Լրահոս

03.10.2009 09:49


Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովի /ՌԴ/, Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց հետ:
Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Բրադտկեին' համանախագահ նշանակվելու կապակցությամբ' մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել է ադբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորել է բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը' նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համար պետք է նայել առաջ, այլ ոչ թե առաջնորդվել անցյալով: Նախագահի խոսքով, Լեռնային Ղարաբաղը 1988 թվականի իրողություններին վերադարձնելու ցանկացած փորձ' թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետևանքներով և գործընթացը կմտցնի փակուղի:
Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վրա, քանի որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է վիճահարույց հարցերը անկեղծ երխոսության միջոցով քննարկելու կողմերի պատրաստակամությունը: Այստեղ իրադարձությունների արհեստական արագացումը անթույլատրելի է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արդրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը հանդսիանում է կարգավորման խաղաղ գործընթացի ամենակարևոր խոչընդոտներից մեկը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Նախագահը նշել է, որ այդ գործընթացը որևէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և ողջունել է այդ հարցի կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախօրեին արված հայտարարությունը:
Քննարկվել են նաև շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

 

Այս խորագրի վերջին նյութերը