Մեկնաբանություն

26.01.2015 12:55


Թուրքիան ու Ադրբեջանը լկտիացել են, 5–րդ շարասյունը՝ նույնպես

Թուրքիան ու Ադրբեջանը լկտիացել են, 5–րդ շարասյունը՝ նույնպես

«Արևմտամետ» և «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը տնտեսապես թուլացել է, կորցրել դաշնակիցներին ու ընկել թուրք–ադրբեջանական զույգի հարձակումների տակ։

Ալիևի և Էրդողանի լկտիության, ագրեսիվության ու ցինիզմի աղբյուրը Բաղրամյան 26–ում է։ Հայաստանը մնացել է «Ֆուտբոլային» դիվանագիտության տակ, ու քանի դեռ նշյալ հասցեում է գտնվում «Վերջի բոլշևիկը», մենք անընդհատ խնդիրներ ենք ունենալու։

Էրդողանը ապրիլի 24–ին հրավիրում է Սարգսյանին Թուրքիա՝ մասնակցելու տոնախմբության։ Նա լավ գիտի, որ այդ օրը Հայաստանում սգո օր է՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օր։ Բայց քանի որ հայ–թուրքական արձանագրություններով հայկական կողմը համաձայնեց այն առևտրի առարկա դարձնել, Թուրքիայի նախագահը համարձակվում է լկտի պահել իրեն և մինչև վերջ օգտվել Սարգսյանի կոպիտ սխալներից։

Ալիևը նույնպես օգտվում է «եվրաասոցացվող» Սարգսյանի ընձեռած հնարավորություններից։ Սարգսյանի արկածախնդրության հետևանքով լավացան ռուս–ադրբեջանական հարաբերությունները՝ վերածվելով ռազմավարականի։ Դրան զուգահեռ՝ հայ–ռուսական հարաբերությունները ռազմավարականից վերածվեցին վասալայինի։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը հնարավորություն ստացավ հարձակողական բնույթի զենք գնել ՌԴ–ից, ու հիմա անընդհատ լարվածության մեջ է պահում ՀՀ և ԼՂՀ սահմանները։

Միայն մեր զինվորների ու առաջին գծում կռիվ տվող միջին հրամկազմի շնորհիվ է, որ Ադրբեջանն առաջխաղացում չունի։ Սարգսյանի սխալների համար վճարում ենք մերոնց կյանքի գնով։ Ճիշտ է, թշնամին ավելի շատ զոհ է տալիս, բայց դա մխիթարանք չէ, քանզի մեր ամեն մի զինվորի կյանքը թանկ է մեզ համար։

Բացի դիվերսիոն գործողություններից՝ Ալիևն ակտիվացել է նաև միջազգային ասպարեզում։ Նա հիմա ամբողջությամբ վայելում է «արևմտամետ» Սարգսյանից «քցված» Արևմուտքի աջակցությունը։ Պատահական չէ, որ ամերիկացի համանախագահող Ուորլիքը գրեթե ամեն օր կոչ է անում հայերին հանձնել հողերը՝ «թվիթ» անելով ամերիկյան քաղաքական գիծը, Գերմանիայի կանցլեր Մերկելն ուզում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահողների հաշվեկշիռը՝ հօգուտ Բաքվի, ավելի ճիշտ՝ հօգուտ այլընտրանքային գազի։

Քարոզչական դաշտում էլ են բավական ակտիվ և ազատ գործում Թուրքիան ու Ադրբեջանը։ Օգտվելով Սարգսյանի «արևմտամետությունից»՝ նրանք բացահայտում են իրենց հայաստանյան գործընկեր–լրատվամիջոցներին։

Թուրք–ադրբեջանական քարոզչամեքենան տարիներ շարունակ առաջ է տանում այն կոդը, ըստ որի՝ պետք է ամեն կերպ խոչընդոտել հայ–ռուսական ռազմաքաղաքական կապերը, չեզոքացնել ռուսական գործոնը տարածաշրջանից ու Հայաստանին վերցնել աքցանի մեջ։ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում այդ կոդը դարձել է Բաղրամյան 26–ին կցված «անկախ» լրատվամիջների կողմից ամենաքարոզվողը։ Ասել է թե՝ 5–րդ շարասյունը մեզանում գործում է բացահայտորեն և վայելում «պետական» հովանավորություն, քանզի համընկել են այս իշխանության նեղ շերտի և մեր թշնամիների շահերն ու հաշվարկները։

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն էլ թաքցնում, որ Հայաստանում ունեն գործընկերներ։ Մեր թշնամի երկրում ամենասիրելի ու ամենացիտվող լրատվամիջոցներն են հանդիսանում տխրահռչակ «1in.am»–ը և «Lragir.am»–ը։ Առաջինի ռուսական տարբերակի խմբագիրը պարբերաբար հարցազրույցներ է տալիս ադրբեջանական կայքերին ու մտահոգություն հայտնում առ այն, որ մեր տարածաշրջանում Թուրքիան չի կարողանում փոխարինել Ռուսաստանին։

Դե, իսկ «Lragir.am»–ին ադրբեջանցիներն օգտագործում են հակառուսական հիստերիան Հայաստանում խորացնելու համար։ «Lragir.am»–ի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանին հաճախ են մեջբերում ադրբեջանական կայքերը, քանզի նա գործնականում Հայաստանի թշնամի է համարում ՌԴ–ին, այլ ոչ թե Ադրբեջանին։ Իսկ դա ձեռնտու է վերջինիս։

Պատահական չէ, որ 1990–ին Բաքվում հայերի ջարդերի մեջ ադրբեջանցիների դերը նվազեցնող և սովետա–ռուսական բանակին մեղադրող Հայկազնին հղում անելով է աշխատում, օրինակ, «vesti.az»–ը։

«kaspiy.az»–ն էլ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո հայերին նվաստացնելու և հակառուսական գիծը պահելու համար ևս հղում է անում, երկրորդում և դրական լույսի ներքո մատուցում «հայկական» կայք հանդիսացող «Lragir.am»–ի գլխավոր խմբագրին։

Ի դեպ, Ղահրիյանի մոտ հիմա «հայրենասիրության» փուլ է սկսվել։ Նա հիմա Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի պահպանման կողմնակից է, բայց Սերժի «եվրաասոցացման» փուլում «ռուսախոս արևմտամետ» Իգոր Մուրադյանի հետ քարոզում էր նույն այդ ֆորմատը վերացնելու օգտին, քանզի նման քարոզ էր տարվում նաև Թուրքիայում ու Ադրբեջանում։ Ինչևէ։

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի վտանգ է ներկայացնում Հայաստանի ու Ղարաբաղի համար Սերժ Սարգսյանի իշխանությունը, քանզի նրա կառավարման շրջանում 5–րդ շարասյունը վխտում է Երևանի կենտրոնում և հակահայկական քարոզով զբաղվում։

Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պետության կառավարման ղեկին է Սերժ Սարգսյանը։ Բայց իշխանափոխությունից հետո ամեն ինչ իր տեղն է դրվելու, ընդ որում՝ շատ կոշտ ձևով։ Թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային կցված «անկախ» մամուլը պետք է «նա կավյոռ» բերվի, քանզի մեր ազգային անվտանգության դեմ արված քայլերը վաղեմության ժամկետ չունեն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Lragir.am»–ն այնքան է մտել իր դերի մեջ ու այնպիսի էնտուզիազմով է «արևմտամետություն», իմա՝ թուրքամետություն և ադրբեջանամետություն քարոզում, որ Գյումրիի դաժան դեպքերից հետո մահացած փոքրիկ Սերյոժայի մահը ևս մատուցում է «աշխարհաքաղաքական» հողի վրա։

«Փոքրիկ Սերյոժան մերժեց ավելի քան անարժան և երեսպաշտ այդ մարդկանց: Նա թույլ չտվեց, որպեսզի իր փրկությունը շահարկվի այդ նույն իշխանությունների վարքագծի պատճառով Հայաստանը որպես գաղութ դիտող Ռուսաստանի կողմից: Ու երկուսին էլ հաղթեց:

Մենք ազգովի տուրք ունենք տալու փոքրիկ Սերյոժային. տեր կանգնենք ու արժանի լինենք նրա կողմից մեզ պարգևած Կարևորագույն այս Հաղթանակին»,– Ավետիսյանների տան փոքրիկի մահից հետո գրում է ադրբեջանցիների սիրելի «Lragir.am»–ը։

Փաստորեն, Սերյոժան մահացավ, որպեսզի թույլ չտա շահարկում։ Ըստ «Lragir.am»–ի՝ մեր հաղթանակը մեռնելն է, և Սերյոժան մեռնելով մեզ կարևորագույն հաղթանակ է պարգևել։

Համաձայնե՛ք, որ սա արդեն շիզոֆրենիա է։ Բայց, միևնույն է, «գժականը» չի անցնելու։ Կրկնեմ՝ ազգային անվտանգության դեմ արվող քայլերը վաղեմության ժամկետ չունեն և շատ կոնկրետ պատասխանատվություն են ենթադրում։

Այս խորագրի վերջին նյութերը