Մեկնաբանություն

31.01.2015 14:05


Ողջույն «լուսնոտների՛ն»

Ողջույն «լուսնոտների՛ն»

«Լուսնի մասին» օրենքը մտավ Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։ Շատ խորհրդանշական է. չդադարող արտագաղթի և հազար ու մի այլ խնդիր ունեցող Հայաստանի իշխանությունը «լրջագույնս» դիտարկում է տիեզերքի նվաճման հեռանկարները։

Փաստորեն, տարբեր առիթներով հնչեցվող «Հո դուք լուսնի՞ց չեք ընկել» հարցը դարձավ ավելի քան առարկայական։

Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին հայտնի կատակ կար. «Այսօրվա ճգնաժամից դուրս գալու մի քանի ուղի կա, և դրանք բոլորը տանում են տիեզերակայաններ»։ –Համեմատել չենք ուզում, բայց դե, հիշողությունը թարմացնելն օգտակար է։

Բազմիցս ասվել է, որ Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ կտրված է իրականությունից։ Այն բացառապես իր շահի համար է առկա։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով վերանայել օրվա հացից զրկող «Շարջանառության հարկի մասին» օրենքը, փոխարենը քննարկվելու է տիեզերական ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցությունը։ Լրիվ «Привет лунатикам!» վիճակն է։

Տիեզերական ծրագրերը թողնենք Հայաստանի գործող իշխանությանը։ Երկրի բացարձակ մեծամասնության օրակարգում պետք է լինի նոր իշխանություն ձևավորելու հարցը։ Իշխանություն, որը պարտավորված կլինի լուծել այսօրվա լրջագույն խնդիրները և հիմքեր ստեղծել ապագա զարգացման համար։

Տիեզերքն անվերջ է, իսկ քանդված պետություն ունենալու վտանգը գնալով ուժեղանում է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը