Հարցազրույց

23.01.2015 14:10


Կարեն Պետրոսյան. «Ինձ համար արտառոց է, որ Սերժ Սարգսյանը չի եկել Գյումրի»

Կարեն Պետրոսյան. «Ինձ համար արտառոց է, որ Սերժ Սարգսյանը չի եկել Գյումրի»

Հարցազրույց գյումրեցի տնտեսագետ Կարեն Պետրոսյանի հետ

–Այժմ ի՞նչ տրամադրություններ են Գյումրիում։ Հնարավո՞ր է՝ բողոքի նոր գործողություններ լինեն։

–Գյումրիում ամեն ինչ հնարավոր է, ըստ էության։ Տրամադրություններն ավելի հանգիստ են, և մարդկանց մոտ հույս կա, որ իրենց պահանջը կատարվելու է, այսինքն՝ գլխավոր դատախազը դիմելու է Ռուսաստանի գլխավոր դատախազին, այդ հանցագործին հանձնելու են հայ իրավապահներին, և նա դատվելու է ՀՀ օրենքներով։ Այսպես ասեմ՝ սպասողական վիճակ է. կան տարբեր նախաձեռնող խմբեր, ովքեր տարբեր ձեռնարկներ են անում, օրինակ՝ երեկ արդեն ստորագրահավաք սկսվեց վերոնշյալ պահանջով։

–Երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ գլխավոր դատախազի հայտարարություններից տպավորություն չե՞ք ստացել, որ նա պարզապես ժամանակ է ձգում, ասում է՝ այո՛, ես տղամարդու խոստում եմ տվել, բայց...։ Լավատեսություն ներշնչո՞ւմ է այդպիսի հայտարարությունը։

–Ճիշտն ասած, դուք արդեն ձեր խոսքում գնահատական եք տալիս։ Ես զերծ կմնամ նման գնահատականներից այնքանով, որ ինձ համար շատ ավելի տրամաբանական կլիներ, որ թե՛ իրավաբանները, թե՛ պատգամավորները, ինչու չէ՝ նաև լրագրողները հստակեցում պահանջեին դատախազից։ Նախ՝ ինձ համար անհասկանալի էր, թե ինչու սահմանը խախտելու մասով քրեական գործ չի հարուցվել, այլ հետո պետք է լրացվի ընդհանուր քրեական գործին։ Ես իրավաբան չեմ, բայց մտածում եմ, որ կարելի է առանձին քրեական գործ հարուցել։ Հետևաբար, սա փաստաբանների, իրավաբանների խնդիրն է, որ օրենքով սահմանված նորմերի շրջանակում հարցադրում անեն դատախազին, որովհետև, ամեն դեպքում, պետք է պրոֆեսիոնալիզմի մակարդակի հասցնել բոլոր երկխոսությունները, և ոչ թե զուտ կենցաղային մակարդակում լինեն։ Եվ հետո, գործընթացը որոշակի հաջորդականություն ունի, և շատ կարևոր է հստակեցնել ժամակացույցը, որ եթե դու մեկ ամիս հետո ես դիմում, պարո՛ն դատախազ, արդյոք դա իր բացասական հետևանքները չի՞ ունենում գործի վրա, արդյոք ձեր նամակն ուշացած և զուտ «գալչկայի» համար չի՞ լինի։ Այս հարցադրումները պետք է ներկայացվեին գլխավոր դատախազին, որպեսզի նա չկարողանար խուսանավել։

–Գյումրեցիները պահանջում էին, որպեսզի Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության ենթարկեն, որովհետև այդքան հավատում են հայաստանյան արդարադատությանը և կասկածի տա՞կ առնում Ռուսաստանի արդարադատությունը, թե՞ խնդիրը բոլորովին այլ է։

–Գյումրեցիների պահանջը չի փոխվել. նրանք պահանջում էին և հիմա էլ են պահանջում, և, կարծում եմ, դա մեծամասնության կարծիքն է, բայց հարցը միայն իրավական հարթությունում չէ։ Իրավականն, այո՛, շատ կարևոր է, սակայն մյուս հարթությունը բարոյականն է՝ որոշակի արժանապատվության խնդիր կա. այո՛, մեր երկիրն ունակ է դատավարություն անելու, մեր երկիրն ունակ է որպես առանձին ինստիտուցիոնալ միավոր, սուվերեն պետություն հանդես գալու։ Կա նաև մեկ հարց ևս։ Գյումրի քաղաքում մեծ թվով ռուս ազգաբնակչություն է ապրում, և անկախ հանցագործի ով լինելուց (որովհետև նման կարգի հանցագործն անասնական բնազդներով է և մարդ կոչվելու իրավունք չունի, և նման մարդիկ ազգություն չունեն)՝ այդուհանդերձ, երբ տվյալ հանցագործը մնում է ռուսական զինվորական բազայում, արդեն իսկ մարդկանց մոտ որոշակի հուզումներ, լարվածություն է առաջացնում այստեղ բնակվող ռուս ազգի այլ քաղաքացիների նկատմամբ։ Ուրեմն, խնդիրը, բացի իրավական, բարոյական, արժանապատվության հարթությունից, նաև ունի ապագայի համակեցության տարրեր, որովհետև ամեն օր մեծ վտանգ կա, որ կլինի հայ և ռուս ազգի ներկայացուցիչների հարաբերությունների վատթարացում։ Հետևաբար, և՛ մեր պետական իշխանությունները, և՛ առավել քան Ռուսաստանի պատկան մարմինները պետք է գիտակցեն այս հանգամանքը և փորձեն այս հարցն օր առաջ լուծել։ Ամողջ պատասխանատվությունը, եթե հիմա նրանք այդ կանխարգելումը չանեն, իրենց ուսերին է մնալու։

–Հիմա եթե անգամ գլխավոր դատախազը դիմի իր ռուս գործընկերոջը, ի՞նչ արժեք կունենա դա, որովհետև արդեն իսկ ոտնահարվել է մեր արժանապատվությունը հենց ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությամբ, որտեղ մեջբերվել էր ՌԴ սահմանադրությունը։

–Այդ մեջբերումը շատ արագ փոխվեց, և ինչքան իշխանության բոլոր մակարդակների կառույցների ներկայացուցիչներ ասեն, որ հանրային կարծիքն այդքան էլ մեծ ազդեցություն չունի, բայց դա այդպես չէ. հանրային կարծիքը շատ մե՛ծ ազդեցություն ունի։ Հիշենք, որ այդ հայտարարությունից անմիջապես հետո Գյումրիում լրիվ այլ հայտարարություններ հնչեցին՝ և՛ առավոտյան հրավիրված ասուլիսին, և՛ արդեն երեկոյան՝ բողոքի ցույցերի ընթացքում։ Ուրեմն, եթե այլ հայտարարություն է հնչում, դա ենթադրում է, որ նախորդ հայտարարությունն այլևս ուժը կորցրած է ճանաչվում։ Կարծում եմ՝ օրակարգում այլևս այդ հարցը չկա, որ դա Ռուսաստանի Սահմանադրության տիրույթում է։ Եթե մի անձը հայտարարություն է անում և հետո փոխում է իր հայտարարությունը, նշանակում է՝ անձն ինքն իր մասով պետք է ասի, դա ընդհանուրին այլևս չի վերաբերում։ Իսկ ընդհանուրը հստակ իր պահանջը ձևակերպեց, և անձը, ով այդ մասին խոսել էր, ընդունեց ընդհանուրի կարծիքը, ուրեմն այլևս ընդհանո՛ւրը չէ այդ օրենքի տակ, այլ օրենքն է ընդհանուրի համար։

–Տեղեկություններ տարածվեցին, որ Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակը գյումրեցիները ոտնատակ էին արել։ Որքանո՞վ է սա հավաստի։

–Ես նման բան չեմ տեսել, ուղղակի, ինչքան ես եմ իմացել, հենարանն է կոտրված եղել, այսպիսի խոսակցություններ կային, բայց հատուկ ոտնատակ անել ես չեմ հիշում։

–Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, չգնաց Գյումրի. գուցե վախեցա՞վ գյումրեցիների արձագանքից։

–Լավ կլինի, որ այդ հարցը հենց նրան ուղղեք, բայց ինձ համար որևէ արտառոց բան չէր լինի, եթե Սերժ Սարգսյանը գար։ Ընտանիքը հայ ազգի համար մշտապես եղել է կարևորագույնը։ Ինձ համար արտառոց չէր լինի, որ նա գար. արտառոց է, որ չի եկել։

–Գյումրեցիների մոտ մեծ մասամբ ի՞նչ տրամադրություններ են Սերժ Սարգսյանի հանդեպ։

–Սովորաբար, քաղաքական որևէ անձի նկատմամբ տրամադրություններն արտահայտվում են ընտրությունների միջոցով, իսկ դուք ընտրությունների արդյունքներն ինձանից լավ գիտեք։ Կեղծելով հանդերձ՝ արդյունքները դուք լավ գիտեք (2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտվել էր.– Ա.Մ)։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը