Մեկնաբանություն

26.01.2015 13:30


Իշխանափոխությունը՝ մեղքերի հնարավոր թողություն

Իշխանափոխությունը՝ մեղքերի հնարավոր թողություն

Կաթոլիկ եկեղեցու պատմության ընթացքում եղել է շրջան, երբ սահմանված կարգով՝ գումարի դիմաց, կարելի էր ինդուլգենցիա (մեղքերի թողություն) ստանալ:

Ինդուլգենցիան կարելի էր գնել մահացած ազգականների և նույնիսկ տվյալ պահին չգործած մեղքերի համար։ Այսինքն, հեռակա կարգով ապահովվում էր մեղքերի թողություն։ Մոտավորապես այսպես. «Ես պատրաստվում եմ թալանել (սպանել, շնանալ և այլն)։ Վերցրե՛ք գումարն ու մեղքերիս թողությո՛ւն արեք»։

Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանի գործող իշխանությունը գնել է իր փայ ինդուլգենցիան ու հանգիստ խղճով գնալով ընկղմվում է հնարավոր բոլոր մեղքերի մեջ։ Այն հետևողականորեն այրում է իր և երկրի բացարձակ մեծամասնության միջև եղած կամուրջները։

Մինչև ո՞ւր է պատրաստ գնալ բոլոր առումներով ձախողված իշխանությունը։ Ո՞վ կտա նրան գործած մեղքերի թողություն։ Հարցն ամենևին հռետորական չէ։ Մենք ապրում ենք երրորդ հանրապետության վատագույն տարիները։ Իսկ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ցանկանում է վերարտադրվել։

Սեփական երկրիդ հանդեպ գործած մեղքերի չգիտակցումը վտանգավոր հանգրվանի կարող է հասցնել։ Այնպես որ, իշխանափոխությունը փրկություն կլինի բոլորի, այդ թվում՝ այսօրվա իշխանության համար։

Իշխանափոխությունը միգուցե և դառնա յուրովի ինդուլգենցիա։ Միգուցե։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը