Մեկնաբանություն

06.02.2015 16:07


Ծառուկյանի ներկայությունն ու Սարգսյանի բացակայությունը

Ծառուկյանի ներկայությունն ու Սարգսյանի բացակայությունը

Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչիշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների և հասարակական–քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող անհատների համաժողովը բավական ներկայացուցչական էր։ Մասնակցում էին մոտ 300 հոգի։

ԲՀԿ առաջնորդն իր խոսքում անդրադարձավ երկրում առկա հիմնական խնդիրներին՝ դրանով իսկ ցույց տալով, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի և նրա թիմի, կտրված չէ իրականությունից, և խորությամբ տիրապետում է ստեղծված իրավիճակին։

Գյումրիում տեղի ունեցած, սահմաններում տիրող լարված իրավիճակի, տնտեսական դաշտում արձանագրվող բացասական երևույթների ժամանակ զգացվում է իշխանության բացակայությունը։ Իշխանությունը «չեպե»–ների ժամանակ կորում է, չկա և միայն հայտնվում է այն ժամանակ, երբ պետք է ուժ կիրառել ու աթոռը պահել։

ՀՀԿ ղեկավարը, ով նաև հանրապետության նախագահի աթոռն է զբաղեցնում, բացակայում է։ Նա ֆիզիկապես կա, բայց ոչ տեղում է, ոչ էլ՝ տարածքում։

Ծառուկյանն, ահա, հանրությանն ուղերձ է հղում, որ կա այլընտրանքային ուժ, և այդ ուժը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել՝ շատ լավ իմանալով, թե ինչ խնդիրներ կան, և ինչ լուծումներ են պետք։

ԲՀԿ առաջնորդի ուղերձները երեք հասցեատեր ունեն՝ առաջին՝ հանրությունը, երկրորդ՝ ոչիշխանական քաղաքական շրջանակները, և երրորդ՝ իշխանությունը։

Հանրությանն ու քաղաքական ուժերին նա կոչ է անում համառություն, հետևողականություն և կամք ցուցաբերել պայքարի ժամանակ, այսինքն՝ չհոգնել և չհիասթափվել։ Գլխավոր խնդիրն այս դաշտում լայն կոնսոլիդացիա ապահովելն ու նոր ընտրությունների միջոցով նոր որակի իշխանություններ ձևավորելն է՝ ընտրակեղծիքների մեքենան ջարդելու միջոցով։

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա Ծառուկյանն օգտագործել է վերջնագրային լեզուն։ Նա առաջարկում է հրաժարվել մեկ մարդու համար արվող, առանց լայն կոնսոլիդացիայի անցկացվող և իշխող նեղ խմբի վերարտադրությանը միտված սահմանադրական փոփոխություններից, վերանայել Ընտրական օրենսգիրքը և գնալ իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ, այն է՝ առանց ցնցումների քաղաքական մենաշնորհից հրաժարվելու տարբերակով։ Իսկ եթե իշխանությունները կրկին ոչ ադեկվատ վարքագիծ ցուցաբերեն, ապա համաժողովրդական շարժման օրակարգը կլինի հասնել իշխանափոխության՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Հնարավոր ցնցումների պատասխանատվությունն այդ դեպքում, բնականաբար, կընկնի իշխանության վրա։

Այլ կերպ ասած՝ Ծառուկյանն առաջարկում է իշխանություններին ներկա գտնվել սպասվող քաղաքական գործընթացներին՝ այդպիսով խուսափելով ցնցումային տարբերակներից, այլապես իշխանության բացակայությունը կարող է ծանր նստել առաջին հերթին իշխանության վրա, իսկ պետությունն էլ կհայտնվի քաոսի մեջ, ինչը պատասխանատու մարդիկ չեն ցանկանում։ Բայց քայլերի ժամանակն անսահման չէ։

Ի դեպ, անկախ այն հանգամանքից, թե ինչպես կպահի իրեն իշխանությունը, լինելու են հանրահավաքներ ինչպես մարզերում, այնպես էլ համապետական հանրահավաք՝ Երևանում։ Այսինքն, Ծառուկյանը պատրաստվում է ցանկացած սցենարի։

Բովանդակության ու ձևի առումով հանրահավաքային պայքարին, ինչպես նաև համաժողովրդական շարժման հետագա քայլերին վերաբերող հարցերն էլ կլինեն «եռյակի» առաջնորդների քննարկման առարկան։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ համաժողովի բոլոր մասնակիցների ելույթներում սահմանադրական փոփոխությունները վիժեցնելու և իշխանափոխության հասնելու խնդիրը գլխավորն էր։ Տարբեր էին այդ խնդրի լուծման մասին պատկերացումները, բայց վերջնանպատակի հարցում կար լիակատար կոնսենսուս։

Այս խորագրի վերջին նյութերը