Մեկնաբանություն

29.01.2015 12:34


Լրիվ այլ տեսակի պայքար

Լրիվ այլ տեսակի պայքար

Փոքր ու միջին ձեռնարկատերերը դուրս են եկել փողոց, նաիրիտցիները դուրս են եկել փողոց, նույնը պատրաստվում են անել տաքսու վարորդները...

«Ապահով Հայաստանի» քաղաքացիները տարբեր խմբերով ու պահանջներով հավաքվում են նախագահական նստավայրի, Ազգային ժողովի ու Կառավարության շենքերի դիմաց։

Ու եթե նախկինում բողոքի գործողության մասնակիցները հայտարարում էին, թե իրենց պահանջներին պետք չէ քաղաքական երանգ տալ, այսօր լրիվ հակառակն է ասվում։

Վերջապես, լայն զանգվածները տեսան, թե ով է իրենց ու ամբողջ երկրի խորացող խնդիրների պատճառն ու պատասխանատուն։

«Պատրաստվե՛ք արդեն լրիվ ուրիշ տիպի պայքարի»,– հայտարարվեց ՓՄՁ ներկայացուցիչների այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ։

Իրականում այդպես է՝ Հայաստանի բնակչությունը, կամա թե ակամա, բացահայտ կամ առայժմ չերևացող ձևով, պատրաստվում է լրիվ այլ տեսակի պայքարի։

Դատելով իշխանության պահվածքից ու նրա տարբեր արձագանքներից՝ այն թերևս դա չի գիտակցում։ Այնպես, ինչպես տարիներ շարունակ չի տեսնում կամ չի ուզում տեսնել, թե ուր է հասել Հայաստանը։

Սակայն այն, որ երեկվա իր պահանջը քաղաքականացնելուց խուսափող քաղաքացին այսօր հայտարարում է, որ գնում է դրան, նշանակում է՝ գաղջն արդեն պատռվում է։ Եկել է խնդիրներին լուծում տալու ժամանակը։ Իսկ իշխանությունը թող շարունակի չտեսնել՝ մնալով «Իյա՜, իրո՞ք» տիրույթում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը