Լրահոս

02.10.2009 18:28


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիոն կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիոն կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Այս օրերին բոլորս վկան ենք հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, որը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ։ Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ելքը։ Գործընթացն իր վրա  է սևեռել ոչ միայն ՀԱյաստանի և Թուրքիայի, այլև միջազգային հանրության ուշադրությունը, նոր թափով միջազգային քաղաքական օրակարգ վերադարձնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետևանքային կապերը։ Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ամենևին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը, Հայաստնի Հանրապետությունն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Նախաստորագրված արձանագրությունները արտացոլում են Հայաստանի առաջ քաշած առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում մեր համազգային նպատակների և իղձերի իրականացման որևէ դուռ, այլ ընդհակառակը՝ ձևավորում է աշխատանքի նոր հարթակներ և մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ։ Մեր ժողովրդի իմաստնությունը  թելադրում է վճռականություն դրսևորել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում։ Մենք ողջունում ենք այս քաղաքականությունը, կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։

Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցություն

«Օրինաց երկիր» կուսակցության խմբակցություն

 

Այս խորագրի վերջին նյութերը