Հարցազրույց

26.01.2015 16:39


Վահե Էնֆիաջյան. «Իշխանափոխության անհրաժեշտությունն օրհասական է»

Վահե Էնֆիաջյան. «Իշխանափոխության անհրաժեշտությունն օրհասական է»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ

Փետրվարի 5–ին տեղի է ունենալու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը։ Ի՞նչ շեշտադրումներ է այն ունենալու և ի՞նչ նպատակի է ծառայելու։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը համախմբել է ոչիշխանական բազմաթիվ ուժերի և միավորումների. ներկա են լինելու կուսակցությունների առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, տնտեսագետներ, քաղաքագետներ և այլք: Փետրվարի 5-ի խորհրդաժողովին քննարկվելու են կարևոր սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցեր: Համաժողովի հիմնական շեշտադրումն է՝ առաջարկել խնդիրների լուծումներ, որոնք սոցիալ-տնտեսական բնագավառներում կբերեն անհրաժեշտ փոփոխությունների: Խորհրդաժողովն ապացուցելու է, որ միասնական ջանքերով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:

Այսինքն, այդ խորհրդաժողովով մեկնարկելո՞ւ է 2015թ. քաղաքական տարին։ Ի՞նչ քաղաքական զարգացումներ պետք է ակնկալել 2015թ

Այո՛, ոչիշխանական ուժերի խորհրդաժողովը լինելու է քաղաքական տարվա մեկնարկը: Որպես առաջատար քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից սպասումներ միշտ են եղել, լայն հանրության կողմից այս խորհրդաժողովը նույնպես սպասված էր: Անկախ կուսակցական պատկանելությունից և գաղափարախոսություններից՝ հասարակության համախմբվածությունը խորհրդաժողովի շուրջ ապացուցում է, որ միասնական գործելակերպի նկատմամբ վստահությունը գնալով մեծանում է:

Մեր կուսակցությունը և առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակելու են առաջ տանել համաժողովրդական պահանջը, որի օրակարգային կետերն արդիական են և հասարակության կողմից սպասված:

2015 թվականը լինելու է կոնկրետ գործողությունների տարի: Այդ գործողություններին էլ պետք է հաջորդեն այն փոփոխությունները, որոնց ժողովուրդն օր առաջ է սպասում: Այսօր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը պարտադրում է օրհասական հարցերի լուծում: Աղքատության չնվազող ցուցանիշը, արտագաղթի ահագնացող չափերը, օր օրի թուլացող տնտեսությունը և այսպիսի բազմաթիվ խնդիրներ անհապաղ լուծում են պահանջում: Իրականացնելու ենք փոփոխություններ, որոնք նպաստելու են այս հարցերի լուծմանն ու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն:

Իշխանափոխության հարցը շարունակո՞ւմ է մնալ օրակարգում։

Մեր պահանջներն ու նպատակները, բնականաբար, նույնն են: Դեռ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ « Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց խաղաղ և անցնցում իշխանափոխություն իրականացնելու մասին: Մեր կողմից հնչած յուրաքանչյուր խոսք և հայտարարություն ի կատար է ածվում: Հայաստանում սոցիալ-տնտեսական նույն ծանր իրավիճակն է, հետևաբար, ինչպես արդեն հայտարարվել է, իշխանափոխության անհրաժեշտությունն օրհասական է: Մենք չենք տրվում արկածախնդրության, այլ առաջնորդվում ենք քայլերի գրագետ մշակված հաջորդականությամբ:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը