Մեկնաբանություն

30.01.2015 23:40


Թուրքի ֆիլմո՞վ պետք է մեկնարկեր…

Թուրքի ֆիլմո՞վ պետք է մեկնարկեր…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց համակարգող պետական հանձնաժողովի նիստով:

Այնուհետև հանձնաժողովականները, իշխանական վերնախավը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը:

Իսկ հռչակագրի հրապարակումից հետո Սերժ Սարգսյանի առաջին գործն ազգությամբ թուրք ռեժիսորի ֆիլմի դիտումն էր:

«ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների և այլ հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերային»,- տեղեկացնում է նախագահականի լրատվական ծառայությունը:

Մեղմ ասած, զարմանալի մեկնարկ է: Եթե չասենք՝ ամոթալի մեկնարկ է:

Փաստորեն, 2011-ից գործող պետական հանձնաժողովը մինչ օրս այդպես էլ չի կարողացել լուծել մեր ֆիլմի ստեղծման հարցը եւ հիմա նստել ու դիտում է թուրքի ֆիլմը:

Սա լայնախոհության հարց չէ. սա ազգային արժանապատվության բացակայության ակնհայտ դրսեւորում է:

Անցած տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնը Սթիվեն Սփիլբերգին Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարելու առաջարկի ու բանակցությունների մասին էր հայտարարում: Սերժ Սարգսյանը խոսում էր Մել Գիբսոնի հետ պայմանագիր կնքելու մասին, որն, իբր, արդեն կնքել է Հայաստանից դուրս ապրող մի հայ գործարար:

Անցած տարի նաեւ հայտարարվեց, թե որոշվել է մեր ուժերով նկարել «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որը նվիրված է Կոմիտասին: Եվ այս ֆիլմի համար Կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացվեց:

Ու հիմա բոլորը նստած՝ թուրքի ֆիլմն են դիտում:

Ո՞վ գիտե, գուցե նույն կազմով առաջիկայում ներկա լինեն ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի («Ճոյտ») նկարահանած ֆիլմի պրեմիերայի՞ն: Քանզի մինչ օրս, նրանից բացի, ուրիշ մեկը ֆիլմ չի նկարել:

Մարդը հա՛մ սցենարն է գրել, հա՛մ նկարել է։ Ու փետրվարի սկզբին էլ նախատեսված է ֆիլմի պրեմիերան:

Բոլորին զվարճացնում է այս փաստը: Իսկ ոմանք անգամ ֆիլմն արգելելու պահանջ են ներկայացնում:

Է՛հ, եթե թուրքի ֆիլմով պետք է տրվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը, ավելի լավ չէ՞ր՝ «Ճոյտի» ֆիլմով մեկնարկեին միջոցառումները:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է նկատել, որ այս թեմայի շրջանակում թուրքական կողմը վաղուց նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը՝ զրկելով Սերժ Սարգսյանին «նախաձեռնողականությունից»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը