Մեկնաբանություն

04.02.2015 16:15


«Ճոյտն»՝ ընդդեմ «Ֆուտբոլային» դիվանագիտության

«Ճոյտն»՝ ընդդեմ «Ֆուտբոլային» դիվանագիտության

Պետությունը գործարար Հակոբ Հակոբյանի՝ «Ճոյտի» դեմ մեղադրանք է ներկայացրել հարկերից խուսափելու թեմայով։

Անմեղության կանխավարկածի շրջանակներում դեռ պետք չէ նրան որպես հանցագործ ներկայացնել, բայց դատելով ֆեյսբուքյան գրառումներից՝ «Ճոյտը» մեղավորության կանխավարկածով շուտով կարող է քաղհալածյալ դառնալ, ու ահագին հիմքեր կան դրա համար։

Ինչպես հայտնի է, «Ճոյտը» Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ՝ ֆիլմ է նկարել և սեփական դիտանկյունից ներկայացրել թուրքերի վայրագությունները։ Մինչդեռ, «Վերջի բոլշևիկը» թուրքերի մասին այլ կարծիքի է։ Համենայնդեպս, այն պահին, երբ հրահանգում էր անջատել Ծիծեռնակաբերդի լույսերը և մարզաշապկի վրայից հեռացնել Արարատը, որպեսզի դրանք չխանգարեն Գյուլին ֆուտբոլ դիտելիս։

Եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանը հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններով կասկածի տակ էր առել Հայոց ցեղասպանության հարցը՝ համաձայնելով պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկին, ապա կարող ենք պնդել, որ «Ճոյտը» ֆիլմի միջոցով դեմ է դուրս եկել «Ֆուտբոլային» դիվանագիտությանը։

Շատ է խոսվում այն մասին, որ «Ճոյտի» ֆիլմը լավը չէ, մարազմ է և այլն։ Անկեղծ ասած՝ ֆիլմը չեմ դիտել ու չեմ կարող գնահատական տալ։ Բայց մի բան կարող եմ ասել՝ եթե Սերժ Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը Ցեղասպանության հարցին անդրադառնում է միայն ձևական առումով, իսկ այդ հանձնաժողովի ստեղծած միակ «պրոդուկտը» «նեզաբուդկան» է՝ որպես լոգոտիպ, ապա ով ասես՝ կլրացնի այն բացը, որն առաջացել է պետության անգործության հետևանքով։

Ֆիլմը պետք է պետությունը պատվիրեր, ինչը չի արել, այնինչ խոսվում էր, թե հոլիվուդյան ռեժիսորների հետ են պայմանավորվում, որ Հայոց ցեղասպանության մասին նկարեն ու տարածեն աշխարհով մեկ։ Դա, փաստորեն, բլեֆ էր, և հիմա միայն «Ճոյտի» ֆիլմն է Հայաստանը ստեղծել։ Իսկ դա, թերևս, դուր չի եկել Սերժին։

Այնպես որ, վերը նշվածը հաշվի առնելով՝ «Ճոյտին» հանգիստ կարելի է ներկայացնել որպես քաղհալածյալ, ավելին՝ «Ֆուտբոլային» դիվանագիտության զոհ։

Սերժի նախագահության շրջանում ամեն ինչ այնպես է գլխիվայր շուռ եկել, որ էլ դու սուս։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը