Հարցազրույց

15.01.2015 14:12


«Դ!եմ եմ» անդամ. «Խնդիրը նստած է Բաղրամյան 26–ում, ոչ թե Ռուսաստանի դեսպանատանը» (տեսանյութ)

«Դ!եմ եմ» անդամ. «Խնդիրը նստած է Բաղրամյան 26–ում, ոչ թե Ռուսաստանի դեսպանատանը» (տեսանյութ)

Հարցազրույց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանի հետ

–Այսօր Բաղրամյան 26–ի՝ նախագահական նստավայրի մոտ բողոքի գործողություն եք իրականացնում։ Ի՞նչ պահանջներ ունեք։

–Եկել ենք զորակցելու Գյումրիին. տեղյակ ենք, որ այնտեղ այս պահին և երեկ էլ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Պահանջը նույնն է՝ Գյումրիում տեղի ունեցած սպանդի բոլոր մեղավորներն իրենց պատիժը կրեն Հայաստանում, այսինքն՝ Հայաստա՛նն իրականացնի և՛ դատավարությունը, և՛ հանցագործները պատիժը կրեն Հայաստանում։ Սա համարում ենք պետական մակարդակի ամոթ. եթե Ռուսաստանի քաղաքացին ոճիր է գործում, այն էլ՝ սպանում իր անկողնում քնած խաղաղ ընտանիքի, և ՀՀ իշխանությունները չեն կարողանում ինչ–որ բան անել, որպեսզի հանցագործները կրեն իրենց պատիժը Հայաստանում, սա պարզապես խայտառակություն է։

ՀՀ գլխավոր դատախազն այսօր ասուլիսով հանդես եկավ ու հիմնավորում էր, որ միջպետական պայմանագրի 5–րդ կետով՝ Պերմյակովը պետք է մնա հենց ռուսական կողմի իրավազորության ներքո։ Դուք այդ ասուլիսին հետևե՞լ եք ու ի՞նչ մեկնաբանություն ունեք նրա այդ հայտարարության հետ կապված։

–Ասուլիսին մասամբ եմ հետևել, որովհետև հարցերին հստակ պատասխաններ չէր տալիս։ Այդ իսկ պատճառով մեր պահանջը մնում է ակտուալ, քանի որ այս պահին հստակ ոչ ոք չի ասել, որ և՛ դատավարությունը, և՛ պատիժը կրելը լինելու են Հայաստանում։

–Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են այսպիսի՝ ինչ–որ առումով ստորացուցիչ դիրքորոշում ընդունել։

–Հայաստանի իշխանություններն արդեն շատ վաղուց ստորացուցիչ դիրքորոշում ընդունած՝ շփվում են Ռուսաստանի հետ, ու դրա մասին վկայում են բազմաթիվ երևույթներ։ Սա էլ դրանցից մեկն է։ Իսկ ինչո՞ւ են ընդունել. դրա պատճառները շատ ավելի խորն են։ Առաջինը, որ կարող եմ նշել, ոչ լեգիտիմ իշխանությունների պատճառով է. երբ դու լեգիտիմ իշխանություն չես, փնտրում ես հովանավորների։

–Այսինքն, կարծում եք, որ խնդրի լուծումը, եթե գլոբալ ենք վերցնում, լեգիտիմ իշխանության ձևավորումն է։

–Այս պահին՝ միգուցե ոչ. այս պահին քաղաքական կամքի դրսևորումն ու պահանջն այն է, որ հանցագործը դատապարտվի Հայաստանում, իսկ ընդհանրապես, այսպիսի երևույթները բացառելու նախապայման է հանդիսանում լեգիտիմ իշխանություններ ունենալը։

–Այսօր դուք նախագահականի մոտ եք բողոքի գործողություն իրականացնում։ Ռուսաստանի դեսպանատուն չե՞ք գնացել, ինչպես ոմանք։ Ինչո՞ւ հենց Բաղրամյան 26–ում։

–Որովհետև մենք հասկանում ենք, որ խնդիրը նստած է այս շենքում, ոչ թե Ռուսաստանի դեսպանատան շենքում։ Բոլոր խնդիրները սկսվում են այստեղից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը