Մեկնաբանություն

17.01.2015 12:10


Սերժը Էրդողանին. «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ ու գամ. դու արի, որ ես էլ գամ»

Սերժը Էրդողանին. «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ ու գամ. դու արի, որ ես էլ գամ»

Հիմա արդեն պարզ է, թե ինչու Սերժ Սարգսյանը Գյումրիում տեղի ունեցած զարգացումներին ու բախումներին չարձագանքեց անգամ դրա հաջորդ օրը։ Նա զբաղված էր։ Էրդողանի պատասխան նամակի վրա էր աշխատում։

Թուրք պաշտոնյաներին օդից ու ցամաքից նամակներ և «SMS»–ներ ուղարկելը, ինչպես հայտնի է, «Վերջի բոլշևիկի» ամենասիրած գործն է, և բնական է, որ նա Գյումրին չնկատեց, իսկ ահա Էրդողանի ցինիկ ու նվաստացուցիչ հրավերին օպերատիվ արձագանքեց։

Ինչ վերաբերում է «սիրային» նամակներին, ապա հերթական անգամ երևաց, թե ինչպիսի ավերածությունների պատճառ է դարձել «ֆուտբոլային» դիվանագիտությունը, և ինչպես են հարվածի տակ դրվել մեր պետության անվտանգությունն ու արժանապատվությունը «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության արդյունքում։

Էրդողանը լկտի ձևով ծաղրում ու «փչացնում» է Սերժ Սարգսյանին՝ «փչացնելով» նաև մեզ, քանզի Հայաստանը դրսում, ոչ բարով, ՀՀԿ ղեկավարն է ներկայացնում։

Նալբանդյան Էդիկի միջոցով Էրդողանին Հայաստան այցելելու հրավերն ուղարկելը հերթական «նախաձեռնողական» քայլն էր, և «էն գլխից» պարզ էր, որ պետք է խիարը թարս բուսներ։ Եվ բուսնեց։ Էրդողանը հիմա ցինիկաբար հրավիրում է Սերժին Թուրքիա, այն էլ՝ ապրիլի 24–ին։

Սերժի պատասխանը «Դու հրավերս ընդունի, որ ես էլ քոնն ընդունեմ» ոճի մեջ էր։ Ճիշտ է, իշխանական քարոզչամեքենան փորձում է Սերժի պատասխանը ներկայացնել որպես հուժկու քայլ և Էրդողանի պորտը տեղը դնելու միջոց, բայց դա պարզապես ծիծաղելի է, քանզի մինչ այս հուժկու քայլ էր համարվում Էրդողանին ապրիլի 24–ին Երևան հրավիրելը։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում, իսկ ահա թուրքերն առավել քան լուրջ են պատրաստվում, և Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակին աշխարհի առաջնորդներին մի տեղ հավաքելու ծրագիրն այդ ամենի վկայությունն է։

Ի դեպ, շտապում ու միգուցե նաև սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Սերժը դիվանագիտական լեզվով կոպտորեն մերժել է Էրդողանի հրավերը, և չի մեկնի Թուրքիա։ Փորձը մեզ այլ բան է հուշում։

Եթե մինչև այս տարվա ապրիլի 24–ը ՀՀԿ ղեկավարը մնա ՀՀ նախագահի աթոռի վրա, ապա չի բացառվում, որ «նախաձեռնողականություն» ցուցաբերի և ընդունի Էրդողանի հրավերը՝ ծաղրի առարկա դարձնելով մեր երկիրն ու ողջ հայությանը։ Մերոնց մարզաշապկի վրայից Արարատը պոկողից, Ծիծեռնակաբերդի լուսերը Գյուլի «ազիզ խաթեր համար» անջատողից, հայ–թուրքական չարաբաստիկ արձանագրությունները ստորագրողից և այդ արձանագրություններից պինդ բռնվողից ամեն ինչ սպասելի է։ Հետո ի՞նչ, որ Սերժը Էրդողանին ասում է, թե դու նախ իմ հրավերն ընդունի, հետո նոր միայն քո հրավերի մասին կմտածենք։

«Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում էլ էր, չէ՞, Սերժ Սարգսյանը հայտարարում, թե ինքը կմեկնի Թուրքիա ֆուտբոլ դիտելու, եթե ունենանք բաց սահմաններ, կամ լինենք բացման նախաշեմին։ Բաց սահմաններ չունեցանք և, մեղմ ասած, բացման նախաշեմին չենք մինչև հիմա, բայց Սարգսյանն այն օրերին մեկնեց Թուրքիա, մերոնց «կերած» գոլից հետո «թռավ» Գյուլի դեմքին, համտեսեց Թուրքիայի նախագահի կնոջ պատրաստած քյաբաբները և «հաղթանակած» վերադարձավ Հայաստան։

Պարզ է, որ հիմա նույնիսկ Սերժ Սարգսյանն է հասկացել, որ սխալվել է իր «նախաձեռնողականության» մեջ, բայց դե, նա մնացել է այդ «նախաձեռնողականության» տակ, և նրանից ամեն ինչ սպասելի է։ Մանավանդ որ թուրքական խաղաքարտը «Վերջի բոլշևիկի» միակ հենարանն է մնացել։ Չհաշված, իհարկե, ՀՅԴ վերնախավին «Նախագա՛հ, մի՛ զիջիր ... սահմանադրական փոփոխությունները» ծրագրի շրջանակներում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը