Մեկնաբանություն

20.01.2015 23:40


Առայժմ միայն ուժ ու տոկունություն են դրսեւորում Գյումրիում զորքեր մտցնելու գործում

Առայժմ միայն ուժ ու տոկունություն են դրսեւորում Գյումրիում զորքեր մտցնելու գործում

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից, դրան հաջորդած անկանխատեսելի ու անհասկանալի զարգացումներից, յոթ օր շարունակ կյանքի ու մահվան հետ կռիվ տվող փոքրիկ Սերյոժայի մահվանից հետո էլ անգամ երկրի քաղաքական եւ հոգեւոր իշխանությունները շարունակում են տարօրինակ վարքագիծ դրսեւորել:

Ի սկզբանե երկրում սուգ չհայտարարվեց, իսկ երեկ Սերժ Սարգսյանը փոքրիկի մահվան կապակցությամբ արված իր ցավակցական խոսքն ավարտեց այսպես. «Պիտի ուժ ու տոկունություն գտնել: Ապրելու ուրիշ բանաձև չկա: Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»:
Նախ՝ պետք էր ուժ ու տոկունություն գտնել հունվարի 12-ին սուգ հայտարարելու, Գյումրի այցելելու, Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների հոգեհանգստի արարողությանը եւ հուղարկավորությանը մասնակցելու համար, ինչից հրաժարվեցին թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ավելին, վերջինս պետք է Ս. Էջմիածնում հոգեհանգստյան պատարագ մատուցեր սահմռկեցուցիչ ոճրի զոհ դարձած ընտանիքի համար (թե՞ պատարագ մատուցվում է միայն այն ժամանակ, երբ եկեղեցում ներկա է լինում իշխանական վերնախավը):
Սա էլ չարվեց: Փոխարենը՝ փոքրիկ Սերյոժայի մահվան օրը հայտարարվեց, թե Գարեգին Երկրորդը մեկնել է եվրոպական շրջագայության: Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով մեկնել է Սփյուռքի թեմեր:

«Հայրապետական այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմերում, ինչպես նաև՝ Ավստրիայում, հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բարերարներից փող հավաքելն ավելի կարեւոր էր, քան իր հավատացյալ հոտի ներկայացուցիչների դաժան սպանությունը:

Մեկ օր ուշացումով միայն Վեհափառը որոշեց խոսք ասել փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: Ի դեպ, հունվարի 12-ից հետո նրա հրապարակած միակ խոսքը:

Հարց է՝ եթե երկրում սուգ հայտարարվեր, արդյոք Էրդողանն իրենց ճակատամարտի տոնական միջոցառումներին մասնակցելու համար Սերժ Սարգսյանին նման լպիրշ հրավեր կուղարկե՞ր: Բայց սա մի կողմ:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին այսօր նախագահականում ընդունելուց հետո ինչ-որ բան պարզվում է:

«Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Հանրապետության նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին»,- նշված հանդիպման մասին փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը կարեւորում է երկու երկրների իրավապահների համագործակցությունը հանցանքի քննության գործում: Այսինքն, Պերմյակովին հայկական արդարադատությանը հանձնելու մասին խոսք չկա: Այդ հարցը Սերժ Սարգսյանը չի քննարկել Բաստրիկինի հետ: Նման հարց իր ռուս գործընկերոջ հետ չի քննարկել նաեւ Աղվան Հովսեփյանը: Դե, իսկ ՀՀ գլխավոր դատախազը մինչեւ հիմա այդ հարցով չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին:

Ինչեւէ, իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, առայժմ միայն ուժ ու տոկունություն է դրսեւորում բավականին մեծ թվով ոստիկանության զորքեր Գյումրի լցնելու գործում: Գուցե նաեւ ուժ ու տոկունություն են դրսեւորել ու հիմա քննարկում են ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի անհեթեթ առաջարկը՝ ժամկետանց համազգային սուգ հայտարարելու մասին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը