Մեկնաբանություն

29.01.2015 15:01


Սերժ Սարգսյանի «ո՛չ, ո՛չ»–ը

Սերժ Սարգսյանի «ո՛չ, ո՛չ»–ը

Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջնականապես «շողուլից» ընկել է և ակնհայտորեն հակահայկական բնույթ է կրում։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը «և՛,և՛»–ի քաղաքականության մասին էր հայտարարել, և մոտ չորս տարի բանակցում էր ԵՄ–ի հետ ասոցացման շուրջ՝ փաստացի համաձայնելով Հայաստանը մանրադրամ դարձնել Արևմուտք–Ռուսաստան հարաբերություններում և դիմացն Արևմուտքից ակնկալելով աջակցություն ընտրակեղծիքներին։ Այդ ամենն ավարտվեց Մաքսային միություն մտնելու ինքնանվաստացուցիչ որոշմամբ։ Այնինչ, Հայաստանի համար ճիշտն այն կլիներ, որ մենք մնայինք հավասարակշռված քաղաքական գծի մեջ՝ զերծ մնալով ինչպես ԵՄ–ի հետ ասոցացումից, այնպես էլ ԵՏՄ–ին անդամակցելուց։

Ադրբեջանն, օրինակ, օգտվեց իր որդեգրած գծից՝ բարձրացնելով սեփական կշիռը և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում, ընդ որում՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր չկնքելով և ԵՏՄ չմտնելով։

Սերժ Սարգսյանի պատկերացրած «և՛, և՛»–ն, ի վերջո, վերածվեց «կա՛մ, կա՛մ»–ի, իսկ հիմա այն դարձել է «ո՛չ, ո՛չ»–ային քաղականություն։ Այսինքն, մեզ ո՛չ Արևմուտքն է գործընկեր համարում, ո՛չ Ռուսաստանը։

«Ո՛չ, ո՛չ»–ային հակապետական քաղաքականության դրսևորումներից մեկը եղավ ԵԽԽՎ–ում, երբ հայկական պատվիրակությունը ձեռնպահ քվեարկեց Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու բանաձևին՝ ցույց տալով, թե, իբր, չեզոքություն է ուզում պահել։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը դեմ էր այդ որոշմանն ու ակտիվ հիմնավորում էր, թե ինչու չի կարելի ՌԴ–ին զրկել ձայնի իրավունքից։ Այսինքն, ստացվում է, որ ԵՏՄ անդամ Հայաստանը ձեռնպահ է քվեարկում ռուսների հարցով, իսկ ահա Ադրբեջանը կողմ է, որ ՌԴ–ն պահպանի ձայնի իրավունքը ԵԽԽՎ–ում։

Ճիշտն այն կլիներ, որ հայկական կողմն ակտիվ պահեր իրեն, և առաջարկեր ուկրաինական հարցում երկխոսություն ծավալել ԵԽԽՎ հարթակում և չզրկել ՌԴ–ին ձայնի իրավունքից։ Սա բոլորի կողմից էլ ընդունելի և հասկանալի կլիներ։ Բայց դե, Սերժ Սարգսյանը հերթական անգամ «նախաձեռնողականություն» ցուցաբերեց և, իր կարծիքով, հավասարակշռված մոտեցում ցուցաբերեց, մինչդեռ ձեռնպահ պետք է քվեարկեր ոչ թե ԵԽԽՎ–ում, այլ ՄԱԿ–ում, որտեղ Ղրիմի հարցն էր մտել օրակարգ (հիշեցնենք, որ ՀՀ–ն ՄԱԿ–ում պրոռուսական դիրքորոշում ցուցաբերեց Ղրիմի հարցում)։ Ընդ որում, Հայաստանին հակամարտող կողմերը կհասկանային, քանզի մենք ունենք Ղարաբաղի խնդիր, և կողմ ենք ազգերի ինքնորոշման սկզբունքին ու, միևնույն ժամանակ, չենք ուզում հակադրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի քաղաքականությանը։

Սարգսյանն ամեն ինչ թարս արեց. ՄԱԿ–ում քվեարկեց ՌԴ–ի օգտին, երբ պետք էր ձեռնպահ քվեարկել, իսկ ԵԽԽՎ–ում քվեարկեց ձեռնպահ, երբ պետք էր քվեարկել ՌԴ–ին ձայնի իրավունքից չզրկելու օգտին։ Հատկապես որ ՀՀ–ն մտել է ԵՏՄ և հանդիսանում է ՌԴ ռազմաքաղաքական գործընկերը մեր տարածաշրջանում։

Այսպիսով, Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձրեց յուրայինների մեջ օտար, բայց օտարների մեջ էլ յուրային չընկալվեցինք, քանզի Արևմուտքում մեզ լուրջ չեն ընդունում 2013–ի սեպտեմբերի 3–ից հետո։

Ի դեպ, ադրբեջանցիներին ահագին ոգևորել է ՀՀ սխալ դիրքորոշումը ԵԽԽՎ–ում։ Մեր այդ պահվածքից հետո հիմա կտրուկ ուժեղանալու է ադրբեջանական լոբբին Կրեմլում, ինչը հղի է շատ վատ հետևանքներով։

«Յա նի բելի, յա նի կռասնի» խաղալով ԵԽԽՎ–ում՝ Հայաստանը գործընկերներ ձեռք չի բերել Արևմուտքում, բայց ստացել է բացասական վերաբերմունք ՌԴ–ում։ Թե ով է շահելու սրանից, դժվար չէ կռահել։ Դրա համար էլ Բաքվում գրեթե տոնական տրամադրություններ են։

Տեղին է նկատել, որ թուրքական պատվիրակությունը խայտաբղետ քվեարկություն է իրականացրել, ինչն այդ պետությանը մանևրի դաշտ է բացում ՌԴ–ի ու Արևմուտքի միջև։ Իսկ ահա Ադրբեջանի միահամուռ պրոռուսական քվեարկությունն ահագին դիվիդենտներ է ապահովելու մեր թշնամու համար։

Ամփոփելով՝ նկատենք, որ պատմությունը կարող է դաժանաբար կրկնվել մեզ համար։ 1920–ին էլ ՀՀ ղեկավարությունը «շուստրիություն» արեց՝ կենցաղային բնույթի խաղեր տալով արտաքին քաղաքական դաշտում և միանալով իր բնույթով հակառուսական Սևրի դաշնագրին ու, միևնույն ժամանակ, պայմանագիր կնքելով բոլշևիկյան Ռուսաստանի հետ։ Այդ քաղաքականության արդյունքը եղավ մեր պետականության կորուստը։

Սերժ Սարգսյանն էլ հիմա նույն բանն է անում՝ ցույց տալով, որ գավառական պատկերացումներ ունի քաղաքականության մասին։ Իսկ դա նշանակում է, որ իշխանափոխությունն այլընտրանք չունի, այլապես մենք կրկին կկորցնենք պետությունը, բայց այս անգամ, ի տարբերություն 1920–ի, անգամ ՌԴ գավառ դառնալու հնարավորություն չենք ունենա։

Իշխանափոխությունը հանուն Հայաստանի ու Ղարաբաղի պետք է լինի։

Սերժ Սարգսյանն անհամատեղելի է մեր զույգ պետությունների հետ, ինչպես որ անհամատեղելի են նրան կցված «արևմտամետ» դհոլներն ու մյուս ժողգործիքները։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Բաղրամյան 26–ին կցված «1in.am»–ն ու «Lragir.am»–ը նույնանման հրճվանք են ապրում ԵԽԽՎ–ում Հայաստանի քվեարկության համար, ինչպես որ դա անում են թուրք–ադրբեջանական վերլուծաբաններն ու քաղաքական շրջանակները։ Տարբերությունն այն է, որ սույն լրատվամիջոցներն իրենց պրոադրբեջանական դիրքորոշումը փորձում են թաքցնել գաղափարական ու սկզբունքային արևմտամետի քողի տակ՝ ձեռքի հետ դհոլություն անելով ԲՀԿ–ի ու մյուս ոչիշխանական ուժերի դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը