Հարցազրույց

04.02.2015 13:01


Միքայել Մելքումյան. «Եթե ռեֆորմներին հասարակությունը չի աջակցում, դրանք չեն լինի»

Միքայել Մելքումյան. «Եթե ռեֆորմներին հասարակությունը չի աջակցում, դրանք չեն լինի»

Հարցազրույց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքույանի հետ

–Երեկ Դուք նշել էիք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը հետաձգելը քաղաքական, այլ ոչ թե տնտեսական հարց է։ Կարո՞ղ ենք փաստել, որ երկրում առկա մյուս բոլոր կարևորագույն խնդիրներն էլ քաղաքական լուծում են պահանջում։

–Տեսե՛ք. քաղաքական ինչո՞ւ եմ ասում, որովհետև այստեղ ոչ թե բովանդակությունն էր քննարկվում, այլ օրենքի կիրառման պայմանն ու հնարավորությունները։ Երբ ես հարցրեցի ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին՝ իրենք ունե՞ն լուծում, որ հետաձգում են, պարզվեց, որ չունեն այդ լուծումը։ Դրա համար եմ ես սա համարում քաղաքական. երբ օրենքը վերաբերում է հարյուր հազարավոր մարդկանց և հարյուր հազարավոր աշխատատեղերի, ես երեկ ասացի՝ դա խաղալիք չէ։ Դու պետք է նուրբ վարվես. մարդիկ մի ամիս, երկու ամիս կանգնեն՝ ոչ իրենց վարկերն են կարողանալու տալ, ոչ իրենց ընտանիքներն են կարողանալու պահել։ Կստեղծվի շատ անցանկալի, շատ վատ վիճակ։

–Երկրում առկա են բազում խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական. ի՞նչ եք կարծում՝ դրանք քաղաքակա՞ն լուծում են պահանջում, թե՞ հնարավոր է և առանց դրա։

–Այո՛, ես դրա մասին միշտ ասել եմ. մենք մտածում ենք, որ, վայ, կգա մի շատ տաղանդավոր տնտեսագետ, իրավաբան, մենեջեր ինչ–որ... Այդ բանն անցել է։ Պետք է քաղաքական կամք ունենալ, և լուծումներն ընդունելի լինեն. եթե ռեֆորմներին հասարակությունը չի աջակցում, դրանք չեն լինի, ինչպես կուտակայինը։ Կիսատ–պռատ, դրա ապագան անորոշ է։ Նույնն էլ սա է. եթե հասարակությունը, հանրությունը չի վստահում, չի աջակցում, ապագա չի ունենալու։

–Վաղը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովն է կայանալու։ Հասարակության մոտ մեծ ակնկալիքներ կան այդ կապակցությամբ։ ԲՀԿ–ն շարունակո՞ւմ է պատրաստակամ մնալ՝ անելու ամեն հնարավորը երկրում քաղաքական և այլ փոփոխությունների հասնելու համար։

–Իրավացի եք. ակնկալիքները շատ մեծ են։ Իհարկե, ԲՀԿ–ն սկզբունքային քաղաքական ուժ է։ Մեր ամբողջ այս գործելակերպը մեր ծրագրային դրույթներին համահունչ է, ինչ որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, մենք այդ վեկտորով գնում ենք. եթե մենք շեղվենք, լուրջ վարկանշային կորուստ կունենանք, բայց մենք պատասխանատվություն ունենք երկրի նկատմամբ։ Նույնը հայ–չինական համաժողովի մասին ասացի. մարդն իր հեղինակությունը դրել է, չնայած իշխանություն չի, որ Հայաստան ներդրումներ գան։ Սա ևս մեկ ապացույց է, որ կարևոր չէ՝ դու այս պահին իշխանությո՞ւն ես, թե՞ ոչ։ Դու պետք է քո պետության, քո ժողովրդի մասին մտածես, և բարձրագույն արժեքը դա է։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը