Մեկնաբանություն

21.01.2015 00:50


Գնաց, գնաց ու…տեղ չհասավ

Գնաց, գնաց ու…տեղ չհասավ

Երեկ կեսօրից հետո մի քանի կայքեր, այսպես ասած, սենսացիոն լուր հաղորդելու փութաջանությամբ տարածեցին, թե Սերժ Սարգսյանը գնում է Գյումրի՝ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու:

Սոցիալական ցանցերում անմիջապես սկսեցին հեգնել. «Էս էրեխուց շուտ ա հասնում Գյումրի՞»:

Կայքերից մեկն, օրինակ, հղում անելով իր աղբյուրներին, այսպիսի տեղեկություն հրապարակեց. ««Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այսօր երեկոյան Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում կայանալիք Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Քիչ անց նա մեկնելու է Գյումրի, իսկ նրան ուղեկցելու են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Կառավարության մի շարք ներկայացուցիչներ»:

Շատերը նույնիսկ ենթադրեցին, որ Սարգսյանի՝ Գյումրի այցելելու պատճառով են երեկ ոստիկանության զորքեր ուղարկել Գյումրի:

Բացի այդ, արդեն մեկ շաբաթ բոլոր լրատվամիջոցները նույն բանն են ասում՝ «Ողջ հանրապետությունը սգում է», ու, երեւի, արդեն շատ անհարմար կլիներ շարունակել սգացող հանրապետությունից մեկուսացված մնալը:

Ինչեւէ, «սենսացիոն լուրի» (որ ավելի շատ էժանագին գովազդի էր նման, թե տեսեք, Սերժ Սարգսյանը գնում է Գյումրի) տարածումից հետո մի քանի ժամ անց, երբ սկսվեց հոգեհանգստի արարողությունը, պարզվեց՝ Սերժ Սարգսյանը Գյումրի չի հասել: Եվ ընդհանրապես, չի մասնակցել փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողությանը:

Իշխանության ներկայացուցիչներից Սուրբ Նշան եկեղեցում էին վարչապետը, Կառավարության մի քանի անդամներ, Շիրակի մարզպետը եւ Գյումրիի քաղաքապետը:

Բոլորը մտածեցին, որ երեք ժամ առաջ Գյումրի ուղեւորվող Սերժ Սարգսյանը գուցե դեռ տեղ չի հասել եւ, երեւի, արարողության վերջում կհասնի:

Բայց ոչ, նա այդպես էլ տեղ չհասավ եւ չմասնակցեց փոքրիկի հոգեհանգստին, որի մահվան կապակցությամբ երեկ ցավակցական խոսք էր ասել շա՜տ վշտալի տոնով, այն էլ՝ Պուտինի ցավակցությունից հետո:

Ինչ խոսք, նրա այցը Գյումրի արդեն շա՜տ ուշացած կլիներ եւ նույնիսկ՝ անկարեւոր, քանզի եթե մարդը Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների հոգեհանգստի արարողությունը եւ հուղարկավորությունն անտեսել էր, հիմա արդեն նրա ներկայությունը Գյումրիում նշանակություն չուներ:

Պարզապես զարմանալի էին կայքերի գործադրած ջանքերը ամեն կերպ նրան Գյումրի ուղարկելու մասին «սենսացիոն լուր» տարածելու հարցում:

Թեպետ, չի կարելի բացառել այն, որ Սերժ Սարգսյանն առավոտյան նման մտադրություն ունեցել է, բայց հետո փոշմանել է:

Գուցե դարձյա՞լ Կրեմլից զանգի էր սպասում, ինչը չեղավ, եւ այդ պատճառով որոշեց չմեկնել Գյումրի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը