Մեկնաբանություն

16.01.2015 14:54


Կորել է ՀՀ քաղաքական իշխանությունը. համարել անվավեր

Կորել է ՀՀ քաղաքական իշխանությունը. համարել անվավեր

Հունվարի 12-ից մինչեւ հիմա մտածում եմ, թե ստահակ Պերմյակովի հետ ինչո՞ւ հետախուզում չհայտարարվեց նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Առաջինը, այնուամենայնիվ, հայտնաբերվեց, իսկ երկրորդը դեռ չի հայտնաբերվել: Այսինքն, հունվարի 12-ից այս կողմ՝ ժողովուրդը Սերժ Սարգսյանին նախագահական պալատից դուրս չի տեսել: Ասենք՝ Գյումրիում:

Լսել է, որ երիտհանրապետականների հետ տոնական հավաքույթի է մասնակցել (այսօր էլ շախմատային միջոցառման է մասնակցել):

Ի դեպ, Տարոն Մարգարյանի հրավերին էլ արձագանքել եւ քաղաքապետարանի տոնական ֆուրշետին է մասնակցել շոու բիզնեսի, հեռուստատեսային «տիտանների աստղաբույլը»:

Երեւանի քաղաքապետը զոռով-շառով չեղյալ հայտարարեց հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում նախատեսված տոնական համերգը, ինչի համար միլիոններ էին դուրս գրվել: Ու «աստղային» քեֆը տեղափոխեց իր «տարածք»՝ քաղաքապետարան: Մի խոսքով, «միլիոնանոց» քեֆ արեցին:

Քեֆ էին անում տղերքը, քանզի կյանքը մի անգամ է տրվում, իսկ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների կյանքը՝ հեչ:

Հանրությունը տեսել է նաեւ, որ Գյումրիի ողբերգության օրերին Սերժ Սարգսյանն ընդունում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային: Իսկ ԱԳ նախարարն ընդհանրապես իջել էր ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:

Հունվարի 15-ին Ավետիսյանների հուղարկավորությանը եւս Սերժ Սարգսյանը չմասնակցեց: Դե հիմա…

Ինչպես Աշոտյանն է հայտարարում՝ ավտովթարից տուժածների մակարդակի բան էր Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը: Ուրեմն, պարտադիր չէր, որ իր շեֆը մասնակցեր:

Հետո սկսվեց գյումրեցիների բողոքի ցույցը, որոնք գրոհեցին Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի շենքի ուղղությամբ: Մարդազուրկ շենքի: Իսկ մինչ այդ Շիրակի դատախազության շենքի դիմաց էին անցկացնում բողոքի ակցիան:

Այս ամենը վերահսկում էր ականջ կտրող Լեւոն Երանոսյանը՝ ՀՀ փոխոստիկանապետը:

Քանի որ Սերժ Սարգսյանին հայհոյողներ չեղան, Երանոսյանը ոչ մեկի ականջը չկտրեց: Փոխարենը՝ լուռ հետեւում էր, թե ինչպես էին ոմանք ջանում հակառուսական «լադի» վրա պահել ցուցարարներին:

Ավելի վաղ Երեւանում ՌԴ դեսպանատան դիմաց «սգակիրների» խումբը փորձեց այրել ՌԴ դրոշը: Չհաջողեցին («զաժիգալկան» թույլ էր) ու որոշեցին ոտնատակ տալ դրոշը: Մինչդեռ, էս ց.վերգոները չեն հանդգնում մի օր ոտնատակ տալ ՀՀԿ-ի դրոշը, որի առաջնորդը միանձնյա որոշմամբ երկիրը մտցրեց ԵՏՄ:

Բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորների եւ բերման ենթարկվածների թիվը ժամ առ ժամ աճում էր, բայց Սերժ Սարգսյանից՝ «ոչ հռոց, ոչ բռոց»:

Ահա այսպիսի «ապահով Հայաստան»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը