Մեկնաբանություն

18.01.2015 10:30


Բա սրանց նմաններին Կրեմլը ո՞նց չարհամարհի

Բա սրանց նմաններին Կրեմլը ո՞նց չարհամարհի

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից վեց օր հետո միայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին թույլատրվեց խոսել այդ թեմայով:

Բայց ավելի լավ է չխոսեին, քանզի իշխանություններն իրենց դրսեւորած վարքագծով արդեն լիովին խայտառակվել են:

Անցած օրերին ասպարեզ էին հանել միայն գլխավոր դատախազին, որն էլ այնքան անհեթեթություններ դուրս տվեց, ինչից ակնհայտ դարձավ, որ Կոստանյանը օրենքի սահմաններում գործողություններ իրականացնելու հարցում խարխափում է անորոշության մեջ: Չլինեին ընդվզող գյումրեցիները, նա այդպես էլ սեփական քայլերի հաջորդականության մասին չէր իմանա: Թեպետ, մինչ այս պահը դեռ վստահ չենք՝ Կոստանյանն, այնուամենայնիվ, դիմե՞լ է ՌԴ դատախազությանը՝ վեց մարդու սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հայկական արդարադատությանը հանձնելու խնդրանքով (հայկական կողմը պահանջել չի կարող, միայն՝ խնդրանք ու պաղատանք):

Մյուս կողմից էլ Կոստանյանին կարելի է կարեկցել: Նա իսկապես գտնվում էր հայտնի վիճակում՝ «Ախր, որ իմանամ ինչ ասեմ՝ կասեմ, բայց որ չգիտեմ ինչ ասեմ՝ ո՞նց ասեմ»:

Մի խոսքով, Բաղրամյան 26-ից երիտասարդին մի օր մի բան էին հրահանգում ասել, մյուս օրը՝ լրիվ հակառակ բանը:

Հիմա էլ հետին թվով ոստիկանության որոնողական աշխատանքների մասին է պատմում Վլադիմիր Գասպարյանը: Դե, մինչ այս նրա տեղակալ Երանոսյանն էր Գյումրիում գործում՝ հաշվելով «հարբած» ցուցարարներին թիվը:

Իսկ շեֆը զբաղված էր հունվարի 12-ի իրավիճակի վրա կենտրոնանալով, թե ինչ պետք է ասի հանրությանը:

«Մեր խնդիրն է եղել ստեղծել մի իրավիճակ, որ հանցագործը չհեռանա այդ տարածքից և զգուշանա նոր հանցագործություն իրականացնելուց: Մենք որոշակի կանխատեսումներ ունեինք հնարավոր տարբերակների մասին, թե ուր կարող էր նա գնալ: Ձերբակալումից 2 ժամ առաջ մենք տեղեկատվություն ստացանք Պերմյակովի վերաբերյալ, և 35 հոգանոց խումբ մեկնեց այնտեղ` ստուգելու տարածքը և զգուշացնելու սահմանապահներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՀՀ ոստիկանապետը։

Ուրեմն՝ պարզվում է ՀՀ ոստիկանությունը Պերմյակովի տեղն իմացել է, բայց չգիտես ինչու ցանկացել է, որ նրան բռնեն ռուս սահմանապահները:

ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո Գասպարյանը ամեն տարի մի հարյուր անգամ հայտարարում էր, թե ոստիկանությունում լայն թափով բարեփոխումներ են իրականացվում, հայ ոստիկանների պրոֆեսիոնալիզմին աշխարհը չի հասնի, հայ ոստիկանները դարձել են շատ կիրթ (երեւի, գրել-կարդալ են սովորել) եւ այլն:

Ահա եւ տեսանք ՀՀ ոստիկանությունում իրականացված «բարեփոխումների» արդյունքը: Երկու ժամ սպասել են, որ ռուսները բռնեն Պերմյակովին:

Այսպիսի պրոֆեսիոնալիզմ, իրոք, աշխարհը չի տեսել: Համ էլ հայ ոստիկանները շատ կիրթ են դարձել ու երեւի կրթվածությունը թույլ չի տվել ռուսներից առաջ ընկնել ու ձերբակալել Պերմյակովին:

Ի դեպ, Գասպարյանը շարունակ շեշտում է հետախուզման մեջ գտնվող անձի կողմից հնարավոր հանցագործություններ կատարելու մասին, որ կարող էր կատարել Ավետիսյանների տնից հեռանալուց հետո: Իսկ հիշո՞ւմ եք, չէ, որ հունվարի 12-ին նույն ոստիկանությունը քանիցս հայտարարում էր, թե այլեւս վտանգ չկա, քանի որ հանցագործը ինքնաձիգը թողել է դեպքի վայրում:

Ինչեւէ, առայժմ ոչինչ չես հասկանում հայոց իրավապահ համակարգի պատասխանատուների հակասական հայտարարություններից եւ անտրամաբանական գործողություններից:

Մինչդեռ, Գալուստ Սահակյանի համար ամեն ինչ պարզ է։

«Բացահայտված է դեպքը, ես կարծում եմ ցմահ կլինի մահապատիժը»,- հայտարարել է ԱԺ նախագահը:

Դե որ բացահայտված է, էլ ի՞նչ նախաքննություն ու դատաքննություն:

Ինչ վերաբերում է Սահակյանի հայտարարության երկրորդ մասին, ապա գործ ունենք կլինիկական դեպքի հետ: Սահակյանը, թերևս, ուզեցել է ասել, որ ցմահ կլինի դատավճիռը, քանզի մահապատիժը ցմահ չի լինում

Լսելով Գալուստ Սահակյանին, անգամ ողբերգության ֆոնին՝ հանրությունը հռհռում է:

Իսկ դուք ասում եք Կրեմլը արհամարհում է ՀՀ իշխանություններին:

Բա սրանց նմաններին ո՞նց չարհամարհի: Իրենք իրենց են արհամարհում, էլ ուր մնաց, թե ուրիշները չարհամարհեն։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը