Մեկնաբանություն

04.02.2015 01:15


Հարցեր ու պատասխաններ Բերձորի միջադեպի և Արցախ–Հայաստան թեմաներով

Հարցեր ու պատասխաններ Բերձորի միջադեպի և Արցախ–Հայաստան թեմաներով

Բերձորում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում Արցախի ոստիկանությունն ուժ էր կիրառել, խոր ճգնաժամ է ստեղծել, միևնույն ժամանակ կրկին քննարկման առարկա են դարձրել մի շարք հարցեր:

Մի քանի կարևոր հարցեր կան, որոնք պատասխաններ են պահանջում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար: Նախապես նշենք, որ չենք հավակնում դրանք ներկայացնել որպես վերջնական ճշմարտություն:

Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ

Այս հարցը պետք է դիտարկել երկու ասպեկտով: Առաջինը դե յուրե ասպեկտն է։ 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ կայացրին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում, իսկ 1990թ. օգոստոսի 23-ին հրապարակվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը հիմնված էր վերոնշյալ որոշման վրա: Ըստ վերը նշված երկու փաստաթղթերի՝ Արցախը Հայաստանի մաս էր: Սակայն, ելնելով քաղաքական իրավիճակից, հետագայում՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը հռչակել անկախ պետություն: Այս պահին երկակի վիճակ է դե յուրե մասով:

Երկրորդը դե ֆակտո ասպեկտն է: Դե ֆակտո մասով միանշանակ կարելի է պնդել, որ Արցախը Հայաստանի մաս է: Նախ՝ Արցախի բյուջեի 60 տոկոսից ավելին տրամադրում է ՀՀ-ն:

Պարզ է, որ տնտեսական նման կախվածության պայմաններում անկախության մասին ցանկացած քննարկում անիմաստ է: Հետո՝ անվանգության առումով Արցախը ամբողջովին կախված է ՀՀ-ից: Անվտանգության ու տնտեսական ռեսուրսների հարցում ամբողջական կախվածությունը Հայաստանից փաստում է այն մասին, որ անկախությունը միֆ է: Անիմաստ է բացատրել, թե ինչու քաղաքականության մեջ կարևորը դե ֆակտոն է:

Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ՀՀ-ն ու ԼՂՀ-ն

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի կառավարման մոդելները մի շարք կարևոր առանձնահատկություններ ունեն:

Նախ՝ Արցախում մասնավոր սեկտորը շատ փոքր է, որն իր հերթին մեծ կախվածություն ունի պետությունից: Հիմնական ռեսուրսները գտնվում են պետության ձեռքում: Բացի դրանից՝ մասնավոր սեկտորի թույլ լինելու պատճառով քաղաքացիական հասարակություն, որպես այդպիսին, գրեթե չկա:

ՀՀ-ում մասնավոր սեկտորն ավելի մեծ է, ու նաև՝ միջազգային դոնորների առկայությամբ պայմանավորված՝ քաղաքացիական հասարակությունն ավելի զարգացած է (Արցախում միջազգային դոնորները բացակայում են):

Մասնավոր սեկտորը Հայաստանում իր հերթին մասնակցում է քաղաքացիական հասարակության զարգացմանը և դրա համար ռեսուրսներ է տրամադրում: Արցախում այդ երկու կարևոր ինստիտուտների թույլ լինելը մեծ տարբերություն է ստեղծում:

Որտե՞ղ է իշխանության կենտրոնը

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միասնական տարածքում իշխանության կենտրոնը գտնվում է Երևանում: Իշխանական և տնտեսական բոլոր ռեսուրսները կենտրոնացած են Երևանում: Ստեփանակերտը միայնակ որոշումներ կայացնելու որևիցե ռեսուրս չունի: Ցանկացած անհամաձայնություն Երևանի հետ Ստեփանակերտի պաշտոնատար անձի համար կարող է ծանր լինել, որովհետև Երևանը շատ արագ կարող են զրկել բոլոր ռեսուրսներից, իսկ դա արդեն քաղաքական մահ է նշանակում: Այդ իսկ պատճառով ցանկացած հարց համաձայնեցվում է Երևանի հետ: Հենց այդ պատճառով Ստեփանակերտի անկախությունն ինչ–որ առումով միֆ է:

Միայն մի պահ է Արցախի իշխանությունն անկախ եղել, ավելի ճիշտ՝ հավասարը հավասարի հետ շփվել կամ որպես լիարժեք սուբյեկտ հանդես եկել Հայաստանի հետ հարաբերություններում։ Դա բուն պատերազմի ու հետպատերազմյան առաջին տարիներն էին։ Ավելին՝ 1998–ի իշխանափոխությանը նպաստեց նաև այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեմ էր ղարաբաղյան խնդրի կարգավորման պաշտոնական Երևանի մոտեցմանը։

Նշեմ նաև, որ Արցախը պատերազմի ժամանակ ստիպել էր իր հետ հաշվի նստել պաշտոնական Բաքվին, որն ուղիղ դիմել էր ԼՂՀ ՊԲ ղեկավարին՝ ժամանակավոր զինադադարի և բանակցելու խնդրանքով։

ԼՂՀ ներկայիս ղեկավարությունն այդպիսի սուբյեկտայնություն չունի, հետևաբար իշխանության կենտրոնն այժմ Երևանում է։

Անելիքների մասին

Առաջին հերթին Երևանում պետք է ձևավորել այնպիսի իշխանություն, որը կնպաստի ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը և նախադրյալներ կստեղծի զարգացման համար։ Իսկ խնդրահարույց իրավիճակներում (ինչպիսին որ եղավ Բերձորում) նախնական քայլեր կձեռնարկի, որպեսզի բանը չհասնի բռնությունների կիրառմանը:

ՀՀ-ի քաղաքացիական հասարակության ինստիտուտներն Արցախի գործընկերների հետ կարող են ինտեգրմանը միտված քայլեր ձեռնարկել: Դա հնարավորություն կտա կողմերին ավելի լավ հասկանալ միմյանց:

Անհրաժեշտ է երկու համակարգերն ինտեգրել ու վերացնել գոյություն ունեցողհոգեբանական ու նմանատիպ բոլոր այլ սահմանները ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև։ Դրա արդյունքում նաև կվերանան այն սահմանները, որոնք գոյություն ունեն մարդկանց ուղեղներում:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը