Մեկնաբանություն

16.01.2015 14:00


Երբ իշխանություն չկա

Երբ իշխանություն չկա

Հայտնի ասացվածք կա. «Ընտանիքում, ինչպես պետության մեջ, ամենավտանգավորն անիշխանությունն է»։

Գյումրիի դեպքերը հերթական անգամ ցույց տվեցին՝ Հայաստանի իշխանությունները չկան։ Դե յուրե, դե ֆակտո, դե «գաղջո» ... չկան։ Հարսանիքներին՝ կան, քեֆերին, թաղումներին՝ կան, Գեղամյանի գրքի շնորհանդեսին՝ կան... Ու վերջ։

Պատահական չի, որ ով ասես, ինչ հաճախորդ ասես՝ հայտարարում է, թե «պատրաստ է ղեկավարել երկիրը»։ Հա, բա ոնց...

Գյումրիի դեպքերը ցույց տվեցին նաև խիստ կարևոր մեկ այլ բան։ Երբ բարձրախոսով մարդիկ իրենց կոչերում կամ հայտարարություններում «գծից ընկնում» էին և քողարկված ձևով «անկախ» մամուլի գիծն էին առաջ տանում, հավաքվածները տեղում ուղղում էին՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է։

Երեկ Գևորգ Կոստանյանը Շիրակի դատախազության շենքի պատահուններից լսելով «Եթե 10 րոպեից չիջար, ուրեմն պահանջելու ենք, որ Սերժ Սարգսյանը գա» պահանջը, անմիջապես հայտնվեց հազարավոր ցուցարարների առջև։ Այդ նույն գլխավոր դատախազը, ով դրանից ժամեր առաջ «ես դեմք եմ» պաթոսային դերի մեջ էր...

Երեկ Գյումրիում տեսանք, թե ով է իրականում հաշվետու ժողովրդի առաջ։ Այնտեղ իշխանություն չկար։ Բոլորս գյումրեցիների հետ արժանապատիվ իշխանություն ենք պահանջում։ Բայց երբ իշխանություն չկա, որևէ բան նրանից պահանջելն անհեթեթ է։

Ելքը հասկանալի է՝ որն է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը