Մեկնաբանություն

23.01.2015 22:40


Բյուջեից թալանած գումարներով կարելի էր ողջ սահմանն ապահովել գիշերային տեսասարքերով

Բյուջեից թալանած գումարներով կարելի էր ողջ սահմանն ապահովել գիշերային տեսասարքերով

Ընդամենը վեց ամիս առաջ՝ 2014-ի օգոստոսին, պետբյուջեից ավելի քան 33 միլիոն դրամ հատկացվեց Գալուստ Սահակյանի համար «պադավատ»՝ «Toyota Land Cruiser» գնելու նպատակով: Այն դեպքում, երբ նույն օրերին թշնամին գնդակոծում էր մեր բնակավայրերը. թշնամու դիվերսիոն խմբերը փորձեցին ներխուժել մեր տարածք, իսկ հաջորդող օրերին սահմանային լարվածությունը վերածվեց կիսապատերազմական վիճակի:

Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ հայտնի է նաեւ Սերժ Սարգսյանի ցողունային թերապիայի գինը՝ 170 հազար դոլար:

Հայտնի է նաեւ այն, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 120 հազար դոլարով ձեռք բերեց երկու բիոզուգարան, որոնք այդպես էլ չաշխատեցին: Չհաշված որ նախկին վարչապետին հաջողվել էր կովերի մասին դասախոսություն կարդալու համար 17 միլիոն դոլար «դուրս գրել»։

Պարույր Հայրիկյանի «վիրավոր ուսի» համար բյուջեից հատկացված 20 միլիոն դրամի մասին չարժե հիշեցնել: Ինչպես նաեւ չարժե հիշեցնել Նունե Եսայանի համերգի համար նույն կառավարության կողմից հատկացված 54 միլիոն դրամի մասին:

Նույն շրջանում բացահայտված «ատկատների» չափը, ճիշտ է, անհայտ մնաց, բայց երեւույթը կա ու մնում է: Էլ չենք խոսում «բիզնես» կարգով ճամփորդելու մասին, ինչից օգտվում են բարձրաստիճան պաշտոնյաները, եւ դրանց համար բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում: Հիշենք թեկուզ նախկին վարչապետի՝ Սանկտ-Պետերբուրգ կատարած այցը, որի օդային թռիչքը բյուջեի վրա նստեց ավելի քան 80 հազար դոլար:

Նախագահականում խմվող կոնյակի համար բյուջեից հատկացված գումարների չափն էլ ահռելի է: Ինչպես նաեւ հայտնի է Զիմբաբվեից ծիրան աճեցնող մասնագետներին տրամադրված գումարների չափը:

Գերատեսչություններում տոնական միջացառումների եւ նվերների համար մսխվող միլիոնների մասին եւս գրվել է:

Անցյալ տարի պետբյուջեից 4,5 միլիոն էլ հատկացվել է մոծակների դեմ պայքարի համար:

Ամեն տարի բյուջեից մոտ 200 մլն դրամ է տրամադրվում մեդալների և դրանց տուփերի գնման համար:

Ամեն տարի պետությունն արտասահմանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման վրա ծախսում է մոտ 7 միլիարդ դրամ:

Կարելի է երկար թվարկել այս ցանկը, քանզի ներկայացվածը բյուջեից կատարված անիմաստ մսխումների մի չնչին մասն է միայն:

Իսկ այսօր մեր սահմանները զուրկ են այնքան անհրաժեշտ գիշերային տեսասարքերից, որոնց տեղադրման պարագայում դիվերսիոն խմբերի ներթափանցումը կամ դրա փորձերը կվերանան, եւ ժամանակին կկանխվի թշնամու դիպուկահարների առաջխաղացումը: Ու ամեն օր հայ զինվորի կամ զինվորների մահվան բոթ չենք լսի, ինչպես հիմա ենք լսում:

Դեռ 2014-ի օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական սահմանին կիսապատերազմական վիճակ էր ստեղծվել, Հանրային խորհրդում քննարկվեց գիշերային տեսասարքերի տեղադրման խնդիրը, ու հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը շատ մտահոգ է, ու խոստացել է այդ հարցը լուծել: Բայց դե, թանկ հաճույք է. մեկ գիշերային տեսասարքը արժե 13.500 դոլար:

Բնականաբար, Սարգսյանը չլուծեց նաեւ այդ խնդիրը:

Հիմա հաշվեք, թե վերը նշված անհեթեթ ծախսերի գումարի չափով քանի տեսասարք կարելի էր ձեռք բերել եւ տեղադրել մեր սահմաններին: Այդ գումարներով կարելի էր ողջ սահմանն ապահովել գիշերային տեսասարքերով:

Սակայն դրա համար պետք է ունենալ իսկապես մտահոգ եւ սրտացավ իշխանություն, որը կդողա յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը