Մեկնաբանություն

29.01.2015 16:04


«Sashiconomics»-ի տեղը Տնտեսական ազատության ցուցանիշում

«Sashiconomics»-ի տեղը Տնտեսական ազատության ցուցանիշում

Հայաստանի տնտեսության պատմությունը, 2008 թվականից սկսած, կարելի է անվանել «Sashiconomics»-ի փուլ: Հենց այս շրջանում ամրապնդվեց բիզնեսում 50 տոկոս և ավելի մասնաբաժին վերցնելու ինստիտուտը: Այդ ինստիտուտը ավերածություններ է գործել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Դրա մասին են վկայում տնտեսական բոլոր ցուցանիշները, ինչպես նաև մասնագիտացված կառույցների զեկույցները:

Հունվարի 27-ին ամերիկյան «Heritage Foundation» հիմնադրամի հրապարակած 2015թ. Տնտեսական ազատության ցուցիչը ևս հաստատում է վերը նշվածը:

Ըստ զեկույցի՝ այս տարի Հայաստանը 178 երկրների շարքում զբաղեցրել է 52-րդ տեղը: 2008թ. Հայաստանը եղել է 28-րդ տեղում, այսինքն՝ «Sashiconomics»-ի փուլում Հայաստանը ահագին հետընթաց է գրանցել:

Զեկույցը երկրի տնտեսական ազատությունները չափում է 10 ցուցանիշով, և ըստ մեթոդաբանության՝ կիրառվում է 0-ից մինչև 100 միավոր գնահատման սանդղակ, ընդ որում՝ բարձր ցուցանիշը վկայում է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճանի մասին:

Այս տարվա զեկույցում «Sashiconomics»-ն անկում է արձանագրել տնտեսական ազատությունների տասից վեց ցուցանիշներում: «Sashiconomics»-ն ամենացածր ցուցանիշն ունի սեփականության իրավունքից, որը գնահատվել է 20: Այսինքն, բիզնեսում մասնաբաժին վերցնելու ավանդույթի արդյունքները հստակ երևում են զեկույցում:

«Sashiconomics»-ը առաջընթաց է գրանցել «պետական ծախսեր» ցուցանիշում: Ի դեպ, պետական ծախսերի անընդհատ ավելացումը, տարբեր տեսակի հարկերի բարձրացումը եղել են «Sashiconomics»-ի գլխավոր սկզբունքներից մեկը: Եվ դա այսօր տվել է իր բացասական արդյունքը:

Որպես ինֆորմացիա՝ նշենք, որ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ պետական բյուջեն եկամուտների մասով կազմել է մոտ 746 մլրդ դրամ, իսկ 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ պետական բյուջեն եկամուտների մասով կազմել է 1,134 տրիլիոն դրամ: Փաստացի, «Sashiconomics»-ի փուլում պետական բյուջեի եկամուտները ավելացել են 388 մլրդ դրամով: Սա նշանակում է, որ 2008թ. բյուջեն ավելացել է մոտ 52 տոկոսով: Ուշագրավն այն է, որ մոտ այդքան էլ ավելացել է աղքատների քանակը, ինչպես նաև վատացել են տնտեսությունը բնութագրող մյուս ցուցանիշները։ Սա նշանակում է, որ այս ցուցանիշի բարելավումը բացասական նշանակություն է ունեցել Հայաստանի տնտեսության համար:

Անցած դեկտեմբերին Սերժ Սարգսյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարի ելույթում խոսում էր «Sashiconomics»-ի փուլում գրանցած «հրաշքի» մասին, որին մանրամասն անրադարձել ենք: Զեկույցն իր հերթին հաստատում է, որ այդ ելույթում նշած մտքերի մեծ մասը որևիցե աղերս չունի իրականության հետ:

«Heritage Foundation» հիմնադրամի զեկույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ «Sashiconomics»-ը ձախողված տնտեսական մոդել է, և երկարաժամկետ գործելու դեպքում կփլուզվի, և Հայաստանը կմնա դրա փլատակների տակ, ինչը չի կարելի թույլ տալ: Լուծումները, բնականաբար, քաղաքական հարթության վրա են, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը