Ստեփան Մարգարյան. «Հանրային միջոցառումների խնդիր կառաջանա նույնիսկ ավելի շուտ, քան նախատեսվում էր»
Հարցազրույց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ
–Ոչիշխանական «եռյակի» աշխատանքային հանդիպմանը որոշվեց փետրվարի 2–ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում մի շարք արտահերթ նիստեր հրավիրել։ Երաշխիք կա՞, որ ՀՀԿ–ն, ինչպես միշտ, այդ արտահերթերն էլ չի տապալի։
–Որևէ երաշխիք չունենք, բայց նաև կարևորում ենք այն խնդիրները, որոնց լուծման համար ուզում ենք հրավիրել այդ արտահերթ նիստերը։ Նախ՝ մենք ուզում ենք ՓՄՁ–ի հարցով երկուշաբթի արտահերթ նիստ նախաձեռնել։ Իսկ եթե ՀՀԿ–ն բոյկոտի և տապալի այն, մեզ ոչ մի այլ բան չի մնում, քան ցուցարարների հետ որոշել հետագա անելիքները, և, կարծում եմ, արդեն հանրային միջոցառումների խնդիր կառաջանա, ու նույնիսկ ավելի շուտ, քան նախատեսվում էր։ Եթե քաղաքական մեծամասնությունը բոյկոտում է այն, ինչը հրատապ է, և ինչը մի քանի օր է՝ երկիրը լարված վիճակում է պահում, ուրեմն «եռյակն» արդեն լուրջ որոշում պետք է կայացնի։
–Փաստորեն, անհատ ձեռներեցների բողոքի ալիքը հանարավոր է՝ քաղաքական շատ ավելի մեծ գործընթացի վերածվի։
–Սա միայն մի փոքր շերտի խնդիր չէ։ Այն գնալով մեծացավ և, կարծես, ձնագնդիի էֆեկտ է ստանում, ինչը խոսում է այն մասին, որ և՛ սրանից տուժող մարդիկ շատ–շատ են, և՛ հարցը շատ կարևոր ու օբյեկտիվ է։ Օբյեկտիվորեն, այդ բնագավառը չի կարգավորվում այն օրենքով, ինչն ընդունվեց անցած տարի։ Իսկ մեր ներկայացրած նախագծի հետ բոլոր ցուցարարները համաձայն էին։ Մենք ասում էինք՝ թողնենք ընտրությունը անհատ ձեռներեցին, ինքը կընտրի 1 տոկոսը և փաստաթուղթ ներկայացնելը, թե 3,5 տոկոսը և առանց փաստաթղթի։ Բայց իշխանությունները չգնացին այդ քայլին։ Մենք կարծում ենք, որ այս հարցն օր առաջ լուծելը շատ կարևոր է ոչ միայն այն անհատ ձեռներեցների համար, ովքեր դուրս են եկել փողոց, այլ ողջ երկրի կայունության։ ՓՄՁ–ն պիտի շնչի, պիտի թողնես, որ աշխատի՝ ինչքան հնարավոր է՝ քիչ ծանրաբեռնելով տարբեր թղթերով և ստուգումներով։
–Իշխանության ներկայացուցիչներից և նրան կցված մամուլից մեղադրանքներ են հնչում, թե մասնավորապես ԲՀԿ–ն շահարկում է անհատ ձեռներեցների բողոքը, ինչ–որ տեղ՝ նաև ուղղորդում է և իր քաղաքական շահերի համար է օգտագործում այն։ Ինչպե՞ս կարձագանքեք նմանօրինակ հայտարարություններին։
–Ես դժվարանում եմ ձևակերպել, թե որն է այստեղ ԲՀԿ–ի քաղաքական շահը, բայց միշտ ասել եմ՝ արհեստական ձևով հազարավոր մարդկանց փողոց ոչ ոք չի կարող դուրս բերել։ Ոչ ոք չի կարող արհեստական օրակարգ հորինել և որևէ անհատ ձեռներեցի համոզել, թե քո շահը սա է։ Փորձե՛ք մեկ ուրիշ թեմայով և մի քանի օր շարունակ փողոց դուրս բերել անհատ ձեռներեցներին կամ ՓՄՁ ներկայացուցիչներին։ Բնականաբար, չի ստացվի։ Եթե այդ հարցն օբյեկտիվորեն գոյություն չունենա, որևէ քաղաքական ուժ արհեստականորեն օրեր և ամեն օր ժամեր շարունակ (ընդ որում՝ ոչ միայն Երևանում) մարդկանց չի կարող փողոց դուրս բերել։ Ասել, թե ԲՀԿ–ն, իր շահերից ելնելով, արհեստական ձևով նրանց հանել է փողոց, ես համարում եմ անիմաստ և որևէ մեկնաբանության չդիմացող։ Ընդգծեմ՝ «Բարգավաճ Հայաստանը» մշտապես կանգնելու է իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց կողքին։
–Փետրվարի 5–ին տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը։ Ի՞նչ պետք է ակնկալել այդ խորհրդաժողովից, և քաղաքական ի՞նչ զարգացումներ կհաջորդեն դրան։
–Եթե պատկերավոր ձևակերպեմ՝ երկիրը գնում է դեպի լճացում։ Շատ բարդ իրավիճակ է, և քաղաքական ուժերը, քաղաքական ակտիվ մասը ոչ միայն իրավունք չունեն, այլև ուզեն էլ՝ չեն կարող հենց այնպես նստել ու սպասել, թե ուր կհասնի երկիրը։ Փետրվարի 5–ի խորհրդաժողովն ուղղված է ստեղծված իրավիճակը հնարավորինս լայն ձևաչափով քննարկելուն և այդ իրավիճակից դուրս գալու ուղիներին։ Բնականաբար, կլինի բավականին բաց քննարկում, բոլոր ասելիքները կլսենք և իմի կբերենք, կընդունվի որևէ փաստաթուղթ, բայց ամենակարևորը՝ դրա արդյունքը պետք է լինի լուծման ուղիների այնպիսի մի բանաձևի ստեղծումը, որն ընդունելի կլինի և՛ քաղաքական լայն ուժերի, և՛ հասարակության համար։ Այսինքն, մենք ուզում ենք դրանով որոշակի կոնսենսուս ստեղծել քաղաքական–հասարակական դաշտում։
–Իսկ իշխանության համար այդ բանաձևը որքանո՞վ ընդունելի կլինի։
–Երբ որ հասարակությունը և քաղաքական բավականին լայն շերտերը որոշակի կոնսենսուսի են գալիս, արդյունքում ստացվում է կոնսենսուս՝ մինուս մեկ, և այդ մեկն իշխանությունն է։ Համաժողովը խնդիրների ձևակերպման հիմքը կդնի և ուղիները կնախանշի, դրանից հետո կսկսենք մշակել գործողությունների «ճանապարհային քարտեզը»։ Բնականաբար, մոտ ապագայում լինելու են նաև հանրային միջոցառումներ համաժողովում ձևավորված պահանջների շուրջ, պահանջներ՝ ուղղված իշխանություններին, պահանջներ՝ արտահայտված հասարակության կողմից։ Բնականաբար, այդ պահանջների չլուծվելու դեպքում դրանք գնալով ռադիկալ կդառնան։ Ընդ որում, շատ ավելի արագ ռադիկալ կդառնան, եթե չլինեն այդպիսի համաժողովները և իրար լսելու ձևաչափով քննարկումները, խնդիրները միասնական ձևակերպելը։ Այս հավաքը և դրան հաջորդող քայլերն ուղղված կլինեն երկիրն այս վիճակից անցնցում դուրս բերելուն։ Տեսե՛ք, մենք դեռևս անցած տարի ներկայացրեցինք 12 կետերը, բայց դրանց նկատմամբ իշխանության վերաբերմունքն ադեկվատ չեղավ ստեղծված իրավիճակին։ Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ եթե այդ կետերից որևէ մեկը չի կատարվում, ապա բառի բուն իմաստով դա կհանգեցնի փլուզումների։ Իսկ այսօր արդեն մենք տեսնում ենք դա։ Սա՛ է 12 կետերը չկատարելու արդյունքը։
–Այսինքն, ցնցումների տանողն իշխանությունն է։
–Ես չեմ ուզում ասել, որ իշխանությունը դիտմամբ է ցնցումների տանում, բայց երբ ինքն ադեկվատ չի գործում, դա բերում է ցնցումների։ Չեմ կարծում, թե մեր առաջարկներն իշխանության կողմից չանելը զուտ տղայականություն է՝ չանել, որ չլինի, թե ձեր ասածը եղավ։ Բայց իշխանության քայլերից ստացվում է հենց այդպես, և արդյունքում տուժում է երկիրը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը