Մեկնաբանություն

08.02.2015 11:35


«Վերջի բոլշևիկի» վերջին փաստարկը և մեր անելիքը

«Վերջի բոլշևիկի» վերջին փաստարկը և մեր անելիքը

Որքան էլ փորձեցին Սերժ Սարգսյանից արևմտամետի, ազատամիտի, առաջադեմի և հանդուրժողի կերպար ստեղծել, չստացվեց։

Չստացվեց, քանի որ ինչքան էլ փող ծախսես քեզ կցված լրատվամիջոցների և քաղաքական հաճախորդների վրա, միևնույն է արհեստական բանը չի աշխատում։

Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել «Մարտի 1»–ի և 10 զոհերի գնով։ Եվ հետևաբար՝ ծիծաղելի է նրան «չար օլիգարխների ձեռքը կրակն ընկած բարի մարդ» և «չարյաց փոքրագույն» ներկայացնելը։

ՀՀԿ ներկայիս ղեկավարը չարյաց մեծագույնն է և ՀՀ թիվ մեկ օլիգարխը։ Նա բռնությամբ է եկել Բաղրամյան 26 և բռնությամբ էլ պահում է նախագահի աթոռը։

Քաղաքագիտական կանոններն ու աշխարհի փորձը ցույց են տալիս, որ բռնությամբ եկողը բռնությամբ էլ գնում է, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ Սերժ Սարգսյանի սիրելի մեթոդին հակադրենք քաղաքական կոդը և նրան պաշտոնազրկենք առանց բռնությունների (եթե նա հակառակն ուզենա, ապա մեղքն իր վիզը)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ վիճակում է այժմ Հայաստանը, Սարգսյանին «ա լյա Քադաֆի» հեռացնելը սխալ է, բայց դատելով ամենից՝ Սերժն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ իր միակ փաստարկը բռնությունն է միայն բիրտ ուժի դեմ նա կընկրկի։ Իսկ դա նշանակում է, որ պետք է հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց և սկսել իշխանափոխության գործընթաց։ Որքան շատ մարդ հավաքվի, այնքան բռնությունների հավանականությունը կփոքրանա։

Սարգսյանը կարող է Երանոսյանի միջոցով ազատամարտիկներին կանչել ու նրանց վրա «քսի» տալ շնագայլերին։ Նա կարող է նաև ավտոմեքենաների ապակի կոտրելու «դաբրո» տալ։ Սակայն ամբողջ հայ ժողովրդին չի կարող գնդակահարել։ Դա ինքն էլ գիտի ու դրա համար էլ յուրօրինակ մարտավարություն է որդեգրել։

Հիմա մեզ մոտ բռնությունների շարք է սկսվել։ Դա «Վերջի բոլշևիկի» վերջին փաստարկն է, թե ինչու կարող է ինքը մնալ աթոռին ու դեռ մի բան էլ սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվել։ Բերձորից մինչև Երևան, Գյումրիից մինչև Սյունիք նա ուժային ստուգատես է անցկացնում՝ իրեն շրջապատելով տարատեսակ լիսկաներով և երանոսյանլյովաներով։

Բռնությունների կիրառման նպատակը մարդկանց վախեցնելն է, և այդ վախի մթնոլորտը տարածելու համար «Վերջի բոլշևիկը» ցույց տվեց, որ պատրաստ է անգամ հայաստանցի–ղարաբաղցի հակապետական կոդը տարածել և «փուռը» տալ Ղարաբաղի իշխանություններին էլ, Ղարաբաղն էլ և ի վերջո Հայաստանն էլ։

Բռնությունը, կրկնեմ, մնացել է ՀՀԿ ղեկավարի վերջին փաստարկը։

Երեկ էլ օրը ցերեկով առևանգեցին, խոշտանգեցին ու իր տան դիմաց նետեցին հասարակական ակտիվությամբ աչքի ընկած ձեռներեց Արտակ Խաչատրյանին։ Միայն անմեղսունակները կարող են հավատալ, որ դիմակավորված անձինքն անկաշկանդ գործել են՝ չլինելով իշխանության ամենաբարձր հովանու ներքո։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հեռավոր գյուղում մեկը մի ձու է գողանում գիշերով, միանգամից հայտնաբերում են դեռ դեպքի վայրից չհեռացած, իսկ ահա Երևանի կենտրոնում դիմակավորված մարդիկ ազատորեն հարձակում են գործում ու ոչ մի կերպ չեն հայտնաբերվում։ Մի խոսքով, իշխանությունն է այս ամենի կազմակերպիչն ու պատասխանատուն։

Եվ ուրեմն, պատասխանը պետք է լինի անհամարժեք, այսինքն՝ քաղաքական։ Բանդային պետք է հակադրել կազմակերպված քաղաքական դիմադրությունը՝ Համաժողովրդական շարժման միջոցով։

Սերժը ռեսուրս ունի առանձին–առանձին մարդկանց վրա դիմակավորված հրոսակախումբ ուղարկել, բայց չի կարող բռնություն կիրառել, եթե Համաժողովրդական շարժումը հսկայական զանգվածներ հանի փողոց։ ՀՀԿ ղեկավարն, իհարկե, նոր «Մարտի 1» կուզենա անել, բայց եթե հանրային մոբիլիզացիան մեծ եղավ, ապա ուժի կիրառման հնարավորություն չի լինի, քանզի կրակելու հրամանը չի կատարվի։

Հայաստանի վրա հարձակվում են երկու կողմից՝ Ադրբեջանը սահմաններն է ռմբակոծում ու իր տան բակում սպանում ՀՀ քաղաքացուն, իսկ իշխանությունները սեփական տան բակից առևանգում են ՀՀ քաղաքացուն և անգիտակից վիճակում շպրտում փողոց։

Եվ ուրեմն, քաղաքական գործընթացները պետք է մտցնել ակտիվ հրապարակային պայքարի դաշտ և տանել կոշտ քաղաքական պայքար, թե չէ սրանք գլխակերությամբ են զբաղվելու ամեն օր ու ամենքիս հետ։

«Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի». սա՛ պետք է լինի բոլորիս կարգախոսը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Բռնությունը մշտապես ուղեկցել է Սերժ Սարգսյանին։ Բռնություններից նա մշտապես շահել է։ Օրինակ՝ 1999թ. հոկտեմբերի 27–ից առաջ նա շնորհազրկված սուպերնախարար էր դարձել, քանզի Վազգեն Սարգսյանը նրան զրկել էր ՆԳՆ և ԱԱ միավորված ուժային կառույցների ղեկավարի պաշտոնից։ Հոկտեմբերի 27–ից հետո, սակայն, Սերժ Սարգսյանը դարձավ մեր երկրի դե ֆակտո երկրորդ դեմքը, այսինքն՝ շահեց բռնությունից։

Ի դեպ, Գալուստ Սահակյանն ու մյուս կարկառուն ՀՀԿ–ականներն այն օրերին պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց դա չի խանգարում, որ հիմա նույն այդ մարդիկ պահանջեն, որպեսզի Սերժը գնա իր պաշտոնավարման երրորդ «սռոկին»՝ «գենսեկի» կարգավիճակով։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27–ին տեղի ունեցածին, ապա մենք չենք պնդում, որ հենց Սերժ Սարգսյանն է կազմակերպել Վազգենի ու մյուսների սպանությունը։ Ս. Սարգսյանի մեղքն այն է, որ նա որպես այն ժամանակվա ԱԱԾ ղեկավար չի կանխել այդ ոճրագործությունը, մինչդեռ ի պաշտոնե պարտավոր էր։

«Վերջի բոլշևիկը» հոկտեմբերի 27–ի արդյունքում շահեց, կարիերային աճ ունեցավ և բարելավեց իր դիրքերն իշխանական բուրգում ճիշտ այնպես, ինչպես 2008թ. մարտի 1–ի արդյունքում շահեց ու կարիերային աճ ունեցավ։

Բռնություններից նա շահել է, բայց ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։

Այս խորագրի վերջին նյութերը