Հարցազրույց

20.01.2015 16:50


Երվանդ Բոզոյան. «Մեր իշխանություններն արդեն ավարտված են և չունեն մանդատ ինչ-որ որոշում կայացնելու համար»

Երվանդ Բոզոյան. «Մեր իշխանություններն արդեն ավարտված են և չունեն մանդատ ինչ-որ որոշում կայացնելու համար»

NewsBook-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

-Պարոն Բոզոյան, տարին սկսվեց ԵՏՄ անդամակցությամբ, որը ենթադրում է ՀՀ և ՌԴ հարաբերությունների ավելի խորացում: Սակայն տեղի ունեցավ Գյումրիի ողբերգությունը: Ի՞նչ եք կարծում` տեղի ունեցածը կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:

-Հայ-ռուսական հարաբերությունները միշտ լավ են եղել, որովհետև Հայաստանը արժանապատիվ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Աշխարհում բացարձակ հարաբերություններ ոչ մեկ ոչ մեկի հետ չունի: Դուք տեսնում եք, թե ինչ հարաբերություններ կան: Պարզ է, որ գերտերությունն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան փոքր երկիրը, բայց ստեղծել այնպիսի վասալային վիճակ, որը Հայաստանն ունի այս պահի դրությամբ, այդպիսի բան ՀՀ-ի պատմության մեջ չի եղել: Սա կատարյալ վասալային կարգավիճակ է, որը օբյեկտիվորեն ժողովրդի մոտ առաջացնում է լատենտային մակարդակի դժգոհություն: Այսինքն` ժողովուրդը հասկանում է, որ սա աննորմալ իրավիճակ է և չի կարելի այս աստիճանի վասալային կարգավիճակ ունենալ: Ժողովուրդը մեծ մասամբ ռուսամետ կողմնորոշում ունի և մեծ մասամբ դրական է վերաբերվում Ռուսաստանին, բայց երբ դու քո երկիրը տանում և կամովի նման վիճակի մեջ ես դնում, ժողովրդի մոտ առաջանում է դժգոհություն: Եթե Հայաստանում լինի նորմալ իշխանություն և այդ իշխանությունը փաստացի կարողանա արժանապատիվ իշխանություն ձևավորի ու այդ արժանապատիվ կեցվածքով կարողանա Ռուսաստանի հետ վերականգնել մեր բարիդրացիական հարաբերությունները, ես կարծում եմ, որ ժողովրդի մեջ հակառուսական լատենտային դժգոհությունը կթուլանա:

-Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին ակտիվացել են եվրոպամետները և սկսել ակտիվ հակառուսական քարոզչություն անել: Ի՞նչ եք կարծքում` ի վերջո կհանգեցնի նրան, որ ՀՀ իշխանությունները փոխեն իրենց դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ:

-Ես կարծում եմ, որ մեր իշխանություններն արդեն ավարտված են և չունեն մանդատ ինչ-որ որոշում կայացնելու համար: Իրենք արդեն հասարակությունից կտրված զանգված են և կապ չունեն ՀՀ-ի հետ: Հենց այս պատճառով է, որ Հայաստանում նման իրավիճակ է ստեղծվել: Ինչքան շուտ այս ամենը Ռուսաստանում և Հայաստանում հասկանան, այնքան շուտ կազատվենք այս խայտառակ վիճակից: Ինչ վերաբերվում է եվրոպամետներին, ապա ցանկացած տեսակետ Հայաստանում կարող է լինել և դա նորմալ իրավիճակ է: Պարզապես, եթե մենք նորմալ իշխանություններ ունենանք, այդ ժամանակ բալանսավորված տարբեր տեսակետներ կլինեն և դա շատ դրական կլինի: Եթե այս իշխանությունները լինեին եվրոպամետ, հաջորդ իսկ օրը ժողովուրդը կլիներ կատաղած հակաեվրոպական, որովհետև այս իշխանությունների էությունն է այդպիսին: Ինքը, սեփական երկրում չունենալով ոչ մի հենարան, զբաղվում է բացարձակապես փող աշխատելով: Հանրային ոչ մի առաքելություն այս իշխանությունը չունի, դրա համար իրենց նպատակն է, որ չխանգարեն փող աշխատել: Փող աշխատելու համար, եթե պետք է հաճոյանալ դրսի ուժերին, ինքը հաճոյանում է: Այս պահի դրությամբ հանգամանքներից ելնելով Հայաստանը ավելի շատ հաճոյանում է Ռուսաստանին, ինչը Ռուսաստանի հանդեպ դժգոհություն է առաջացնում:

-Փաստորեն, մեր իշխանությունները, անգամ ինչ-որ պետության հետ հարաբերություններ փոխելու «ողնաշար» չունե՞ն:

-Եթե իրենց վերաբերմունքը փոխվի, դրանից ժողովրդի մեջ բան չի փոխվի, քանի որ ժողովուրդը այնքան չի սիրում այս իշխանություններին, որ իշխանությունը ինչ կողմնորոշում ունեցավ, ինքը դեմ կլինի: Ժողովուրդը առաջին հերթին մտածում է իր սոցիալական պայմաններից ելնելով, այսինքն` ինքը վատ է ապրում այսօր և սկսում է համապատասխան մտածել: Պարզապես ժողովուրդը ստրատեգիական իմաստով հասկանում է, որ մեծ հաշվով հայ-ռուսական հարաբերությունները դրական են եղել, ինքը միշտ պրոռուսական ժողովուրդ է: Ուղղակի այսօրվա իշխանությունները մեծ տաղանդ պետք է ունենան, որ պրոռուսական ժողովրդին կամաց-կամաց դարձնեն հակառուսական: Ես դրան, գոնե մոտ ժամանակներս չեմ հավատում:

-ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ամերիկան է կանխել Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա և 102-րդ ռազմաբազան մեծ դեր չի ունեցել: Հատկապես վերջին օրերին ակտիվացել են այն խոսակցությունները, թե ռուսական ռազմաբազան ոչ մի խնդիր չի լուծում: Ըստ Ձեզ` արդարացված են դժգոհությունները, թե` ոչ, և արդյո՞ք մեզ պետք է այդ ռազմաբազան:

-Այս պահի դրությամբ ես ժամանակավրեպ կհամարեմ ռազմաբազայի ճակատագրի մասին խոսելը: Ռազմաբազան այս պահի դրությամբ դեռ անհրաժեշտ է: Ես կարծում եմ, որ Հայաստանը ժամանակը պետք է օգտագործի, որ կարողանա իր անվտանգությունը այնպիսի մակարդակի հասցնի, որ ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը: Ցավոք սրտի, Հայաստանը դեռ այդ հնարավորությունը չունի: Իմ ցանկությունն այն է, որ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, ինչպիսին Իսրայելն է, որտեղ ոչ մի ռազմաբազա չկա: Մենք պետք է նպատակ ունենայինք և հասնեինք սրան, և եթե մենք դեռ դրան չենք հասել, ուրմեն այդ ռազմաբազան մեզ պետք է բոլոր իմաստներով: Առաջին հերթին` հոգեբանական իմաստով, և որ մեսիջ լինի Թուրքիային, որովհետև եթե այդ ռազմաբազան ներկա պահին չլինի, ապա ռազմաքաղաքական անվտանգության համակարգը մեր տարածաշրջանում կխախտվի ի վնաս մեզ, և մենք միանգամից դա կզանգ մեր մաշկի վրա:

Հարցազրույցը` Նաիրա Հարությունյանի

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս խորագրի վերջին նյութերը