Լրահոս

05.10.2009 15:49


Զարուհի Փոստանջյան. «Եվրոպայի խորհրդի համար առաջին հերթին հայ–թուրքական հարաբերությունների առաջընթացն է, և կարծում եմ՝ մեր ներքին ժողովրդավարական խնդիրները երկրորդ պլանում են»

Զարուհի Փոստանջյան. «Եվրոպայի խորհրդի համար առաջին հերթին հայ–թուրքական հարաբերությունների առաջընթացն է, և կարծում եմ՝ մեր ներքին ժողովրդավարական խնդիրները երկրորդ պլանում են»

Անցած շաբաթ մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային 4-րդ նստաշրաջանը, որի ժամանակ քննարկվել են հիմնականում բնապահպանական և ռուս-վրացական պատերազմի հետևանքների վերաբերյալ հարցեր։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, միայն վերջին մոնիտորինգի հանձաժողովի նիստի ժամանակ է կարճ անդրադարձ եղել Հայաստանին։

-Հարցադրումներ են կատարվել  բանաձևի կատարման վերաբերյալ, և պարոն Դավիթ Հարությունյանը մի քանի նախադասությամբ ներկայացրել է կատարված քայլերը, և դա տևել է շատ կարճ՝ 5-6 րոպե,-ասել է ԱԺ պատգամավորը։

Նրա խոսքերով՝ դա կապված է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկա փուլի հետ։

-Լիագումար նիստը սկսվել է նախագահողի կողմից ողջույնի խոսքով, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին, և կարծում եմ, որ այս պահին քաղաքական այնպիսի որոշում է ընդունվել Եվրոպայի խորհրդի կողմից, որ Հայաստանի իշխանությունների կողմից այն պարտավորությունները, որ պետք  է  իրականացվեին, թողել են մի կողմի վրա։ Առաջին հերթին նրանց համար կարևոր է, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունենա առաջընթաց, և մեր ներքին ժողովրդավարական խնդիրները, կարծում եմ, Եվրոպայի խորհրդի համար  երկրորդ պլանում են,-նշել է Զարուհի Փոստանջյանը։

Նա նաև ընդգծել է, որ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ պետք է քննարկվեր նաև Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարցը, և մեծ անդրադարձ պետք է լիներ հատկապես հայերի իրավունքների վերաբերյալ, բայց այդ հարցի քննարկումը հանվել է օրակարգից։ Պատգամավորն այս հանգամանքը ևս կապել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկա փուլի հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը