Մեկնաբանություն

08.02.2015 10:20


Կարճ հիշողություն=կարճ կյանք

Կարճ հիշողություն=կարճ կյանք

Համընդհանուր մոլորության կա, որ բնության մեջ ամենակարճ հիշողությունը ձկներն ունեն։ Մասնավորապես, նշվում է, թե ոսկե ձկնիկի հիշողությունը 3 վայրկյան է ձգում։ Փորձերի միջոցով, սակայն, դա հերքվել է։

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ամենակարճ հիշողությունը միջատներն ունեն։ Սա ուշագրավ է նրանով, որ բնության մեջ ամենակարճ կյանքն էլ միջատներն ունեն։ Ստացվում է, որ կարճ հիշողությունն ու կարճ կյանքն ուղիղ համեմատական են։

Եթե պարզվի, որ դա իսկապես այդպես է, կնշանակի՝ այս բանաձևը կիրառելի է բնության և հասարակության բոլոր դրսևորումների համար։ Օրինակ՝ իշխանության։

Վերցնենք Հայաստանի գործող իշխանությունը։ Նրա հիշողությունն անընդհատ թարմացման կարիք ունի։ Օրինակներ՝ ինչքան ուզեք. մեր իշխանությունը, իրեն հատուկ ոճով, հայտարարում էր, թե մոտ ապագայում հայ–թուրքական սահմանը բացվելու է, սակայն կարճ ժամանակ անց հայ–թուրքական «մերձեցման երեկոն» նախաձեռնողը գրողի ծոցն է ուղարկում ստորագրված հայ–թուրքական արձանագրությունները (գրողի ծոցն է ուղարկեում զուտ խոսքերով, քանզի արձանագրությունների վրա մնում է պաշտոնական Երևանի ստորագրությունը և այդ արձանագրությունները մնում են ԱԺ–ում)։

Կամ ասում էին. «Մեզ ո՞վ կարող է ստիպել մտնել ԵՏՄ. մենք միանշանակ գնում ենք դեպի ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրում», բայց մեկ օրում հայտնվեցին ԵՏՄ–ի գրկում։

Հայտարարում էին հազարավոր նոր աշխատատեղերի բացման մասին, բայց միայն երեկ 1700 նաիրիտցի դարձավ գործազուրկ։

Խոսում էին «Հայկական աշխարհի» կառուցման մասին, բայց 300 հազարից ավելի հայաստանցու ստիպեցին լքել երկիրը...

Մի խոսքով, կարճ է, շա՜տ կարճ է Հայաստանի գործող իշխանության հիշողությունը։ Փաստերն անվերջ կարելի է դեմները դնել։ Նշանակում է՝ կարճ պետք է լինի նաև նրա քաղաքական կյանքը։ Բայց, արի ու տես, որ Հայաստանի գործող իշխանությունը հակառակն է փորձում անել՝ ցանկանում է վերարտադրվել։ Սա ոչ միայն պետության ու բոլորիս համար վտանգավոր ցանկություն է, այլև՝ հակաբնական։

Կարճ հիշողությամբ հնարավոր չէ երկար իշխանավարել։ Այնպես որ, սահմանադրական փոփոխությունները պետք է ուղարկել այնտեղ, որտեղ ուղարկվեցին հայ–թուրքական արձանագրությունները, բայց ոչ թե ձևականորեն (ինչպես Սարգսյանն արեց), այլ իրականում։ Իսկ հետո կերևա...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը