Մեկնաբանություն

25.01.2015 15:10


Ովքեր և ինչպես արձագանքեցին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

Ովքեր և ինչպես արձագանքեցին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել էր մի շարք ցավոտ թեմաների ու տվել դիպուկ գնահատականներ։

Նրա խոսքում կային 3 հիմնական «մեսիջներ»՝

1.Ես ակտիվորեն հետևում եմ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներին և ունեմ առկա խնդիրների լուծման բանաձևեր։

2.Սերժ Սարգսյանն անարդյունավետ կառավարիչ է, և մեզ պետք են փոփոխություններ, բայց դրանք հաստատ նեղ անձնական շահերի մեջ տեղավորվող և վերարտադրմանը միտված սահմանադրական փոփոխություններ չեն։

3.Քաղաքական մենաշնորհը պետք է վերացնել և հասարակական–քաղաքական երկխոսության միջոցով նոր իշխանություն ձևավորել, որի մեջ իրենց տեղը կունենան նաև այժմյան իշխանության առողջ հատվածի ներկայացուցիչները։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ քոչարյանական գնահատականներն ու «մեսիջները» բովանդակային քննադատության չենթարկվեցին, քանզի այդ դեպքում հիմար վիճակի մեջ կհայտնվեին բոլոր նրանք, ովքեր կփորձեին դա անել։ Դա է պատճառը, որ երկրորդ նախագահի դեմ խոսողներն առավելապես հետևյալ բանաձևն օգտագործեցին. «Քոչարյանը ճիշտ է ասում, բայց քանի որ ինքն է ասում, ուստի մեզ համար անընդունելի է»։

Իսկ սա նշանակում է, որ Սերժի թիմակիցները, համացանցային «ընդդիմադիրները», «պետպատվերով» Քոչարյանի դեմ հանդես եկողներն ու անկեղծ հակաքոչարյանականներն, ըստ էության, ասելիք և հակափաստարկ չունեին։

Այո՛, ճիշտ են բոլոր նրանք, ովքեր նշում են, որ Քոչարյանի կառավարման տարիներին, մեղմ ասած, բացասական երևույթներ են եղել։ Բայց անգամ Քոչարյանի ընդդիմախոսներն են ընդունում, որ նրա ու Սարգսյանի միջև կառավարչական հմտությունների և դրական արդյունքների ապահովման առումով սարերի ու ձորերի հսկայական տարբերություն կա։

Քոչարյանին կարելի է քննադատել, բայց ասել, որ երկրորդ նախագահի իշխանության տարիներին խնդիրներ են եղել, և հետևաբար նա իրավունք չունի խոսելու, սխալ մոտեցում է։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Հայաստանի քաղաքական դաշտում գործող անձանց ճնշող մեծամասնությունը պետք է ծպտուն չհանի, քանզի ՀՀ նորագույն պատմության այս կամ այն փուլում իշխանության մեջ է եղել, ու հաստատ սխալներ ունեցել է։ Իսկ եթե համեմատության մեջ նայենք, ապա Քոչարյանն իր ապահոված ցուցանիշներով շահեկանորեն տարբերվում է։ Այնպես որ, «Քո օրոք այսինչ բաներն են եղել, ուրեմն դու պետք է չխոսես» բանաձևը չի դիմանում ոչ մի քննադատության։

Երբ Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող օդիոզ դեմքերն են փորձում խոսել Քոչարյանի դեմ, հասկանալի է։ Մարդիկ դրա համար վճարվում են և անձամբ Սերժին են պարտական իրենց ֆիզիոլոգիական խնդիրների լուծման համար։ Բայց երբ Սերժ Սարգսյանին քննադատող և այս իշխանության վերարտադրման դեմ հանդես եկող Քոչարյանի դեմ աշխատում են ընդդիմադիր շրջանակները ներկայացնող սուբյեկտները, ապա այդպիսով ակամայից ջուր է լցվում Սերժի ջրաղացին։ Պարզ է, որ նրանք այդպես չեն ուզում, բայց այդպես ստացվում է։

Եվ ուրեմն, համապատասխան եզրակացություններ պետք է անել։ Այլապես Սերժ Սարգսյանը կշահի, ինչը կտրուկ հակասում է ՀՀ շահերին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը