Մեկնաբանություն

26.01.2015 22:50


«Ի՞նչ է խոսում չոր գանգը»

«Ի՞նչ է խոսում չոր գանգը»

Հայոց դիվանագիտության «ջոջը» վերջապես ժամանակ է գտել, ասուլիս է հրավիրել, ինչ-որ բաներ է հայտարարել իր գերատեսչության կատարած աշխատանքի մասին, լրագրողների հարցերին լղոզված, անկապ պատասխաններ է տվել ու քաշել է «պոչը»:

Գիտեինք, որ Էդվարդ Նալբանդյանը ժամանակի զգացողություն չունի, բայց չգիտեինք, որ նա այն աստիճան կարող է կտրված լինել իրականությունից, որ ձմռան երկրորդ ամսվա շեմին միայն կարող էր հիշել ու բոլորին շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ: Ինչն արել է այսօրվա ասուլիսում:

Նալբանդյանն ասել է, թե 2014-ին իր գլխավորած գերատեսչությունը շարունակել է երկրի անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, միջազգային ասպարեզներում ներգրավմանը, ՀՀ դիրքերի ամրապնդմանը, արտերկրում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացմանն ուղղված և այլ հարցերի շուրջ քաղաքականությունը:

Մի խոսքով, ահագին գլուխ է գովել: Քանզի արդեն պատմության գիրկն է անցել Ցյուրիխում սեփական թշիկների նկատմամբ օտարների վարած «քաղաքականությունը»՝ ինչպես հարկն է վնասելով հայկական շահերին:

Իրականում ՀՀ ԱԳՆ-ն 2014-ին էլ իրականացրել է նույն անդեմ, վախկոտ, լպրծուն, ծառայամիտ քաղաքականությունը, ինչը իրականացնում է 2008-ից սկսած:

Ի՞նչ անվտանգության կամ ՀՀ դիրքերի ամրապնդման մասին կարող է խոսք լինել, երբ սահմանային լարվածության շրջաններում Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանը անհետանում են, եւ օրեր շարունակ նրանց որոնում ու չի գտնում երկրի բնակչությունը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է հավասարության նշան դնել հակամարտող կողմերի միջեւ եւ կոչ անել երկու նախագահներին վերջ տալ բռնություններին:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ԱԳՆ-ի կատարած աշխատանքին, ապա 2008-ից մինչ օրս միայն մի երկիր է ճանաչել ու դատապարտել: Շվեդիան է միայն դա արել, սակայն հաջորդ օրը այդ երկրի վարչապետը ներողություն է խնդրել թուրքերից: Սա՛ է եղել Սարգսյանի եւ Նալբանդյանի դիվանագիտական կորպուսի «հաջողությունը»: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո այլ բան չէր էլ սպասվում:

Կամ՝ արտերկրում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության մասին ազդարարող Նալբանդյանն այդ ի՞նչ նկատի ունի. ո՞ր դեպքերում է ԱԳՆ-ն իրեն ճղել ու հասել արդյունքի:

Հունգարիան բորենի Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, և արտահանձնելուց հետո միայն հայկական դիվանագիտությունն իմացավ այդ մասին: Հունգարիային ձեւականորեն բողոքի նոտա հղեցին ու դա համարեցին բավարար: Ինչից հետո Նալբանդյանը շարունակեց իր տուրիստական շրջագայությունները աշխարհի հորիզոնականներում՝ բացելով դեսպանատներ անմարդաբնակ կղզիներում:

Գուցե ԱԳՆ-ն կրծքով պաշտպանել է Ռուսաստանում աշխատող վարորդին՝ Հրաչյա Հարությունյանի՞ն, որին կանացի խալաթով բերեցին դատարան: Հետեւել է մահվան ելքով ավտովթար իրականացրած հայ վարորդի դատավարությա՞նը:

Ոչինչ էլ չի արել:

Ըստ Նալբանդյանի՝ պարզվում է նաեւ, որ ինքը հրապարակավ ու թաքուն արձագանքում է Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին: Թաքունը, երեւի, այն է, որ զանգում է Ադրբեջանի իր գործընկերոջը և «տրուբկայի» մեջ շշուկով խնդրում է, որ էլ նման բաներ չասեն:

Իրականում ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին արձագանքելու գործը դրված է Շարմազանովի վրա, որն էլ ամեն անգամ Ալիեւին ինչ-որ խորհուրդներ է տալիս: Մազալու բան:

Իսկ Նալբանդյանը հիմա ասում է, թե ինքը ճառ ասող չէ, զանգ կախող է: Այսինքն, մեկ-մեկ թաքուն գնում ու զանգը կախում է Ալիեւի վզից: Բայց մենք այդ մասին չգիտենք:

Սակայն, չգիտես՝ ինչու, հայկական կողմն ազերիների դիվերսիաներից ամեն անգամ անակնկալի է գալիս:

Հավանաբար, Նալբանդյանի կախած զանգի ձայնը մերոնք չեն լսում: Կամ էլ Նալբանդյանը ձայնը խլացրած զանգ է կախել:

Ինչեւէ, հայ-թուրքականի մասով չարժե մեջբերել Նալբանդյանի հետին թվով արած գնահատականները, քանզի վերջինս նոր է գլխի ընկել, որ թուրքերն արդեն 5-6 տարի խաբում են մեզ:

Գյումրիի ոճրագործության վերաբերյալ իշխանության ուշացած արձագանքի մասին էլ Նալբանդյանը ոչ մի նոր բան չի ասում: Ուղղակի մեր աչքն է խոթում Սերժ Սարգսյանի «սելեկտորային» խորհրդակցությունը՝ փորձելով ապացուցել, որ իշխանությունն իրավիճակին համարժեք է գործել:

Իսկ Սերժ Սարգսյանի «սելեկցիայի» արդյունքն այն էր, որ գլխավոր դատախազն օր օրի հակասական հայտարարությունների քանակն ավելացնում էր:

Եվ այս թույլիկ ու ողորմելի դիվանագիտության պարագայում Նալբանդյանը դեռ մի բան էլ վստահ է, որ հասարակությունն իր հրաժարականը չի պահանջում:

Գուցե ճիշտ է:

Եթե հրաժարականի պահանջ պետք է ներկայացնել, ապա դա որեւէ նախարարի դեպքում ուղղակի անմտություն կլինի:

Պետք է հրաժարական պարտադրել մեկ մարդու, ով նստած է Բաղրամյան 26-ում:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Նալբանդյանն իր ասուլիսում համեստորեն լռել է իր սխրագործություններից մեկի մասին, բայց արժե լրացնել այդ բացը։

Անցած տարի մեր «նախաձեռնող» նախարարը մասնակցեց Թուրքիայի նորընտիր նախագահի երդման արարողությանը և ոտքի վրա բռնացրեց Էրդողանին՝ վերջինիս հանձնելով ապրիլի 24–ին Երևան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը։

Թե ինչպես արձագանքեց Էրդողանը Սարգսյանի հրավերին, հիշեցնելու կարիք չկա։

Այս խորագրի վերջին նյութերը