Մեկնաբանություն

21.01.2015 00:03


Սերժ Սարգսյանի վարքագիծը վերջին 8 օրերին

Սերժ Սարգսյանի վարքագիծը վերջին 8 օրերին

Հունվարի 12-ի Գյումրիի հանցագործության հաղորդումից հետո Սերժ Սարգսյանը «սելեկտորային խորհրդակցություն» հրավիրեց, որի ընթացքում շեշտվեց ամենակարճ ժամկետում հանցագործության մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Սակայն, ինչպես միշտ, Սարգսյանը ձախողեց:

Ձախողեց նաև այն իմաստով, որ հենց նրա կատարած քայլերի պատճառով Պերմյակովը հայտնվեց ռուսական իրավապահների վերահսկողության տակ, իսկ դրանից հետո Սարգսյանն անհետացավ:

Երկար ժամանակ մարդիկ հարց էին տալիս, թե ո՞ւր է Սարգսյանը, որովհետև իրավիճակն ամբողջ հանրապետությունում թեժացել էր, և բոլորը բացատրություններ էին պահանջում: Գյումրիում նույնիսկ բախումներ եղան քաղաքացիների ու ոստիկաների միջև, սակայն կրկին հանրությունը տեղեկացված չէր, թե որտեղ է Սարգսյանը:

Ի դեպ, արդեն սովորական երևույթ է, երբ Սարգսյանը ճգնաժամերի ընթացքում անհետանում է, սակայն հասարակությունը տվյալ դեպքում ասելիք ու լսելիք ուներ և փնտրում էր նրան:

Եվ ահա, հունվարի 16-ին հայ հասարակությունը բացահայտեց, որ Սերժ Սարգսյանը կա, ու նա կարևոր գործերով է զբաղված: Նախ՝ լրատվամիջոցներում նկարներ հայտնվեցին, որտեղ Սարգսյանը հետևում է շախմատի մրցույթին, այնուհետև լուր ստացվեց, որ «ֆուտբոլային» դիվանագիտության հիմնադիր Սերժ Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նամակին:

Փաստացի, շախմատի մրցույթին հետևելն ու Էրդողանին պատասխանելն ավելի կարևոր են Սարգսյանի համար, քան այն հարցերը, որոնց մասին չորս օր բարձրաձայնում էր հասարակությունը:

Նույնիսկ այդքանից հետո Սարգսյանը հասարակությանը որևիցե բացատրություն չտվեց, և միայն Սերյոժա Ավետիսյանի մահանալուց հետո նա հանրային ցավակցական խոսք հրապարակեց՝ երկրորդելով Պուտինին:

Սարգսյանն այնքան էր ուշացել ու իր այդ վարքագծով այնպես էր բացասական զգացումներ առաջացրել, որ արձագանքները նրա ցավակցական խոսքին, մեղմ ասած, շատ բացասական էին:

Կարող եք բացել ցանկացած լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջի այդ լուրի «փոստը» և կտեսնեք հանրային արձագանքի պատկերը:

Օրինակ՝ «News.am» լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջի այդ լուրը մոտ 300 մեկնաբանություն ունի, որոնց մեծ մասը հայհոյախառն խոսքեր են Սարգսյանի հասցեին: Ու հենց այդ քոմենթներն էլ լավագույնս արտահայտում են հանրության վերաբերմունքը Սարգսյանի պահվածքի հանդեպ:

Ութ օրվա ընթացքում Սարգսյանը Գյումրիի դեպքերի հետ կապված երկու հանրային քայլ է ձեռնարկել: Առաջինի դեպքում ձախողել է, իսկ երկրորդի դեպքում էլ, ուշացած վարքագիծ ընդունելու պատճառով, բացասական արձագանք ստացել հանրության կողմից:

Սարգսյանի վերջին ձախողումները ևս մեկ անգամ հաստատեցին, որ նա ձախողված քաղաքական գործիչ է ներքին և արտաքին քաղաքականության գրեթե բոլոր հարցերում:

Արմեն Գրիգորյան

Հ.Գ.։ Հոդվածը գրելու պահին լուրեր էին տարածվել, որ Սարգսյանը մեկնելու է Գյումրի՝ մասնակցելու փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողությանը: Սակայն պարզվեց, որ լուրերն այդ չեն համապատասխանում իրականությանը։

Այս խորագրի վերջին նյութերը