Հարցազրույց

15.01.2015 13:04


Վարդան Բոստանջյան. «Փաստն է այդպիսին, որ մենք կոլապսային վիճակում ենք»

Վարդան Բոստանջյան. «Փաստն է այդպիսին, որ մենք կոլապսային վիճակում ենք»

Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը ֆինանսական շուկայում, և ինչպիսի՞ քայլեր պետք է արվեն դրամը կայունացնելու ուղղությամբ։

–Բոլոր դեպքերում, ֆինանսական շուկայում վիճակը հարմար չի։ Բնականաբար, բոլոր այն սուբյեկտները՝ կլինեն իրավաբանական թե ֆիզիկական անձինք, եթե ունեն հասույթ դրամական կտրվածքով, բնականաբար, գտնվում են այս վայրիվերումների և ոչ ցանկալի իրավիճակում։ Այս վիճակը շտկելու կամ այս վիճակին որոշակի միջամտություն անելու համար պետք է իշխանությունները դիմեն համապատասխան քայլերի։ Օրինակ՝ որոշ ապրանքատեսակների դեպքում, որոնք առաջին անհրաժեշտության են, պետք է ստեղծեն գների կայունության ռեժիմ։ Մեր երկրում 940 հազար մարդ, փաստորեն, աղքատ է, որը բավականաչափ մեծ թիվ է, եթե հաշվի առնենք նաև արտագաղթածներին, նաև՝ այն զանգվածը, որը ՀՀ–ից դուրս չի գրվել, բայց գտնվում է դրսում, այսօր ՀՀ–ում, ես մտածում եմ, գտնվում է 1.5-1.7 մլն մարդ։ Այդքանից 940 հազարը աղքատ է. այդ աղքատ զանգվածի համար գոնե իշխանությունները պետք է այնպես անեն, որ դժվարությունները հնարավորինս մեղմեն, իսկ նման քայլեր ես չեմ նկատում, ինչը պայմանավորված է ֆինանսական շուկայի խոցելիությամբ։

–Խոսեցիք արժույթի վայրիվերումներից. տվյալ պարագայում 2015թ. պետական բյուջեն վերանայման կարիք չունի՞։

–Իհա՛րկե։ Տեսեք, եթե բյուջեն հաշվել են, ասենք թե, մեկ դոլարը 410-ի շրջանակներում, և հիմա պարզվում է, որ մենք գտնվում ենք սարսափելի դիսոնանսի մեջ, այս պարագայում նշանակում է, որ բյուջեով նախատեսված, բազմաթիվ նախագծեր ու ծրագրեր, ըստ էության, պետք է չկատարվեն։ Առանց այդ էլ բյուջեն մի ընդգծված բյուջե չէր, երբ ՀՀ Ազգային ժողովի վեց քաղաքական ուժերից հինգը դեմ կանգնեց դրան. ի՞նչ բյուջեի մասին է խոսքը։ Բնականաբար, այդ բյուջեն ենթարկվել է ֆինանսական շուկայի վայրիվերումներին, այսինքն՝ դոլարի կուրսի մեծ տարբերությանը, և այն խնդիրները, որոնք նախատեսված էին 2015թ. համար, գտնվում են ռիսկային գոտում։

–Այդ կապակցությամբ համամի՞տ եք այն տեսակետին՝ եթե իշխանությունները շարունակեն իրենց որդեգրած տնտեսական քաղաքականությունը, ապա արդյունքում կունենանք կոլապսային իրավիճակ տնտեսության մեջ։

–Իհա՛րկե. մենք այդ կապակցությամբ բազմակի անգամ շեշտադրում արել ենք։ Որևէ մեկը թող չմտածի, որ մենք հակված ենք բացառապես բացասական բաներ ասելու երկրի վերաբերյալ։ Ո՛չ. փաստն է այդպիսին, որ մենք կոլապսային վիճակում ենք։ Դրա շարունակության դեպքում ես չեմ պատկերացնում՝ հետևանքներն ինչ են լինելու։

–Կարո՞ղ ենք փաստել, որ օբյեկտիվորեն մոտ ապագայում տնտեսության մեջ դրական տեղաշարժ չարժե ակնկալել։

–Դե իհա՛րկե. առանց մտածված, առանց հավասարակշռված, առանց արդյունավետ քայլերի ու քաղաքականության՝ ինչպե՞ս եք ուզում լավ բաներ։ Այդպիսի բան չի լինում։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը