Հարցազրույց

20.01.2015 14:51


Գ. Իսագուլյան. «Իշխանավորները, բացի անձնական շահից, ուրիշ որևէ բան չեն կարողանում տեսնել»

Գ. Իսագուլյան. «Իշխանավորները, բացի անձնական շահից, ուրիշ որևէ բան չեն կարողանում տեսնել»

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

–ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովն այսօր հետաձգվեց, որին Դուք ևս հրավիրված էիք։ Համամի՞տ եք այս որոշման հետ։

–Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո իրոք շատ ծանր վիճակ է ստեղծվել, և այսօր խորհրդաժողովը չանցկացնելն ամենաճիշտ որոշումն էր։ Կարծում եմ՝ մի քանի օր անց արդեն կարելի է մտածել խորհրդաժողովի օրը նշանակելու մասին, որից հետո մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են այսօր Հայաստանում, և կառաջարկենք այն ճանապարհները, որոնցով հնարավոր է Հայաստանը դուրս բերել ներկա սոցիալ–տնտեսական, քաղաքական ծանր վիճակից։

–Ինչպե՞ս եք մեկնաբանում հայաստանյան իշխանությունների գործելաոճը, մասնավորապես այն, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ համազգային սուգ չհայտարարեց, և ավելին՝ օրեր շարունակ պարզապես լռում էր։

–Իհարկե, շատ ցավալի է. միայն այն բանից հետո, երբ փոքրիկը մահացավ, և երբ արդեն Ռուսաստանի նախագահը ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին, և նույնիսկ ներողություն խնդրեց զինվորի կատարած հանցագործության համար, դրանից հետո միայն մեր իշխանավորները՝ բոլորը համահունչ, ցավակցություն են հայտնում, ինչը, կարծում եմ, բավականին ուշացած է։ Երևի սպասում էին ինչ–որ մեկի թույլտվությանը։ Սա մեծագույն ողբերգություն էր, և հենց առաջին օրը պետական ինստիտուտների բոլոր ղեկավարները պարտավոր էին ցավակցություն հայտնել, և դա բավականին կթեթևացներ մնացած մարդկանց վիճակը։

–Մի այսպիսի միտք են ուզում սերմանեն, թե Ս. Սարգսյանն ուզում էր, բայց Վ. Պուտինը նրան թույլ չէր տալիս անդրադառնալ այս ողբերգությանը, և սգո օր հայտարարեր։ Ձեր կարծիքով իրո՞ք Ռուսաստանն է արգելում Սերժ Սարգսյանին լինել անկախ, թե՞ նա սեփական նախաձեռնությամբ է ընտրել հնազանդի իր այս կարգավիճակը։

Կարծում եմ՝ բացառապես մեր իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծն է, այլապես Ռուսաստանի նախագահը որևէ խնդիր չուներ նման բան որևէ մեկին ասելու։ Ուղղակի, չգիտես՝ ինչու, մերոնք մտածում էին, որ գուցե իրենց ցավակցական խոսքով կամ սուգ հայտարարելով՝ ինչ–որ մեկի նկատմամբ կանեն քայլ, որն անդարձելի է։ Ընդհակառակը՝ հենց առաջին օրը եթե դա արվեր, որևէ այլ վերաբերմունք, քան հասկանալը, չէր լինի։ Երբ քո առաջնային խնդիրը ոչ թե պետականությունն է, պետության հզորացումը, ժողովրդի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծումը, այլ սեփական իշխանությունը պահպանելը, սա հանգեցնում է նրան, որ իշխանավորները, բացի անձնական շահից, ուրիշ որևէ բան չեն կարողանում տեսնել, այդ թվում նաև՝ ծանր ողբերգությունները։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը