունակող, կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ: Սա որոշակիորեն, բայց՝ կարճ ժամանակով, կմեղմի նաիրիտցիների սոցիալական վիճակը։

–Բայց բողոքի նոր գործողություններ սպասվո՞ւմ են:

–Բողոքի գործողությունների վերսկսումը կախված է այն պատասխանից, որը նաիրիտցիները կստանան՝ ի պատասխան իրենց նամակի: Նամակով Կառավարությանն առաջարկվում է ներկայացնել աշխատավարձի պարտքի մարման հստակ ժամանակացույց` ընդգրկելով 6–ամսյա ժամկետ:

–Մինչ այս էլ իշխանության ներկայացուցիչները շարունակ վստահեցնում էին, որ կկարգավորեն «Նաիրիտի» խնդիրը, կվճարեն աշխատավարձերը։ Կարելի՞ է համարել, որ այս կրճատումներով իշխանությունը «ձեռքերը լվաց» այս գործարանից:

–Այս հարցը, կարծում եմ, պետք է Կառավարությանն ուղղվի: Դատելով նախարարի հավաստիացումներից՝ ենթադրում ենք, որ աշխատավարձի պարտքն, այնուամենայնիվ, կմարվի: Խնդիրը «երբ»-ն է։

–Լավ, ի վերջո, ո՞ւմ մեղավորությունն էր, որ «Նաիրիտը» հասավ այս ճգնաժամային վիճակին:

–Մեղավորներ պետք է փնտրի ու գտնի երկրի 3-րդ իշխանությունը` իրավապահ համակարգը:

Օրինակ՝ հատկապես շրջանառվում է ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ ՀՀում ԱՄՆ դեսպան Տիգրան Սարգսյանի անունը։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է նրա մեղավորության չափաբաժինը:

–Առանց մեկնաբանության:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը