Մեկնաբանություն

08.02.2015 23:45


Իշխանության զինանոցը՝ պատերազմի սպառնալիք. 100–ամյակ և բռնություններ

Իշխանության զինանոցը՝ պատերազմի սպառնալիք. 100–ամյակ և բռնություններ

Ակնհայտ է, որ «անհաղթ աքլորի» կեցվածք ընդունած իշխանությունը փետրվարի 5-ից հետո կորցրել է ախորժակը, նրա մոտ նյարդերի եւ իմունիտետի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել եւ, ընդհանրապես, հայտնվել է բարձր ջերմության մեջ:

Մի խոսքով, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովն ու այնտեղ հնչած ԲՀԿ առաջնորդի ելույթն իշխանությունը շատ ծանր է տանում:

Ծառուկյանն անցած շրջանում տարբեր առիթներով ելույթներ ունեցել է, հարցազրույցներ է տվել: Չգիտես՝ ինչու, նախկինում նրա ելույթներն ու հարցազրույցներն այն աստիճան «բշտիկներ» չառաջացրին իշխանության «մարմնի» վրա, ինչպես դա նկատելի դարձավ փետրվարի 5-ից հետո:

Խորհրդաժողովում Ծառուկյանի հրապարակած ուղերձներն ու վերջնագրային տոնն այնպես նյարդայնացրին իշխանությանը եւ անձամբ Սերժ Սարգսյանին, որ որոշեցին այդ ելույթը քննարկել ՀՀԿ ԳՄ նիստում, եւ ինչպես Գալուստ Սահակյանի ֆեյքն է ասում՝ «քաղաքական արձագանք» տալ դրան:

Եթե այդ ելույթը սովորական, ոչինչ չասող, հերթական ելույթ լիներ, ապա իշխանությունն ինչո՞ւ պետք է այն քննարկման առարկա դարձներ կուսակցության բարձրագույն մարմնի նիստում: Այնպես որ, մինչ հրավիրվելիք նիստը՝ այդ ելույթի դեմ արձակած իրենց ծղրտոցնելով որոշ հանրապետականներ ընդամենը մատնում են այն անհանգստությունն ու տագնապը, որ նկատվում է իշխանության ներսում խորհրդաժողովից եւ Ծառուկյանի ելույթից հետո:

Այդպես չի լինում, որ մի կողմից որոշում կայացնեն հարցն իրենց նիստում քննարկելու մասին, իսկ մյուս կողմից էլ՝ չհամբերեն, ու մինչեւ նիստի օրը մի երկու «խայթոցով» տատանեն օդը:

Ի դեպ, «Ֆեյսբուքում» «Գայլուստ Քրքրիչ» անունով մի ֆեյք կա, կարո՞ղ է՝ նա է գրել ՀՀԿ փոխնախագահի արձագանք-տեքստը:

Ուշագրավ է եւ այն, որ մինչեւ ՀՀԿ ԳՄ նիստի օրը՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարեց, թե սահմանին «դանդաղ պատերազմ է ընթանում»:

Անցյալ տարվա օգոստոսին, այնուհետ՝ հոկտեմբերին (թշնամու կողմից մեր ուղղաթիռի խոցումը), այս տարվա հունվարի սկզբին, երբ սահմաններում իրավիճակը կիսապատերազմական էր, եւ ամեն օր զինվոր էինք կորցնում, երբեմն՝ օրական երկու զինվոր, չգիտես՝ ինչու, չէր հայտարարվում, թե «դանդաղ պատերազմ է ընթանում»:

Փետրվարի 5-ից առաջ եւ հետո, երբ սահմաններում համեմատաբար խաղաղ է, իշխանությունը հանկարծ հիշեց «դանդաղ պատերազմի» մասին:

Մյուս կողմից էլ՝ ողջ 2015-ն են հռչակել «Ցեղասպանության 100-ամյակ» ու ամեն օր հիշեցնում են այդ մասին, նաեւ՝ այն մասին, որ սահմաններում վտանգավոր պահերին կամ սգի տարում ժողովուրդը միշտ համախմբվում է, եւ «ազգային միասնություն» է արձանագրվում այդպիսի դեպքերում:

Այսինքն, լսելով համաժողովրդական շարժման կողմից նախատեսված խոշոր հանրահավաքների մասին, իշխանությունն արդեն սկսել է ժողովրդի գլխին «նատացիա» կարդալ, թե նման իրավիճակներում պետք չէ մասնակից դառնալ ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացներին:

Այն, որ 2008-ից հետո մինչ օրս նույն իշխանությունն իր վարած արտաքին եւ ներքին խայտառակ քաղաքականությամբ վտանգել է երկրի անվտանգությունը, փլուզել է տնտեսությունը եւ դեմոգրաֆիական աղետի առաջ կանգնեցրել երկիրը, դրանք վտանգավոր զարգացումներ չեն: Ու պետք է ժողովուրդն էլի համբերի, դարձյալ շարունակի գետնաքարշ գոյությունը մինչեւ «էշի զատիկը»:

Պարզ է, թե նման «ագիտացիայով» ինչ խնդիր է փորձում լուծել Սերժ Սարգսյանը:

Եթե շարժումը հզորանա, ու ժողովրդի մեծ մասը փողոցներից ու հրապարակներից տուն չգնա, ապա ինքը չի կարողանա սեփական վերարտադրությանը միտված սահմանադրական փոփոխությունների գործընթացն ավարտին հասցնել: Այդ պատճառով էլ սկսել են մեզ պատերազմով ու «100-ամյակ»-ով վախեցնել ու զսպել:

Սակայն Արտակ Խաչատրյանի առեւանգման ու խոշտանգման փաստի հետ կապված՝ ԲՀԿ քաղխորհուրդն իր տարածած հայտարարությամբ վերահաստատում է համաժողովրդական ընդվզում իրականացնելու իր դիրքորոշումը։

«Կոչ ենք անում գրասենյակների ներկայացուցիչներին և մեր ակտիվիստներին կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար»-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Բացի այդ, ԲՀԿ քաղխորհուրդը առաջարկում է ԲՀԿ ԱԺ խմբակցությանը մինչև դեպքի լիակատար բացահայտումը, մինչեւ մեղավորներին պատժելը քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը:

Ուրեմն, ընդվզում եւ բոյկոտ:

Այս ամենին ինչպես է արձագանքելու ՀՀԿ-ն իր նիստում՝ շուտով կիմանանք:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը