Փաստաբան. «ՀՀ դատախազության հիմնավորումն իրավական աբսուրդ է»
Հարցազրույց փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ
–Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի հետ կապված՝ ձեզ համար ի՞նչ մութ կետեր կան։
–Եթե խոսքը բուն հանցագործության և դրա հանգամանքների մասին է, ապա ի սկզբանե այն վարկածն առաջ քաշվեց, որ սպանությունը կատարել է ռուսական բազայի կոնկրետ զինծառայող Պերմյակովը, դա հայտարարելու համար հիմք է հանդիսացել հանցագործության վայրում հայտնաբերված ինքնաձիգը և համազգեստից ինչ–որ մի մասը, որի վրա նշված է եղել նրա ազգանունը։ Իհարկե, որպես առաջնային վարկած՝ կարելի էր նման բան հայտարարել, բայց հետագա քննությունը պետք է պարզի, և որևէ դեպքում չպետք է բացառել, որ սպանությունը կատարվել է ոչ մեկ անձի կողմից։ Փորձաքննություններ պետք է նշանակվեն առաջին հերթին պարզելու՝ ընտանիքի անդամները բոլորը նույն հրազենի՞ց են սպանվել, թե՞ տարբեր հրազեններից է կրակոց արձակվել և այլն։
–Իսկ մոտիվացիան ձեզ արժանահավա՞տ է թվում, որ դասալիք ռուս զինվորը գիշերով դուրս էր եկել Գյումրիում զբոսնելու, պատահական մտել է Ավետիսյանների տուն՝ ջուր խմելու նպատակով, իսկ հետո սպանել է ընտանիքի անդամներին։
–Սա ևս պետք է քննությամբ պարզվի։ Միգուցե այդ Պերմյակովը թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ է եղել, և այդ դեպքում որևէ մոտիվ առանձնապես չի էլ պահանջվում։
–Սակայն այս պահին թերևս ամենակարևոր հարցն է՝ ո՞ր պետության իրավապահ մարմինները պետք է քննեն գործը։
–Մի քանի հանցանք է տեղի ունեցել, և մենք պետք է դրանք տարանջատենք։ Առաջինը՝ տվյալ ռուս զինծառայողը ծառայության վայրն ինքնակամ լքել է՝ ինքնաձիգով։ Սա պետք է բուն սպանության հանցագործությունից տարանջատենք, և դա, միանշանակ, ռուսական համապատասխան ծառայությունների քննությանը ենթակա գործ է։
–Բայց սպանությունը կատարվել է Հայաստանի՛ տարածքում, հետևաբար հայաստանյան իրավապահ մարմիննե՞րը չպետք է սպանության գործը քննեն։
–Այո՛, սպանությունը կատարվել է ՀՀ տարածքում, սպանությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման տարածքից դուրս, հետևապես այստեղ երկու կարծիք լինել չի կարող. դա միանշանակ Հայաստանի իրավապահ մարմինների քննությանը ենթակա գործ է։
–Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել ՀՀ դատախազության հայտարարությունը, որ Պերմյակովը չի հանձնվի ՀՀ իրավապահներին, քանի որ Ռուսաստանի Սահմանադրությամբ նման նորմ չկա սահմանված։
–Իրավաբանորեն խիստ անգրագետ պատճառաբանություն է, երբ ՀՀ դատախազությունը վկայակոչում է ՌԴ սահմանադրության համապատասխան հոդվածը, որ Ռուսաստանի քաղաքացիներին այլ պետությունների հանձնելն արգելվում է։ Նմանատիպ նորմ շատ երկրների, այդ թվում նաև՝ ՀՀ սահմանադրությամբ է նախատեսված, բայց ի՞նչ կապ ունի այդ վկայակոչվող նորմը տվյալ իրավիճակի հետ՝ լիովին անհասկանալի է։ Ի՞նչ է ուզում ՀՀ դատախազությունն, այդ նորմը վկայակոչելով, ասել... արդյոք ա՞յն, որ ՌԴ սահմանադրությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության վրա, և գործում է նաև ՀՀ տարածքում։ Քրեական դատավարության մեջ ընդհանուր նորմ է՝ բոլոր երկրների Քրեական դատավարության օրենսգրքերը դա նախատեսում են, որ հանցագործությունը քննվում է հանցագործության կատարման տարածքի իրավապահ մարմինների կողմից։ Այսինքն, եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ նրանից՝ հանցանք կատարողն ով է, ինչ երկրի քաղաքացի է և այլն, հանցագործությունը պետք է քննվի ՀՀ իրավապահ մարմինների կողմից՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։
–Ռուս սահմանապահներն իրավունք ունեի՞ն Պերմյակովին բռնելուց հետո տանել իրենց ռազմաբազա, և մինչև հիմա էլ այնտեղ են պահում, թե՞ պարտավոր էին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։
–Ո՛չ, իրավունք չունեին։ Ի դեպ, միանշանակ հավաստի ինֆորմացիա չեմ համարում, որ Պերմյակովին հենց հայ–թուրքական սահմանի մոտ են հայտնաբերել ու ձերբակալել։ Ոչինչ բացառել պետք չէ, և չեմ բացառում, որ այլ վայրում են հայտնաբերել. ուղղակի, որպեսզի ինչ–որ կերպ պատճառաբանեն, որ նրան ձերբակալել են ռուսները, ասում են՝ սահմանի վրա է նա հայտնաբերվել, որպեսզի այդ ձևով բացատրեն, թե ինչպես է նա ռուսների ձեռքում հայտնվել։ Բայց, իհարկե, ռուսները պետք է անմիջապես հանձնեին հայ իրավապահներին, ինչը չի արվել։
–Բացի Պերմյակովից՝ այլ պաշտոնատար անձինք, օրինակ՝ ռուս հրամանատարները և այլք, մեղավորության բաժին չունե՞ն, և չպե՞տք է նույնպես պատասխանատվության ենթարկվեն։
–Միայն այն փաստը, որ ռուս զինվորը ինքնաձիգով լքել է ռազմական բազայի տեղակայման վայրը, արդեն պատասխանատվություն առաջացնող փաստ է։ Բայց դա ռուս իրավապահ մարմինների քննությանը ենթակա հարց է։ Պետք է քննություն կատարեն, պարզեն այն անձանց շրջանակը, ովքեր իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ինչի հետևանքով հնարավոր է դարձել, որ զինծառայողը զենքով դասալքություն կատարի։ Այստեղ միայն հանցանքը կատարած անձով պատասխանատուների շրջանակը չի սահմանափակվում։
–Այն, որ հայկական կողմը չի պահանջում Պերմյակովին իրեն հանձնել, և գործը ինքը քննի, վկայում է, ինչպես դուք ձևակերպեցիք, իրավաբանորեն խիստ անգրագիտությա՞ն մասին, թե՞ հարցն արդեն լրիվ քաղաքական հարթության մեջ է։
–Դա, իհարկե, քաղաքական որոշման արդյունք է, պարզապես իրավական հիմնավորումը, որ ՀՀ դատախազությունը փորձել է տալ, իրավական աբսուրդ է, լիովին անհեթեթություն։ Ավելի լավ է՝ ոչինչ չասեին, քան Ռուսաստանի Սահմանադրության հոդված վկայակոչեին։ Պարզ է, որ քաղաքական որոշում է կայացվել, և քաղաքական որոշման արդյունքում է ՀՀ դատախազությունը նման հայտարարությամբ հանդես եկել։ Բայց ասեմ՝ դատախազությունը չի կատարում իր գործառույթը, սակայն պետք է հաշվի առնենք, որ դատախազությունն ընդամենը իշխանություն իրականացնող մարմին է, իսկ իշխանությունը պատկանում է ՀՀ ժողովրդին՝ ՀՀ սահմանադրության 2–րդ հոդվածի համաձայն։ Այսինքն, ամեն դեպքում, հանրությունը կարող է այդ հարցը բարձրացնել և դատախազությունից պահանջել, որպեսզի վերջինը կատարի ժողովրդի կողմից իրեն պատվիրակված լիազորությունները, այլ ոչ թե դուրս գա այդ լիազորությունների շրջանակից։ Հասկանանք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ դատախազությունն ընդամենը իշխանություն իրականացնող մարմին է, և ժողովո՛ւրդն է նրան պատվիրակել գործառությունների, պարտականությունների, լիազորությունների որոշակի շրջանակ, որից դուրս գալ դատախազությունը պարզապես իրավասու չէ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը