Մեկնաբանություն

06.02.2015 10:30


Ցմահ իշխանության փոխարեն՝ ցկյանս գրասենյակ

Ցմահ իշխանության փոխարեն՝ ցկյանս գրասենյակ

Կառավարությունը պատրաստվում է Ազգայի ժողովին օրենքի նախագիծ ներկայացնել, որով առաջարկվում է պաշտոնաթող նախագահին ցկյանս գրասենյակ տրամադրել, և գործող նախագահի աշխատավարձի 80%-ի չափով կենսաթոշակ նշանակել։ Ընդ որում, գործադիրն օրենքում առաջարկվող փոփոխությունները համարել է անհետաձգելի ու սահմանված ժամկետներում այն կներկայացնի Ազգային ժողով։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատճառաբանել է այս օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, և խոսել մի ուշագրավ բանի մասին։ Նա տեղեկացրել է, որ նախագիծը մշակվել է Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ Հնարավոր է՝ զուգատիպություն էր, բայց օրենքի նախագիծը Կառավարությունը քննարկում էր հենց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ոչիշխանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական շարժումների խորհրդաժողովում առաջ էր քաշվում իշխանափոխության հարցը։

Համաժողովում հնչեցրած շեշտադրումները հստակ էին՝ Հայաստանն այսօրվա իշխանություններով այլևս առաջ գնալու տեղ չունի։ Մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, իսկ Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունները պետք է բացառվեն և խոտանվեն։

Զուգադիպությունը՝ զուգադիպություն, բայց գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում է «հավերժ» մնալ իշխանության, այսինքն՝ ցմահ։ Ու հիմա նրա իսկ հանձնարարականով առաջարկվում է պաշտոնաթող նախագահին ցկյանս գրասենյակ տրամադրել՝ իր կենսաթոշակով։

Զուգադիպությո՞ւն է։ Միգուցե։ Բայց հաստատ խորհրդանշական է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը