Լրահոս

27.01.2011 17:46


Ակցիա ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքի արդար քննության համար

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» սույն թվականի հունվարի 31-ին, ժամը 17:00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկազմակերպի ակցիա՝ ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարության արդար ընթացք և դատավճիռ կայացնելու պահանջով: Այս ակցիան կազմակերպվում է Լոս Անջելեսում իրականացվող երթին զուգահեռ, որը կազմակերպել է «Human Rights Council»-ի նախաձեռնությամբ և  ուղղված է դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը:

Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ  կողմից դաժան ծեծի արդյունքում մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Կնոջ ողբերգական մահից հետո  8 հասարակական կազմակերպություններից ստեղծվեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը, խթանում է գործի թափանցիկության ապահովումը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ: Կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ ակցիային և ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հասարակության լայն շերտերը անհանգստացած են նման ահասարսուռ դեպքով և ակնկալում են արժանի պատիժ մեղավորների համար:

«Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիա»

 

 

Այս խորագրի վերջին նյութերը