Մեկնաբանություն

20.01.2015 15:05


Ուշացած ցավակցությունը չի ընդունվում

Ուշացած ցավակցությունը չի ընդունվում

Թախիծն ու սուգը մարդուն տրված շատ ուժեղ զգացմունքներ են։

Լինում են դեպքեր, երբ ներսում տեղի ունեցողը հնարավոր չէ բառերով արտահայտել։ Դրա համար է ասվում, որ անկեղծ ցավակցությունն իսկապես կարող է օգնել և ուժ տալ։

Արդյոք ուժ տվե՞ց կամ որևէ մեկին օգնե՞ց Սերժ Սարգսյանի ուշացած ցավակցական ուղերձը։ Այնքան ուշացած, որ ավելի լավ էր՝ չլիներ։

Իսկապես, ստացվում է, որ եթե հայ ժողովրդին ուղղված Պուտինի ցավակցական հայտարարությունը չարվեր, Սարգսյանից ձայն չէր լսվի։ Եվ ընդհանրապես, այս օրերին ո՞վ տեսավ իշխանությանը։ Խոսում և ցուցադրում էր միայն սերժամետ մամուլը՝ այն էլ «աշխարհաքաղաքական» ուղղության մեջ փորձելով խեղդել այս իշխանությունների, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածքը։

Հայտնի խոսք կա՝ ուշացած ցավակցությունը ոչ մեկին պետք չի։ Այն չի ընդունվում։
Գյումրիի ողբերգությունը թույլ չի տալիս շատ ծավալվել։ Բայց այն հերթական անգամ ցույց տվեց՝ Հայաստանի գործող իշխանությունը Բաղրամյան 26-ից այն կողմ չի անցնում. գրավել են ամրոցն ու փակվել։

Իշխանությունները բացարձակապես ոչ մի կապ չունեն երկրի քաղաքացիների ոչ ուրախության, ոչ էլ սգի հետ։ Սրանք վերածվել են ամեն ինչից կտրված, միայն սեփական շահը պաշտպանող ամորֆ զանգվածի։ Այնքան ամորֆ, որ դրսից հեռակա կարգով խոսում են Հայաստանի բնակչության, այլ ոչ թե նրա գործող իշխանության հետ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը