Մեկնաբանություն

19.01.2015 15:20


Ով է խարխլում պետության հիմքերը

Ով է խարխլում պետության հիմքերը

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից երկու օր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հունվարի 10-ին լուռ ակցիա էր կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: ՀՀԿ երիտթևի անդամները ծաղիկներ և մոմեր դրեցին դեսպանատան դիմաց հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանն էլ այդ օրը, եղերամոր տեսք ընդունած, հայտարարեց. «Մեծ ցավ եմ ապրում աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման և անմեղ զոհերի համար»։

Մի խոսքով, այդ օրը ՀՀԿ երիտթեւն իր զորակցությունն ու ցավակցությունը հայտնեց զոհերի ընտանիքներին և Ֆրանսիայի ժողովրդին:

Ինչպես հայտնի է, նույն այդ երիտթեւը Գյումրիում չերեւաց թե՛ ողբերգության օրը եւ թե՛ դրան հաջորդած օրերին: Չմասնակցեցին Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի արարողությանը եւ հուղարկավորությանը:

Կարեն Ավագյանի կազմակերպությունը միայն մասնակցում է ֆլեշմոբերի, նախընտրական արշավների եւ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական հանդիսությունների, որոնք հիմնականում ավարտվում են հրդեհով: Նաեւ՝ նախագահականի գրանտներով ցցվում է Ազնավուրի հրապարակում եւ «հայրենասիրական» ակցիա անում «Ո՛չ Թուրքիայում հանգստին» կարգախոսով:

Երեւի նախագահական պալատից Կարեն Ավագյանին հատկացվող գրանտային ծրագրերում երկրում տեղի ունեցած արտառոց դեպքերին պատշաճորեն արձագանքելու, հայրենակիցների սպանությունը դատապարտելու, հայության հետ ողբերգությունը սգալու եւ հարազատներին ցավակցելու վերաբերյալ մրցութային թեմա չի ներկայացվել, եւ այն հաղթող չի ճանաչվել: Այլապես ՀՀԿ երիտթեւը, Ավագյանի գլխավորությամբ, մի պաստառ կառներ ու կվազեր Գյումրի:

Փոխարենը՝ Կարեն Ավագյանն այսօր՝ Ավետիսյանների հուղարկավորությունից չորս օր հետո, «Ֆեյսբուքի» իր էջում բողոքում է հասարակության մեջ նկատվող «վիրուսների» մասին: Նա այդպես է անվանում մարդկանց այն խմբերին, ովքեր «լիցքեր ու բավարարվածություն են ստանում վատից, բացասականից»:

Ըստ մեթան գազի եւ վիրուսների մասնագետ Կարեն Ավագյանի՝ այդ մարդիկ պատվեր են կատարում, որոնք ժամանակին թիրախ էին ընտրել Պաշտպանության նախարարությանը, իսկ այսօր թիրախավորել են իրավապահ մարմիններին։

«Ու իրենց ներսի բացասականը տարածելու գործում միջոցների առջև կանգ չեն առնում։ Ցավալի այդ մարդիկ դա անվանում են ազատ խոսք, ժողովրդավարություն այն դեպքում, երբ իրականում խարխլում են պետության հիմքերը»,- վշտացած գրում է Ավագյանը:

Շտապենք «մխիթարել» ՀՀԿ երիտթեւի ղեկավարին ու բացել նրա աչքերը:
Այս երկրում եթե կա մի ուժ, որը խարխլում է պետության հիմքերը, ապա դա իշխող ուժն է՝ իր առաջնորդի գլխավորությամբ:

Եթե Ավագյանի առաջնորդն իր տեղում լիներ, ապա ուժային կառույցներն էլ իրենց տեղում կլինեին, եւ ոչ մի «վիրուս» չէր թիրախավորի Գյումրիի ոճրագործությանը ոչ ադեկվատ արձագանքած, իրենց անհասկանալի եւ անտրամաբանական գործողություններով աչքի ընկած գլխավոր դատախազությանը եւ ոստիկանությանը:
Սակայն ինչի՞ մասին է խոսքը, երբ հունվարի 12-ից մինչ օրս անհամարժեք է գործում Ավագյանի սիրելի Սերժ Սարգսյանը:

Իսկ ընդհանրապես, ամենավտանգավոր վիրուսակիրը հե՛նց իշխանությունն է, որն իր անկարողությամբ ախտահարել է երկրի բոլոր ոլորտները՝ կասկածի տակ դնելով հայրենիքի ապագան:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը