Մեկնաբանություն

30.01.2015 12:10


Միացնե՛լ Ծիծեռնակաբերդի լույսերը

Միացնե՛լ Ծիծեռնակաբերդի լույսերը

Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի լույսերն անջատված չէին այնպես, ինչպես Գյուլի այցելության ժամանակ։

Բանն այն է, որ երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը, որին մասնակցել են իշխանական վերնախավի բոլոր ներկայացուցիչներն ու հոգևոր դասի ղեկավարները:

Իշխանական քարոզչամեքենան մեծ պաթոսով ներկայացրեց այդ արարողությունը, սակայն իրականում այն փարիսեցիության և դեմագոգիայի դրսևորում էր, քանզի Սերժ Սարգսյանի նախաձեռնած «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում ծնվեցին տխրահռչակ հայ–թուրքական զույգ արձանագրությունները, որոնցով կասկածի տակ դրվեց Հայոց ցեղասպանության հարցը, և այն դարձրեց առևտրի առարկա պաշտոնական Երևանի ու Անկարայի միջև։

Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ու Նալբանդյան Էդիկն այն օրերին հայտարարում էին, թե նախապայմաններ չկան, ու Ցեղասպանության հարցը սակարկման առարկա չի լինելու պատմաբանների ենթահանձնաժողովում, բայց դե, դա այդպես չէր, և Թուրքիան ամեն առիթով հիշեցնում էր ու հիշեցնում է նախապայմանների մասին։ Ընդ որում, այդ նախապայմանների մեջ էին մտնում նաև Ղարաբաղի հարցում հայկական կողմի զիջումները։ Սերժն, իհարկե, դեմ չէր նաև այդ նախապայմանին ու բազմիցս նշել էր, որ պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները, բայց խնդիրն այն է, որ Ալիևն ուզում է ավելին։ «Վերջի բոլշևիկը» դրան էլ դեմ չէ, բայց դե, իշխանությունը կարող է կորցնել, դրա համար էլ ստիպված է այժմ «հայրենասիրությամբ» զբաղվել։ Ինչևէ։

Ու չնայած թուրքական նախապայմաններին՝ Սերժ Սարգսյանը, հանուն իր անձնական շահերի, ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունները, որոնք պատուհաս են դարձել ՀՀ գլխին։ Բանը հասել է այնտեղ, որ Էրդողանն արդեն ծաղրում է մեզ՝ ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին հրավիրելով Թուրքիա։

Ուշագրավն այն է, որ անգամ այսպիսի նվաստացումներից հետո Սերժ Սարգսյանը պահում է արձանագրություններն ԱԺ–ում և հետ չի վերցնում Հայաստանի ստորագրությունը դրանց վրայից։ Երևի սպասում են, որ դա անեն ապրիլի 24–ին, որպեսզի էժանագին շոու սարքեն։

Ահա այսպես ենք մոտենում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին։

Ծիծեռնակաբերդի լույսերն անջատված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն իր նեղ թիմով գտնվում է պետական կառավարման ղեկին։ Եվ ուրեմն, միացնե՛լ է պետք այդ լույսերը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը