Մեկնաբանություն

03.02.2015 12:00


Հայաստանի վրա հարձակվել են 2 ուղղությամբ

Հայաստանի վրա հարձակվել են 2 ուղղությամբ

Սերժ Սարգսյանն իր արտաքին ու ներքին «նախաձեռնողական» քաղաքականության, ինչպես նաև «Ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով զգալիորեն թուլացրեց Հայաստանի ու Ղարաբաղի դիրքերը։

Մեր երկիրն Արևմուտք–Ռուսաստան դիմակայությունում, «Վերջի բոլշևիկի» «թեթև» ձեռքով, վերածվեց մանրադրամի։

Հայաստանը հիմա այնքան է թուլացել, որ դարձել է «պռախադնոյ դվոռ» արտաքին միջամտությունների, 5–րդ շարասյան ու քաղաքական շիզոֆրենիկների համար։

«Արևմտամետներն»՝ ընդդեմ Հայաստանի

Մոտ չորս տարի ԵՄ–ի հետ ասոցացման շուրջ բանակցած ու չորս ժամում Մաքսային միությունում հայտնված Սերժ Սարգսյանի համար «արևմտամետությունը» զուտ աթոռային նպատակ էր հետապնդում։

Տեղի էր ունեցել քստմնելի գործարք եվրաչինովնիկների և Սերժ Սարգսյանի միջև։ Արևմուտքը պետք է չտեսնելու տար, ավելի ճիշտ՝ աջակցեր ՀՀԿ ղեկավարի տոկոսխփոցիին՝ փոխարենն ակնկալելով Հայաստանի ներգրավումը հակառուսական խաղերի մեջ, որի գինը լինելու էր Ղարաբաղը և, ի վերջո, նաև Հայաստանը։ Արևմուտքն ու Սերժ Սարգսյանն այդպես չէին պլանավորել, բայց այդպես ստացվելու էր։ Ինչպես որ հիմա Ուկրաինայում է։ Տարբերությունն այն էր լինելու, որ պատերազմ էր տեղի ունենալու ոչ թե ՀՀ–ի ու ՌԴ–ի միջև, այլ վերսկսվելու էր լայնամասշտաբ պատերազմ, որի ժամանակ Ադրբեջանն ունենալու էր Արևմուտքի ուղղակի և Ռուսաստանի անուղղակի աջակցությունը, իսկ Հայաստանը զրկված էր լինելու որևէ կենտրոնի աջակցությունից։

Արևմուտքի խնդիրն ադրբեջանական գազի միջոցով ռուսական գազին այլընտրանք ունենալն է։ Ասել է թե՝ օբյեկտիվորեն Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է համարվում Արևմուտքի համար։

Սարգսյանի վարած «արևմտամետ» քաղաքականության արդյունքում ռուս–ադրբեջանական հարաբերությունները ևս դարձան ռազմավարական, իսկ հայ–ռուսական հարաբերություններն իջան շրիշակից ցածր մակարդակի, ու հիմա միակ կետը, որտեղ համընկնում է Հայաստանի ու Ռուսաստանի շահը, և որի շնորհիվ էլ պահպանվում է փխրուն հաշվեկշիռը, դա ադրբեջանական գազն Արևմուտքի համար այլընտրանքային չդարձնելն է, քանզի դրա գինը մեզ համար լինելու է պետականության կորուստը, իսկ Ռուսաստանի համար՝ ամբողջ Կովկասի կորուստը՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Ասել է թե՝ ՌԴ–ն օբյեկտիվորեն շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում, բայց, միևնույն ժամանակ, չի ուզենա, որ Ադրբեջանն իր օգտին լուծի Ղարաբաղի հարցը, քանզի դրանից հետո ՌԴ–ն այլևս լծակ չի ունենա Բաքվի վրա, իսկ Ալիևը «ռեզոն» չի ունենա Պուտինի հետ հարաբերությունները խորացնելու։ Ահա այս հանգամանքն օգտագործելով՝ Հայաստանն իր շահերը պետք է առաջ մղի, այլ ոչ թե ՌԴ–ին «քցելով» և հակառուսական արհեստական հիստերիա բարձրացնելով՝ սեփական շահերը ոտնահարի, ինչ է թե Սերժ Սարգսյանի աթոռային շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ։

Հայաստանի համար «պրո» և «անտի» կողմնորոշումները վտանգավոր են հավասարապես։ Հետևաբար, ճիշտը հավասարակշռված քաղաքականությունն է։ 2008–ից հետո այդ հավասարակշռությունը խախտվել է, ինչը չէր կարող խնդիրներ չառաջացնել։

Սարգսյանը, բնականաբար, չէր հասկանում այս ամենը, իսկ երբ հասկացավ, հայտնվեց Կրեմլի «նկուղում»։ Բայց կա իներցիա, և «քցված» Արևմուտքը չի ուզում համակարպվել «քցվածի» իր կարգավիճակի հետ և քայլեր է ձեռնարկում։

Բանն այն է, որ Արևմուտքը ՀՀ–ի ասոցացման փուլում միայն Սերժ Սարգսյանի հետ չէր աշխատում։ Հայաստանում բուծվել են «արևմտամետներ», որոնց խնդիրը ՌԴ–ին հայհոյելն ու դեմոնիզացնելն է։ Դա, ի դեպ, Արևմուտքի և Բաղրամյան 26–ի համատեղ նախագիծն է։ Նախագիծ, որի շրջանակներում Սարգսյանը, մինչև ՄՄ–ում հայտնվելը, համատեղում էր հաճելին օգտակարի հետ։

Հաճելին այն էր, որ ինքն ազատորեն կարող է վերարտադրվել ընտրակեղծիքների միջոցով, բայց «առաջադեմ» և «արևմտամետ» հանրության կողմից ներկայացվել որպես բարեփոխիչ ու ժամանակակից առաջնորդ։ Ինչ վերաբերում է օգտակարին, ապա տնաբույծ «արևմտամետների» միջոցով նա պայքարում էր (է) ԲՀԿ–ի և իր մյուս ընդդիմախոսների դեմ։

«Արևմտամետներն» էլ իրենց հերթին էին համատեղում հաճելին օգտակարի հետ։

Հաճելին այն էր, որ իրենք ներկայանում էին որպես ժողովրդավարության, ազատամտության և քաղաքացիականության դրոշակակիրներ։ Իսկ օգտակարն այն էր, որ «արևմտամետներն» ասոցացման շրջանակներում ունեին (հիմա էլ ունեն) ֆինանսավորման երկու աղբյուր՝ արևմտյան գրանտները և Բաղրամյան 26–ի ոչ ֆորմալ հատկացումները։

«Արևմտամետների» գործը երկու ուղղությամբ աշխատելն էր՝ ՌԴ–ի ու Սերժի ընդդիմախոսների։ «Գաղափարական» հիմնավորումն էլ հետևյալն էր. «Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ընտրակեղծարար է, ձախողվել է իր բոլոր նախաձեռնություններում, բայց «զատո» նա մեզ տանում է դեպի լուսապայծառ ԵՄ, իսկ ահա նրա քաղաքական ընդդիմախոսները հետադիմական մոտեցումներ ունեն, քանզի չեն հայհոյում ՌԴ–ին ու չեն նպաստում ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելուն»։–Թե ինչ էր իրականում ներկայացնում այս դեմագոգիկ հիմնավորումը, բոլորը տեսան, ու տեսնում են։

Սերժ Սարգսյանի երկակի հոգեվիճակը

Գիշերային հայտնի որոշումից հետո Սարգսյանը հայտնվեց ՄՄ–ում, բայց խնդիրները չավարտվեցին։ Դրանք ավելացան։

Ինչ–ինչ հաշվարկներից ելնելով՝ նրա թույլտվությամբ կամ աջակցությամբ՝ չորս տարի շարունակ 5–րդ շարասյունը վխտացել է Հայաստանում, քանզի «արևմտամետության» քարոզը, ինչպես վերևում նշեցինք, զուգորդվում էր ԲՀԿ–ի ու մյուս ուժերի դեմ պայքարով, ինչը ձեռնտու էր ՀՀԿ ղեկավարին։

Հայաստանի ԵՏՄ–ացումից հետո, սակայն, Սերժին այլևս պետք չեն իր «արևմտամետ» հաճախորդների և այդ հաճախորդների ձեռքն ընկած «ազնիվ քյարփինջների» ծառայություններն ամբողջությամբ։

Նրան հիմա միայն ներքաղաքական դհոլություն անողներ են անհրաժեշտ։ Բայց խնդիրն այն է, որ հաճախորդներն ու «ազնիվ քյարփինջները» փչացել են Սերժի «ռուսամետ» որոշումից հետո, և փլվել է նրանց գործունեության «գաղափարական» հիմքը։ Դա է պատճառը, որ նրանք իներցիայով շարունակում են «արևմտամետ» գիծը, որը, որքան էլ ֆինտուֆլյուշկաներ անեն, պետք է ստիպված հանգեցնեն Սերժի դեմ պայքարին, ինչը նյարդայնացնում է «Վերջի բոլշևիկին»։ Արդյունքում՝ և՛ Սերժը, և՛ հաճախորդները երկակի հոգեվիճակի մեջ են հայտնվել։

Մի կողմից Սերժին «արևմտամետները» նյարդայնացնում են, քանզի ավելորդ ուտող բերան են դարձել, և ԵՏՄ–ում անելիք չունեն, բայց մյուս կողմից էլ՝ «արևմտամետները» Սերժին պետք են ներքին կյանքում գեղամյանություն անելու համար։ Դա է պատճառը, որ մի ձեռքով «Վերջի բոլշևիկը» սրանց շարունակում է կերակրել ու շոյել գլուխները, իսկ մյուս ձեռքով մահակ է իջեցնում նույն այդ գլուխներին։

«Արևմտամետները» Սերժին պետք են նաև Կրեմլին Մայդանի վտանգ ներկայացնելու համար, բայց նրա այդ «տրյուկի» վրա Մոսկվայում փորները բռնած ծիծաղում են, իսկ էժանագին շոուների վրա՝ զայրանում։

Վալերի Պերմյակովն ու Իգոր Մուրադյանը նույն գործառույթն ունեն

«Արևմտամետների» մեջ հսկայական զանգված են կազմում «ազնիվ քյարփինջները»։ Բայց կան այնպիսիք, որոնք չեն էլ թաքցնում իրենց ով լինելը։

Տխրահռչակ Իգոր Մուրադյանը, ով նախորդ դարում մոլի ռուսամոլ էր, այժմ դարձել է մոլի ռուսատյաց («կվառտիռնի վապռոս»)։ Նա այնքան է մտել իր դերի մեջ ու այնպիսի էնտուզիազմով է կատարում իր գործառույթները, որ կասկած չկա՝ գործ ունենք թուրք–ադրբեջանական քարոզչակոդերին համահունչ գործող դիվերսանտի հետ, որը մոտավորապես նույն բանն է անում, ինչ մարդասպան Պերմյակովը։ Նա հակառուսական տրամադրություններ է տարածում և պայքարում է մեր երկրի անվտանգության բաղադրիչ հանդիսացող հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների դեմ։

Գյումրիում մի ամբողջ ընտանիք գնդակահարելով՝ Պերմյակովը «լեգիտիմացրեց» ռուսական ռազմաբազայի դեմ հանդես եկողների փաստարկները։

Իգոր Մուրադյանն էլ հիմա «լեգիտիմացնում» է հակաղարաբաղյան արշավը Հայաստանում՝ ուրախությունից ծափ զարկելով ինչպես Գյումրիում, այնպես էլ Բերձորում տեղի ունեցածի կապակցությամբ։

Մուրադյանն ասում է, որ Գյումրիում և Ստեփանակերտում հակառուսական տրամադրություններ կան, և ինքը կուզենար խորացնել դրանք։ Նա չի էլ թաքցնում, որ սեֆիլյանենց միացել է, որպեսզի Ստեփանակերտում կատարի այն գործառույթը, ինչը Ղարսում կատարեցին բոլշևիկներն, ու այդ քաղաքը հանձնվեց թուրքերին։

Մուրադյանի այս մոտեցումը հարյուր տոկոսով համընկնում է պաշտոնական Անկարայի ու Բաքվի նպատակներին։ Այնտեղ կարծում են, որ միայն ռուսական գործոնն է խանգարում, որպեսզի իրենք Արևմուտքի աջակցությամբ ռուսական գազատարները շրջանցող այլընտրանքային մատակարարում իրականացնեն՝ մինչ այդ, բնականաբար, աքցանի մեջ վերցնելով աշխարհաքաղաքական գործընկերոջից զրկված Հայաստանին ու Ղարաբաղին։

Իգոր Մուրադյանն այնպիսի ուրախությամբ է խոսում Գյումրիում և Բերձորում տեղի ունեցածի մասին, որ չես կարողանում ազատվել այն կպչուն մտքից, որ դրանք մեկ ընդհանուր շղթայի առանձին օղակներ են։

Եվ այսպես, Պերմյակովն ու Մուրադյանը նույն գծի վրա են։ Երկուսն էլ հակառուսական տրամադրություններ են տարածում և պայքարում ՀՀ անվտանգության համակարգի դեմ։ Բայց եթե Պերմյակովի գործունեության մոտիվների մասով միայն ենթադրություններ կարելի է անել, քանի որ քննությունը դեռ ավարտված չէ, և մեզ չեն ներկայացվել հանցագործության մոտիվները, ապա Մուրադյանի մասով ամեն ինչ պարզ է. գործ ունենք մեկի հետ, ով ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած լինելու հանգամանքը որպես ալիբի է օգտագործում հակաղարաբաղյան ու հակահայաստանյան գործունեության մեջ։

Ամփոփում

Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքները ողբերգական են Հայաստանի համար։ Նրա շնորհիվ Հայաստանի վրա հարձակվել են 2 հիմնական ուղղություններով՝ Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության։ Այս երկու կետերը հայերիս համար ֆունդամենտալ նշանակություն ունեն, և պատահական չէ, որ թիրախը հենց դրանք են դարձել։ Ցեղասպանության հարցի հետապնդումը միավորում է հայերին, իսկ ղարաբաղյան պատերազմի հաղթանակը հնարավորություն է տվել անկախ պետություն ունենալ։ Ի դեպ, երկուսն էլ հայ–թուրքական գործընթացի ժամանակ թուրքական կողմի նախապայմանների մեջ էին մտնում։

Սարգսյանն այնքան է հիվանդացրել հասարակությունն ու պետությունը, որ փլուզումները տեղի են ունենում գրեթե ամեն օր։

Միայն հիվանդ պետության ու հիվանդ հասարակության մեջ կարող էր ծնվել «100–ամյակն՝ առանց ռեժիմի» շարժումը, որի հիմնական նպատակը ապրիլի 24–ին հեղափոխություն անելն է՝ օգտագործելով Ծիծեռնակաբերդ եկած մարդկանց։ Դե, քանի որ իրենք զանգված չեն կարողանում հավաքել, ուզում են «վեննա» մտնել այլ առիթով հավաքվածների մեջ։

Պարզ է, որ սարգսյանական ռեժիմը պետք է փոխել, ու որքան հնարավոր է՝ շուտ, բայց պարզ է նաև, որ չի կարելի ռեժիմի հեռացման օր ընտրել ու էժանագին շոուներ պլանավորել ապրիլի 24–ին, որի ժամանակ ցանկացած «պագռոմների» կադր միայն նվեր կլինի Թուրքիային։ Ինչպիսի նվեր էին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի թաղման օրը տեղի ունեցած անիմաստ բախումները ոստիկանության հետ։

Գյումրիում Մարտուն Գրիգորյան գտնվեց, և սադրանքը կանխվեց, իսկ ահա Բերձորում ԼՂՀ ոստիկանությունն իրեն խայտառակ ձևով պահեց (այդքան ոստիկան պահելու փոխարեն՝ կարելի է սահմանը պահող մեր 18 տարեկան երեխեքի կողքն ուղարկել դրանց)։ Բերձորում բախումը չէր կանխվել, քանզի կողմերը, տարբեր մոտիվացիաներով, նախապես գիտեին և դրան էին սպասում, իսկ Իգոր Մուրադյանի ներկայությունն այդ ավտոարշավին արդեն իսկ վատ տոնի նշան է և սադրանքի աղբյուր։

Ժիրայր Սեֆիլյանն ազնիվ տղա է և կարող է չիմանալ, որ գործիք է դարձել տարբեր շրջանակների ձեռքում։

Սերժը կարողացավ «փչացնել» Ղարաբաղի իշխանություններին՝ նրանց «քսի տալով» շարասյան վրա։ Ու արդեն կապ չունի, թե «Նախախորհրդարանը» կամա՞, թե՞ ակամա դարձավ «փչացման» գործիք։ Փաստն այն է, որ այդ ուժն օգտագործվեց տարբեր նպատակներով, ընդ որում՝ որևէ օգուտ չտալով հանրությանն ու ընդդիմադիր պայքարին։

Ուշագրավն այն է, որ բոլորը նախապես գիտեին, թե ինչով է ավարտվելու ավտոերթը, բայց գնացին այդ քայլին։ Ստացվում է, որ անարդյունք շոուի մասնակից դարձան բոլորը՝ և՛ ծեծվողները, և՛ ծեծողները։

Միայն հիվանդ հասարակության ու պետության պարագայում Երևանից Ստեփանակերտ ավտոերթ կանցկացվի ռեժմի դեմ, և միայն հիվանդ պետության ու հիվանդ հասարակության դեպքում իշխանությունները գազանաբար կջարդեն ավտոերթի մասնակիցներին։ Կողմերն իրար արժեն, բայց գլխավոր մեղավորին պետք է փնտրել Բաղրամյան 26–ում, այլ ոչ թե Ղարաբաղի լիսկայակերպ իշխանավորների շրջապատում։ Վերջիններս նույնպիսի կամակատար են, ինչպիսին որ Սուրիկ Խաչատրյանն է կամ մյուս բդեշխները։

Ու այսքանից հետո դեռ փորձ է արվում սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվել։

Ընդդիմության և հանրության խնդիրը պետք է լինի վերարտադրության հիմքերը ոչնչացնելն ու իշխանափոխության հասնելը։ Այլապես մենք կզրկվենք պետականությունից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը