Մեկնաբանություն

14.01.2015 13:11


Ինչքա՞ն պետք է սա շարունակվի

Ինչքա՞ն պետք է սա շարունակվի

Գյումրիում կատարված մի ամբողջ ընտանիքի անմարդկային սպանության վերաբերյալ համացանցում արվող մեկնաբանություններում հիշատակվեց նաև Պոդոլսկում հայաստանցի «ԿամԱԶ»–ի վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ 18 մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարը։

Զուգահեռները, մեղմ ասած, անհամադրելի են։

Հարությունյանի դեպքում տեղի էր ունեցել ողբերգական ելքով դժբախտ պատահար։ Գյումրիում տեղի ունեցածը ուղեղի մեջ չտեղավորվող սպանդ է՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կատարմամբ։

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, որում, մասնավորապես ասված է. «Վալերի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար, Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում՝ նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության»։

Եթե անդրադառնում ենք Հրաչյա Հարությունյանի դեպքին, ապա բացառապես հետևյալ մասով՝ ի՞նչ արեցին Հայաստանի իշխանությունները Ռուսաստանում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հարությունյանին հայրենիք տեղափոխելու համար։ Ոչինչ։ Օմբուդսմենը թռավ Մոսկվա, դատապաշտան վարձեցին, հայտարարվեց, թե հայկական կողմը հետևում է դատավարության ընթացքին ... և վերջ։

Հրաչյա Հարությունյանը շարունակում է կրել պատիժը Ռուսաստանում։ Փոխարենը՝ զինվորական եղեռնագործը պաշտպանված է իր երկրի օրենսդրությամբ։ Տվյալ պարագայում ավելորդ են մեկնաբանությունները։

Հայաստանի գործող իշխանությունը ոչնչի տեր չի, բացի տոկոսներ խփելուց։ Իսկ ահա Հայաստանի քաղաքացիները պաշտպանված չեն ներսում և դրսում։ Ինչքա՞ն պետք է սա շարունակվի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը