Մեկնաբանություն

08.02.2015 00:35


Բանդիտական Հայաստան

Բանդիտական Հայաստան

Չնայած համագումարային ամբիոնից Սերժ Սարգսյանը բոլորիս հավատացնում էր, թե հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում, սակայն թե՛ անցած տարիներին եւ թե՛ հիմա կրակոցնելով, բռնություններով ուղեկցվող հանցագործություններն ու միջադեպերը շարունակվում են: Ընդ որում, դրանց թիվը ոչ թե նվազում է, այլ ավելանում:

Օր չկա, որ անցնի առանց հանցագործությունների, ծեծուջարդի, բռնությունների մասին լուրերի:

Հանրությունը աչքը բացում ու հերթական այլանդակության մասին է լսում: Եվ բոլոր այդ հանցագործություններն իրենց բնույթով լպիրշ ու ցինիկ են: Դիտարկվում են ուղղակի ապտակ հասարակությանը:

Ինչպես այսօր իմացանք «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների դեմ ակտիվորեն պայքարող ձեռներեց, «Կասեցում» քաղաքացիական շարժման մասնակից Արտակ Խաչատրյանի առեւանգման մասին: Դիմակավորված անհայտ անձինք էին առեւանգել Արտակին, որը ժամեր անց գտնվեց իրենց տան մոտ՝ ծեծված, անգիտակից վիճակում: Եվ հիմա նա հիվանդանոցում է:

Այս փաստը վերստին ապացուցում է, որ ոչ մի պայքարող քաղաքացի երաշխավորված չէ, որ վաղը ֆիզիկական հաշվեհարդարի չի ենթարկվի:

Ու բռնություններ իրականացնողները անպատիժ չեն մնա: Այս ամենից ոչ ոք ապահովագրված չէ:

Անպատիիժ են մնում հանցագործություններ կատարած իշխանավորների զավակները, իսկ ակտիվիստները, չլռող քաղաքացիները, բողոքի ակցիաներ նախաձեռնողները, ազատամարտիկներն ու ընդդիմադիր գործիչները ծեծվում են:

Եվ վերջիններիս նկատմամբ բռնություններ գործադրած անձինք դարձյալ չեն պատժվում: Ավելին՝ իշխանությունների կողմից անթաքույց խրախուսվում են:

Ինչպես Լիսկայի տղան «պատժվեց» իր տան բակում տեղի ունեցած մարդասպանության համար, այնպես էլ «պատժվեց» նախկին նախարար, ներկա դեսպան Յուրի Վարդանանի տղան, ով մեղադրվում էր թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելու մեջ:

Ի դեպ, երեկ էլ իր «քաջագործությամբ» աչքի է ընկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին, ով Պռոշյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկու վիճաբանել է ու կրակոցներ է արձակել: Հրազենային վնասվածքով տուժած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Ճիշտ է, Մհեր Պետրոսյանը սպանության փորձ կատարելու համար ձերբակալված է, բայց դե Սյունիքի մարզպետի որդին էլ էր որպես կասկածյալ ներգրավված, բայց դե...

Ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործում ներգրավված 4 մեղադրյալներից մեկն էլ գնդապետի որդի է: Եվ դարձյալ դժվար է հավատալ, որ նա պատիժը կրելու է օրենքի ողջ խստությամբ:

Հանցանք կատարած իշխանավորների որդիներից ո՞ր մեկն է բանտ նստել, որ սրանք նստեն:

Փոխարենը բռնում ու ձերբակալում են Գյումրիի սպանդին հաջորդած օրերին տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակից երիտասարդին՝ Մնացական Ալեքսանյանին, որին, ճիշտ է, հետո բաց թողեցին, բայց Մնացականի հանդեպ դրսեւորած այս քայլով իշխանությունները հանրությանը սաստելու եւ վախեցնելու «մեսիջ» են փոխանցում:

Մեր երկրում, փաստորեն, ապահով ապրում են իրական հանցագործները, իսկ նորմալ քաղաքացիները ամեն պահի ենթակա են «սամասուդի»:

Արժե՞ ընդգծել, որ այս հանցավոր մթնոլորտի եւ անպատժելության դրվածքի թիվ մեկ մեղավորը եւ պատասխանատուն ՀՀԿ առաջնորդն է:

Երկրում կրիմինալ իրավիճակը շտկելու, բացահայտ բանդիտիզմին վերջ տալու փոխարեն, իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, լծվել է Սահմանադրությունը փոխելու գործին:

Այնինչ, իշխանության սանձարձակ դեմքը պետք է փոխել:

Պայքարը պետք է ավելի հզորացնել, այլապես որևէ մեկս ապահովագրված չենք լինի բռնություններից։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը