Հարցազրույց

29.01.2015 15:16


Արամ Հարությունյան. «Որքան դա զվարճալի է, նույնքան ողբերգական է»

Արամ Հարությունյան. «Որքան դա զվարճալի է, նույնքան ողբերգական է»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Սերժ Սարգսյանի հեգնական պատասխանը Եռաբլուրում։

–Երեկ գրառում էին արել. «Ունենանք հզոր բանակ և մեր ժողովրդին արժանի գլխավոր հրամանատար»։–Ցավոք սրտի, երկրորդ մասով այդպես չի. բանակը հզոր է, բայց, անկախ ամեն ինչից, բանակի հզորությունը կախված է երկրի վիճակից, որովհետև, ի վերջո, երկրի հզորությունը, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը շատ կարևոր են, որպեսզի զինվորն իրեն պաշտպանված զգա, ու կարողանա պաշտպանել հայրենիքը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի երեկվա արտահայտությանը, երևում է, որ նա իր տեղում չի, և մոռանում է, որ որպես գլխավոր գերագույն հրամանատար՝ «կատակ» անելու փոխարեն լավ կաներ՝ լուրջ պահեր։ Ցավոք սրտի, երբ նա թղթից կտրվում է, կիքսեր է թույլ տալիս, և դրանք երկար ժամանակ դառնում են հանրության սեփականությունը։ Որքան դա զվարճալի է, նույնքան ողբերգական է, որ, ասենք, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, այդ պաշտոնը զբաղեցնող մարդն իրեն չի զգում այդ պաշտոնում։

–Կարո՞ղ ենք ասել, որ դա խոսում է Հայաստանի գործող իշխանության որակի մասին։

–Իհա՛րկե, որովհետև Հայաստանում, ըստ էության, պետական ինստիտուտները չեն գործում, և դա գալիս է վերևից, ինչպես ժամանակին, երբ Տիգրան Սարգսյանին մեղադրում էր «ատկատների» համար, ասաց, որ պետք է գլխից բռնել, և մենք տեսնում ենք, որ ամեն ինչ գալիս է վերևից։ Սահմանադրության մեջ էլ գրված է, որ նախագահը երկրի գլուխն է, բայց, ցավոք, այսօր մենք տեսնում ենք, որ նա իր տեղում չէ. բնական է՝ երկիրը՝ որպես օրգանիզմ, կարող է վատ վիճակում հայտնվել։

Նույն արտաքին քաղաքականության մեջ էլ նա սխալներ է թույլ տալիս... Սերժ Սարգսյանը երևի այնքան է մասնակցել քեֆ–ուրախություններին, որ տխրության օրերին, որպես պետության գլուխ, չի արձագանքում։

–Համաձա՞յն եք այն տեսակետին, որ փետրվարի 5-ի խորհրդաժողովից հետո երկրի քաղաքական կյանքում որակապես նոր փոփոխություններ են սպասվում։

–Իհա՛րկե. ես համոզված եմ, որ դրանից հետո զարկ կտրվի համաժողովրդական շարժման ակտիվացմանը։ Խորհրդանշական է նաև փետրվար ամիսը. փետրվարին է մեկնարկել ղարաբաղյան շարժումը... Շարժման ակտիվությունն էլ կբերի նրան, որ իշխանությունը մի պահի հրաժարական կտա, և կլինեն արտահերթ ընտրություններ։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը