Մեկնաբանություն

09.02.2015 00:03


Արտահերթ ընտրությունների հրամայականը

Արտահերթ ընտրությունների հրամայականը

Հայաստանի կառավարման համակարգը մտել է խոր ճգնաժամի մեջ: Անցած տարի դեկտեմբերի սկզբից սկսած՝ շոկային իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, որը շարունակվում է մինչև այսօր:

Նախ՝ ֆինանսական շուկայում ճգնաժամ սկսվեց, որի պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն էր: Այնուհետև սահմանին իրավիճակը թեժացավ, որից հետո տեղի ունեցավ Գյումրիի սպանդը, դրան հետևեցին քաղաքացիական ակտիվիստների հանդեպ ճնշումն ու ուժի կիրառումը, ինչպես նաև՝ Արցախում ոստիկանության կողմից Նախախորհրդարանի հանդեպ ուժի կիրառումը:

Փաստացի, երկու ամսից ավելի է՝ հանրությունն ապրում է շոկային վիճակում: Սա նշանակում է, որ ամբողջ կառավարման համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ։

Իշխանությունը կամ անմիջական մասնակցություն է ունենում ճգնաժամերի ստեղծման մեջ, կամ էլ համապատասխան ձևով չի կարողանում արձագանքել ստեղծված իրավիճակին: Արդյունքում՝ հանրությունը մտել է երկարատև շոկային շրջան, որը խորանալու դեպքում Հայաստանը կկանգնի անդառնալի կորուստների առաջ:

Համակարգի ճգնաժամի պատճառները պետք է փնտրել Բաղրամյան 26 հասցեում:

2008թ. Սերժ Սարգսյանը, պաշտոնը զբաղեցնելուց հետո, սկսեց ձևափոխել Հայաստանի կառավարման մոդելը, որի հիմնական նպատակն էր կենտրոնացնել երկրի ֆինանսատնտեսական ամբողջ ռեսուրսը մեկ մարդու ձեռքում:

Այդ նպատակին հասնելու համար նա ինտենսիվ կերպով սկսեց օգտագործել պետական ինստիտուտները: Նախ՝ նա թիրախ դարձրեց միջին խավը: Տիգրան Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում կեսկատակ–կեսլուրջ ասել էր, որ միջին խավը պետք է արտագաղթի, քանի որ մնալու դեպքում կարող է հեղափոխություն անել: Քանի որ միջին խավը կազմակերպված չէր, Սերժ Սարգսյանը շատ հեշտ ձևով կարողացավ հաղթանակ տանել վերջինիս նկատմամբ: Այդ հաղթանակի արդյունքը եղավ այն, որ միջին խավը հիմնականում արտագաղթեց։

Սերժ Սարգսյանը նաև հարձակում սկսեց խոշոր կապիտալն իր ձեռքում կուտակած խավի վրա: Նա փորձում է կուլակաթափության միջոցով տիրանալ երկրի ամբողջ կապիտալին, որն էլ թույլ կտա նրան սահմանադրական և այլ փոփոխությունների միջոցով ցմահ ղեկավարել Հայաստանը: Նման քայլերը կամայական չեն, այլ նպատակաուղղված վարքագիծ՝ ընտրված մոդելի շրջանակներում:

Եթե միջին խավի մեծ մասն արտագաղթեց, ապա կապիտալն իր ձեռքում կուտակած խավը նույն քայլին չդիմեց, որովհետև կապիտալի հետ արտագաղթելն ավելի դժվար է: Այդ իսկ պատճառով այդ խավն սկսեց ելքեր որոնել: Ոչիշխանական ուժերի ձևավորումը հենց դրա արդյունքն է:

Ոչիշխանական ուժերի շահերը համընկնում են, քանի որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը վտանգ է ներկայացնում բոլորի համար:

Ընտրված համակարգը փլուզվում է հենց Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, քանի որ այդ համակարգը մոբիլիզացրեց բոլորին ընդդեմ Սերժ Սարգսյանի: Դրան նպաստեց նաև սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը խոր հակասություններ ստեղծեց Սերժ Սարգսյանի ու քաղաքական ուժերի միջև:

Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ ղեկավարել երկիրը մինչև կյանքի վերջ, ինչպես նաև այդ նպատակին հասնելու համար փորձը՝ կենտրոնացնել տնտեսական ամբողջ ռեսուրսն իր ձեռքում, հանգեցրել են խոր համակարգային ճգնաժամի: Դեկտեմբերից սկսված շոկային ճգնաժամը շարունակական է լինելու, որովհետև դա ոչ թե կոնկրետ իրադարձության հետ է կապված, այլ Հայաստանի կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է մտել, որն ուղղորդվում է շոկերով:

Ճգնաժամը հաղթահարելու միակ տարբերակը պատճառների վերացումն ու համակարգային փոփոխությունն է: Համակարգային հանգիստ և անցնցում փոփոխության տարբերակն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են. հակառակ դեպքում ճգնաժամի խորացումն ավերիչ կլինի Հայաստանի համար:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը