Լրահոս

01.10.2009 17:49


«Ժառանգություն» խմբակցության անունից Ստեփան Սաֆարյանի ելույթը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին նվիրված խորհրդարանական լսումներում

Խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ,

Նախ թույլ տվեք ողջունել այս լսումները, որոնց կազմակերպման առաջարկով սեպտեմբերի 4-ին հանդես եկան «Ժառանգություն» և «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» ընդդիմադիր խմբակցությունները Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի սեպտեմբերի 4-ի նիստում, որին ընդառաջեց խորհրդարանական մեծամասնությունը: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ բազմակարծ լինելուց զատ, հագեցած է լինելու փաստարկված գնահատականներով ու վերլուծություններով, ինչպես նաեւ' լուծումներով:  

Հարգելի հայրենակիցներ,

Քննարկման առարկա նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում արտացոլված է 18-ամյա Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, իրավական, ժողովրդավարական, դիվանագիտական, ռազմական ու միջազգային ողջ ուժը, զորությունը, իսկ մենք կավելացնեք' նաեւ թուլությունը, տկարությունը: Դրանք հայելին են այն «ուժեղ» պետության, որը կառուցել են Հայաստանի իշխանությունները այս տարիների ընթացքում: Այս փաստաթղթերը հիրավի հանրագիտարան են Հայաստան պետության ազգային-պետական շահերը սահմանելու, դրանց հիման վրա արտաքին քաղաքականություն եւ ինքնիշխան նպատակներ հետապնդելու, մեր վերանվաճած անկախությունն իրացնելու կարողությունների առումներով: Այն մարդիկ, ովքեր այսօր դրանցում ռիսկեր, խութեր, քողարկված տեսքով թուրքական նախապայմաները չեն տեսնում, վստահաբար' չեն տեսնելու նաեւ այդ տեքստերում առկա բովանդակության ուղղակի կապը կեղծված ընտրությունների, հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, քաղբանտարկյալների առկայության  պատճառով մեր երկրի ու հասարակության ստացած հարվածների հետ:     

Այժմ դառնամ արձանագրությունների բովանդակությանը: Դրանք երկու եզրահանգման տեղիք են տալիս. կամ Հայաստանը ազգային-պետական շահեր չունի, կամ Հայաստանի իշխանությունները այդ շահերի կրողը չեն: Երկու գնահատականից էլ, կարծում եմ, ոչ մեկս իրեն մխիթարված չի զգում:

Այս արձանագրություններն արտացոլում են Հայաստանի անկախության աստիճանը, որն արդեն մոտենում է զրոյի: Որեւէ մեկը չի ցուցանել այդ տեքստերում Հայաստանի ու հայ ժողովրդի շահը արտացոլող դրույթ' բացի իշխանական քարոզչության մեջ հանդիպող այն սին խոսքերը, թե «հարեւանների հետ հարաբերություններն ենք կարգավորում», «սահմանի բացումը լավ է» եւ այլն: Մինչդեռ արձանագրություններում տեսանելի են թուրքական կողմի համար կենսական այնպիսի շահեր, ինչպես' ա) սահմանի ճանաչումն է' այն գծագրող միջազգային պայմանագրերի ուղղակի հղմամբ, բ) իր տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների ճանաչումը, գ) նույնի ուղղակի ակնարկն Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանը ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարաբերություններում է դա ճանաչում, դ) պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծումն է, որով տարիներ շարունակ կասեցվելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, զրոյացվելու է Սփյուռքի' անցյալի ու ապագայի ջանքերը, ե) հարված է հասցվելու Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Սփյուռքի կողմից Հայաստանին ցուցաբերվող քաղաքական, ֆինանսական եւ այլ կարգի աջակցությանը, ինչպես նաեւ' զ) պատկերանող վատագույն եւ ամենահավանական դիպաշարերից է դառնում Ցեղասպանության անառարկելի փաստի վիճարկումը, այդ ողբերգության համար պատասխանատվության բեռն ու պատճառը նաեւ հայերի վրա դնելը' ինչպես վերջին տարիներին թուրքական պետական, քաղաքական ու գիտական շրջանակներն են քարոզում միջազգային հարթության վրա, է) Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեցող ներքին ահաբեկչության, անջատողականության դեմ Հայաստանի համատեղ պայքարը: Իսկ Ադրբեջանին նվիրաբերվում  են այնպիսի ընծաներ, ինչպես'  ը) Հայաստանին դրդելն է անուղղակի ճանաչել միջազգային այն պարտավորությունները, որոնք ամրագրված են ոչ հայանպաստ մի շարք բանաձեւերում, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, ԵԱՀԿ Լիսաբոնյան ու այլ գագաթաժողովների, ԵԽԽՎ բանաձեւերում ադրբեջանանպաստ պարտավորություններն են: Բազմիցս հղումներն ենք արել այդպիսի զարգացումների համար հիմք ստեղծող դրույթներին:

 

Եւ այս ամենի կողքին խնդրում եմ մատնանշել այն դրույթները, որոնք նույն կերպ ճանապարհ են հարթում դեպի Թուրքիայի հետ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շուրջ ընդհանուր դիրքորոշում ձեւավորելը, կամ ինչու՞ Թուրքիայի համար կարեւոր ահաբեկչության հիշատակման կողքին հիշատակված չէ Ցեղասպանության կանխումը: Որտե՞ղ են այն դրույթները, որոնք երաշխավորելու են մեզ փոխել թուրքական պետության քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որի նշանները այս տարիներին չենք տեսել' բացի շարունակվող շրջափակումը, հոխորտանքները: Ինչու պետք է դատապարտենք ամեն մի անջատողականություն' չնայելով դրանց պատճառների օրինականությանը կամ անօրինականությանը, ինչպես ակնարկվում է արձանագրությունում: Դա՞ է լինելու մեր պաշտոնական լեզուն նաեւ Արցախի հարցում: Սա' մեր շահերի մասով: Իսկ ո՞ր դրույթում է արտացոլված ԱՄՆ նախագահ Օբամայի քաղաքականությունը հայկական հարցում: Որտե՞ղ են արտացոլված այս գործընթացը ողջունող եւ նախկինում Ցեղասպանությունը պաշտոնապես ընդունած 20-ից ավելի պետությունների' Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ այլոց դիրքորոշումները:

Այո, այս արձանագրությունները տարբեր կերպ մեկնաբանելի արձանագրություններ են: Եթե Սերժ Սարգսյանը այն նմանեցնում է գեղարվեստական գործի մեկնաբանությունների հետ եւ վտանգ չի տեսնում այդ մեկնաբանություններում, ապա մենք տեսնում ենք: Մենք գիտենք, թե մեր ներկայիս աշխարհում այդ մեկնաբանությունները ում կողմն են թեքվում: Իսկ սրա համար Սերժ Սարգսյանը պետք է կողք կողքի դնի Հայաստանի եւ Թուրքիայի ցուցանիշները բոլոր ոլորտներում' տնտեսականից մինչեւ քաղաքական, պետականության գիտակցումից մինչեւ քաղաքական կարեւորությունն աշխարհի համար: Իսկ եթե դրա օրինակ է պետք, ապա թող լավ ուսումնասիրեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի պատմությունը: Այն պահից, երբ աշխարհի ու հզոր պետությունների համար սկսեց աճել Ադրբեջանի կարեւորությունը, միջազգային փաստաթղթերի, հավասարազոր սկզբունքների մեկնաբանությունները թեքվեցին Ադրբեջանի ու տարածքային ամբողջականության կողմը: Ահա եւ օրինակ: Այս ամենից հետո այլեւս իմաստ չունի քննարկել Սերժ Սարգսյանի այն տարակուսանքը, թե' եթե թուրքերը մեկնաբանելու են, մենք էլ ենք մեկնաբանելու: Այդ դեպքում ասացեք խնդրեմ' այս արձանագրությունների վավերացումից հետո մեր առաջին քայլը ո՞րն է լինելու. այն, որ դիմե՞նք միջազգային հանրությանը, թե թուրքերը կարդում ու ճիշտ չեն հասկանում, խռովելու ու ե՞տ ենք կանգնելու, իսկ վատնված ժամանա՞կը, Սփյուռքի կորցրած փողե՞րը, վատնած ջանքե՞րը... Այսքանից հետո էլ հայտարարում ենք, թե նրանք' սփյուռքահայերը, կարող են իրենց գործը շարունակե՞լ: Սերժ Սարգսյանը խոսում է տեքստերի' փոխզիջման արդյունք լինելու մասին: Ո՞րն է փոխզիջումը' «Ցեղասպանություն եղել է» հայկական դիրքորոշման եւ «Ցեղասպանություն չի եղել» թուրքական մերժողականության միջեւ: Ո՞րն է Թուրքիա-Հայաստան ներկայիս ղարսյան դե-ֆակտո սահմանի եւ վիլսոնյան դե-յուրե սահմանի միջեւ փոխզիջումը: Ո՞րն է  փոխհատուցման, հայրենիքի հանդեպ մեր տիտղոսի ու իրավունքի եւ Հայաստանին ծնկի բերելու' թուրքական նպատակի միջեւ փոխզիջումը: Ո՞րն է փոխզիջումը' ՍՏԻ և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ միջև:                    

Ամիսներ առաջ իշխանությունները հպարտանում էին, թե մեկ տասնամյակից ավելի շրջափակման մեջ պահելու ու հայերին իրենց իրավունքներից հրաժարեցնելու թուրք-ադրբեջանական հայեցակարգը ձախողվել է, եւ ահա' Թուրքիան, դա գիտակցելով, գնում է հարաբերությունների կարգավորման: Ոչ, հարգելիներս, այս արձանագրությունները պետք է ապացուցեին, որ թուրք-ադրբեջանական հայեցակարգերը արդարացված են. այլապես նման ստորացուցիչ պայմաններում հարաբերությունների հաստատման առաջարկը չէինք ընդունի ու գովաբանի, չէինք կրկնի, թե նախապայմաններ չկան: Չկան նախապայմաններ, այլեւս կան պայմաններ եւ Հայաստանի, հայ ժողովրդի օրինավոր պահանջներն ու իրավունքները կասկածի տակ դնելու հեռանկար:     

Այսպիսով, այս արձանագրությունները հաստատելու են գալիս, որ Հայաստանը վեր է ածվել քաղաքականության օբյեկտի: Իհարկե, ոմանք շարունակում են պնդել, թե մենք սուբյեկտ ենք, այն էլ' համաշխարհային գործընթացներում: Բայց փաստը մեկն է. բոլորի շահերն այնտեղ կան, բացի' հայկական շահերը: Եւ «Ժառանգությունը» պահանջում է, որ այս կարեւորագույն քաղաքական որոշման ընդունման ժամանակ հանրաքվեով իր դիրքորոշումը հայտնի Հայաստանի ժողովուրդը, եւ ոչ թե լոկ' քաղաքական գուսաններն ու սպեկուլյանտները, խոսքի հայրենասերները: Պահանջում ենք, որ Սփյուռքի հավաքական կարծիքը արտացոլված լինի Հայաստանի վերջնական որոշման մեջ: Իսկ բոլորիս դիրքորոշումը մեկն է' «ՈՉ» թուրքական նախապայմաններին, «ՈՉ» այս արձանագրություններին, քանի դեռ դրանցից չեն հանվել հայկական շահերը վտանգող դրույթները: Տեղյակ եք, որ «Ժառանգությունը» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցություններն արդեն իսկ հանդես են եկել մի համատեղ հայտարարությամբ, որը քիչ անց կներկայացնի տիկին Լարիսա Ալավերդյանը: Առաջիկայում կլինի նաեւ այդպիսի մեկ այլ հայտարարություն, որի պահանջը մեկն է' հիմնարար փոփոխությունների ենթարկել արձանագրությունները' դրանք հիրավի բերելով «առանց նախապայմանների» տեսքի: Կլինեն նաեւ «Ժառանգություն»-ՀՅԴ համատեղ օրենսդրական նախաձեռնություններ' խորհրդարանի պաշտոնական դիրքորոշման հստակեցմանն ուղղված: «Ժառանգությունը» բոլոր շահագրգիռ ուժերի հետ միասին նախաձեռնելու է հնարավոր ամեն ինչ' կանխելու այս տեսքով այս արձանագրությունների' կյանքի իրավունք ստանալը: Այս նպատակի շուրջ քաղաքական-հասարակական միասնականացումը միայն ողջունելի է եւ հզորացնելու է մեր բոլորիս շարժումը:

Ոչ միայն մեր համար է դժվար այս արձանագրություններն անվրդով կարդալը, այլեւ հատկապես այն մարդկանց, ովքեր կանգնած են այս պետության ակունքներում, այն մարդկանց համար, ովքեր տասնամյակներ շարունակ հույսեր են փայփայել, որ Հայոց նորանկախ պետությունը, պատեհ պահին եւ միջազգային իրավունքին համահունչ, կիրականացնի հայ ժողովրդի հավաքական ու անհատական ոտնահարված իրավունքը: Հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնք սպասել են այս օրերին, որ թեկուզ կյանքի մայրամուտին լսեն Ցեղասպանության, Հայրենազրկման ու Հայրենասպանության արդյունքում իրենց «բաժին հասած» իրավունքների իրացման կամ դրա նախաշեմի մասին: Հիասթափությունը համատարած է' Սփյուռքում, Հայաստանում, Արցախում: Ոչ ոք չէր սպասում Հայաստանի' այսպես ծնկի գալը: Բոլորն իրենց դավաճանված են զգում սեփական պետության ու Հայրենիքի կողմից: Այդ հոգեվիճակներն ապրեց նաեւ մեր կուսակցության առաջնորդը, ով նախ հայտարարեց, որ հրաժարվում է այլես մաս կազմել այս մեղսակից պետական ինստիտուտներն ու որոշումներն, ապա Սփյուռքի ու Հայաստանի բազմաթիվ հայրենակիցների հորդորով, որոնց մի մասի փոխանցողն էլ ես եմ եղել, վերստին հայտարարեց նաեւ այս սահմանափակ հրապարակում պայքարելու հրամայականի մասին: Մենք հասկանում ենք, որ իշխող ուժի համար խորթ են □ազգովի խնդրելու□ իրողությունները: Մենք հասկանում ենք նաեւ մեր ուժի նկատմամբ անբարեհաճ տրամադրված մարդկանց եւ գործիչների խանդի պատճառները: Եւ եթե մանր անձնական ու խմբակային շահեր հետապնդելու գործելաոճն իսկապես մանկապարտեզ է հիշեցնում մեզ, ապա ԱԺ Կանոնակարգ օրենքն ու նրա վերապահած իրավունքները, հայ ժողովրդի շահերի ու իրավունքների համար պայքարելու, պետական մարմիններում հարցերը քննարկելու մղումները ծաղրելու, մանկապարտեզ համարելու համոզմունքը, կխնդրեինք ՀՀԿ խոսնակին եւ մյուսներին պահել իրենց ներսում:

Ու թող իշխանությունը չզարմանա, երբ փողոցի, հրապարակների քննարկումներն ու օրակարգերը պետական մարմիններ տեղափոխելու «Ժառանգության» հերթական առաջարկների ու ջանքերի մերժման արդյունքում գործընթացները կրկին տեղափոխվեն փողոց: Այդպես եղավ 2008 մարտի 1-ից առաջ: «Ժառանգությունը» իր գործունեության ընթացքում ամեն ինչ արեց և անում է' փողոցի, Ազատության հրապարակի, Մատենադարանի հարթակի օրակարգերը բերելու պետական ինստիտուտներ եւ, ինչպես վայել է պետությանը, այնտեղ քննարկել դրանք: Ոչ միայն նախկինում, այլեւ այսօր իշխանությունը մերժում է դրանք: Եւ հետո' իշխանությունները զարմանում են, թե ինչո՞ւ են քաղաքական գործընթացները փողոցում տեղի ունենում, ինչո՞ւ են բոլոր կարեւոր որոշումներն ընդունվում հրապարակներում ու փողոցներում, ինչո՞ւ է պետությունից իրեն դավաճանված զգացած քաղաքացին արժանահավատ համարում ոչ թե հեռուստատեսությունից, այլ հանրահավաքներից լսած տեղեկատվությունը, ընտրությունների արդյունքների մասին գնահատականը, ինչո՞ւ են քաղաքական ուժերը իշխանության դատավճիռն արձակում այնտեղ, իշխանությունն էլ ընդդիմության ու ըմբոստ քաղաքացիների սարսափազդու դատավճիռն իրականացնում կրկին այնտեղ:

Այս խորագրի վերջին նյութերը